Հրճվելու փոխարեն՝ մտածեք

Երեք եռամսյակի արդյունքներով, միջինացված տնտեսական աճը Հայաստանում կազմել է 12,1 տոկոս. առաջին եռամսյակում արձանագրվել է՝ 8,69, երկրորդում՝ 13,3, և երրորդում՝ 14,84 տոկոս տնտեսական աճ։

Խոսքը տնտեսական աճի և ոչ թե՝ տնտեսական ակտիվության աճի մասին է։

Այս ցուցանիշները դիտարկելիս, տպավորություն է ստեղծվում, թե մեր տնտեսությունը գտնվում է ծաղկման ու բումի շրջանում, ինչպես հաճախ հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց, երբ բացում ենք տնտեսական աճի կառուցվածքը, ամբողջությամբ երևում է այդ աճի իրական պատկերն ու թշվառությունը։

Տնտեսական աճին ամենաշատը նպաստել են այն ոլորտները, որոնք քիչ կապ ունեն տնտեսության բուն զարգացումների հետ։ Դրանք մեծապես ազդում են ՀՆԱ աճի ցուցանիշների վրա, բայց հավելյալ արդյունք քիչ են ստեղծում։ Դա է պատճառը, որ քաղաքացիների մեծ մասը գրեթե չի զգում տնտեսության աճի ազդեցությունն իր եկամուտների վրա։

Պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալները վկայում են, որ տարեսկզբի առաջին երեք եռամսյակներին տնտեսական աճին ամենաշատը նպաստել են առևտուրն ու ծառայությունները։ Առաջին եռամսյակում արձանագրված 8,69 տոկոս տնտեսական աճից առևտրի ու ծառայությունների բաժինը կազմել էր 6,36 տոկոսային կետ, երկրորդ եռամսյակի 13,3 տոկոս աճից՝ 11,46 տոկոսային կետ, և երրորդ եռամսյակի 14,84 տոկոս տնտեսական աճից՝ 9,66 տոկոսային կետ։ Ընդհանուր առմամբ երեք եռամսյակներում գրանցվել է 12,1 տոկոս համախառն աճ, որից 9,1 տոկոսային կետը եղել է առևտրի ու ծառայությունների բաժինը։

Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված առևտրի ու ծառայությունների այսպիսի ակտիվությունը, հայտնի փաստ է. այն կապված է ոչ թե մեր տնտեսության զարգացումների, հասարակության եկամուտների ավելացման ու գնողունակության բարձրացման, այլ գերազանցապես դրսից եկող ֆինանսական ու մարդկային հոսքերի հետ, որոնք բարձր պահանջարկ են ձևավորել՝ ինչպես առևտրի, այնպես էլ՝ ծառայությունների ոլորտներում։

Մյուս կողմից՝ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ռուսական շուկայում առաջացած դեֆիցիտը նպաստավոր միջավայր է ստեղծել այլ երկրներից տարբեր տեսակի ապրանքներ Հայաստան ներմուծելու, այնուհետև Ռուսաստան արտահանելու համար։ Մի բան, ինչը մեծապես երևում է հատկապես արտաքին առևտրի ցուցանիշներում։

Ունենք ներմուծումների ու արտահանումների այնպիսի աճեր, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում մեր տնտեսության իրական զարգացումների տրամաբանության մեջ, բայց մեծ ազդեցություն են թողնում տնտեսական աճի ցուցանիշների վրա։

Դրան նպաստել է նաև արձանագրվող բարձր գնաճը։

Առևտուրն ու ծառայությունները նախկինում էլ եղել են մեր տնտեսության աճին նպաստող հիմնական ոլորտները, բայց այս տարի բոլոր ռեկորդները հաղթահարվել են։

Տնտեսության մյուս բոլոր ոլորտների մասնակցությունը տնտեսական աճին եղել է ընդամենը 3 տոկոսային կետի չափով։ Առաջին երկու եռամսյակներում պատկերը նույնիսկ ավելի վատ էր, երրորդում՝ մի փոքր բարելավվել է։ Բայց դրանով հանդերձ, տնտեսության իրական հատվածի մասնակցությունը ՀՆԱ-ի ձևավորման մեջ շարունակում է շատ ցածր լինել։

Արդյունաբերության նպաստումը տարեսկզբի 9 ամիսների 12,1 տոկոս համախառն աճին կազմել է ընդամենը 1 տոկոսային կետ։ Եվ սա այն դեպքում, երբ տնտեսության հետագա զարգացումների ու ամրապնդման համար կարևոր է ոչ թե առևտրի ու ծառայությունների, այլ տնտեսության իրական հատվածի դերը։ Այնինչ՝ իրական հատվածի մասնակցությունը տնտեսության աճի ձևավորման գործում ահա այսպիսին է. առաջին եռամսյակում՝ 0,38, երկրորդում՝ 0,60, և երրորդում՝ 2,13 տոկոսային կետ։ Դեռ լավ է, որ գոնե երրորդում որոշ բարելավում նկատվել է։

Եթե արդյունաբերության նպաստումը տնտեսական աճին, թեկուզ փոքր, բայց որոշ չափով եղել է, գյուղատնտեսության դեպքում դա էլ չկա։ Այս անգամ էլ գյուղատնտեսության ազդեցությունը տնտեսական աճի վրա բացասական է։

Եվ սա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ տնտեսության այս կարևոր հատվածը տարիներ շարունակ անկումային է, չնայած այս ընթացքում կառավարությունը հսկայական գումարներ է ծախսել գյուղատնտեսությունը զարգացնելու համար։ Գումարները ծախսել են, իսկ արդյունքներն այսպիսին են։ Դրանք վկայում են, որ ծախսված միջոցները չեն ծառայել իրենց նպատակին։

Ոչ միայն նախատեսված ծրագրերն են ձախողել, ցանկալի արդյունք չի ստացվել, այլև գյուղացիական տնտեսություններին դրել են այնպիսի ծանր վարկային բեռի տակ, որ դրանից անհնարին է լինելու դուրս գալ առանց կորուստների։

Հիմա էլ իրենց ձախողումներն արդարացնելու համար գյուղատնտեսության անկումը փորձում են կապել հաշվառման թերությունների հետ։

Ուզում են «գյուղատնտեսության մարդահամար» իրականացնել, որպեսզի ծածկեն իրենց ձախողումները։ Բայց մոռանում են, որ հաշվառման այն թերությունները, որոնք, եթե նույնիսկ կան գյուղատնտեսության մեջ, ո՛չ երեկ են առաջացել, և ո՛չ էլ մյուս օրը։ Դրանք նախկինում էլ կային, ու այդ պայմաններում՝ գուցե ոչ միշտ, բայց նաև աճեր էին գրանցվում։ Եվ ոչ թե վերջին տարիների նման, երբ միայն անկում ենք ունենում։ 2018թ. մինչև հիմա գյուղատնտեսությունը երբևէ աճ չի արձանագրել, անընդմեջ անկումային է։

Զարմանալի չէ, որ ոլորտի մասնակցությունը տնտեսական աճին, ինչպես նախորդ մի քանի տարիներին, այնպես էլ այս տարի բացառապես բացասական է եղել։

Տարեսկզբի 9 ամիսների տնտեսական աճին 1 տոկոսային կետից ցածր նպաստում է ունեցել շինարարությունը։

Շինարարության բաժինը կազմել է ընդամենը 0,95 տոկոսային կետ. առաջին եռամսյակում եղել է 03,7, երկրորդում՝ 1,41, և երրորդում՝ 1,34 տոկոսային կետ։

Ակնհայտ է, որ իրական հատվածի դերը տնտեսական աճի գործում շարունակում է շատ փոքր լինել։ Աճը հիմնականում մնացել է առևտրի և ծառայությունների վրա։ Այդպիսի աճերը, որքան արագ հայտնվում են, նույնքան արագ անհետանում են։ Դրանք հիմնարարներ չեն տնտեսության համար։ Երբ վաղը վերանան այն արտաքին գործոնները, որոնք այս տարի այդքան նպաստեցին առևտրի ու ծառայությունների, նաև տնտեսության բարձր աճերին, շատ արագ պատկերը փոխվելու է։ Այնպես, ինչպես եղավ 2020թ., երբ առևտուրն ու ծառայությունները դարձան տնտեսական անկմանը նպաստող ամենազդեցիկ գործոնները։

Առևտրի և ծառայությունների այս աճերի հետ անիմաստ է լուրջ հույսեր կապելը։ Մեր տնտեսության աճի կառուցվածքը շարունակում է մտահոգիչ լինել։ Երկնիշ աճերով հպարտանալու փոխարեն՝ կառավարությունն ու իշխանության մյուս օղակները լավ կանեն մտածեն այս իրավիճակը շտկելու մասին։ Այլապես՝ անընդհատ բախվելու ենք տնտեսական ցնցումների ու վայրիվերումների հետ, որոնք բոլորովին էլ չեն նպաստում իրական տնտեսության զարգացմանը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս