
Հայր Ռուբենը փաստերով պատասխանել է պատմությունը կեղծող Արայիկ Հարությունյանին

«Դուք կարծում եք Կտրիճ Ներսիսյանն ու իր շրջապատը եզակի են մեր Եկեղեցու պատմության ընթացքում: Ո՛չ: Նրա իրավանախորդներից ոմանք նույնքան խավար են տարածել: Օրինակ, 19-րդ դարում մարդ են վարձել, որ սպանի մեր անվանի գրող Րաֆֆուն:
«Րաֆֆին փորձեց հիմք դնել աղջիկների կրթությանը, իգական դպրոցի բացման բոլոր նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել էին, երբ այդ ծրագիրը ևս տապալեցին հոգևորականները: Նրանք, քաղաքի գլխավոր քահանա տեր Հովսեփի գլխավորությամբ, շրջում են տնից տուն՝ համոզելով մարդկանց իրենց աղջիկներին կրթության չուղարկել, որ «Իգական դպրոցն անբարոյականացնող հիմնարկ է, և աղջիկներին անհարմար է բաց երեսով դպրոց գնալ, մանավանդ՝ տղամարդկանցից դաս առնել» (3): Րաֆֆու հանդեպ սարսափելի հալածանքներ են սկսվում: Հոգևորականները կաշառում են ավազակապետ Քարամին՝ պատվիրելով սպանել Րաֆֆուն…»,- երեկ այս գրառմամբ էր երբեմնի ԿԳՄՍ նախարար, ներկայումս Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, Կաթողիկոսի դեմ արշավի համակարգող նշանակված Արայիկ Հարությունյանը փորձել հերթական անգամ «վարկաբեկել» Եկեղեցուն ու ողջ հոգևոր դասին:
Այս իշխանության ներկայացուցիչներն իրենք են արդեն անթաքույց կերպով հայտարարում՝ իրենց պայքարը ոչ թե անձի, այլ ողջ հոգևոր դասի, Հայ Առաքելական եկեղեցու ու առհասարակ քրիստոնեության դեմ է:
Հիմա էլ փորձում են պատմությանը հղում անելով՝ հոգևորականներին Րաֆֆու սպանության պատվիրատու դարձնել:
Բայց կրթության երբեմնի պատասխանատուն ալարել է մի երկու բան ճշտի ու նոր երկնի իր «հանճարեղ» մտքերը: Իսկ ձեռագրերը, ինչպես ասում են, չեն այրվում, իսկ թվերը խոսուն են:
Արայիկ Հարությունյանի՝ ատելությունից ու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ տածած բուռն սիրուց ու հնազանդությունից մտացրիվ ուղեղին ճշմարտությունը հասու դարձնելու անշնորհակալ գործն այսօր հանձն է առել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ կարճ-կոնկրետ ու փաստերով:
«Պատմությունը կեղծողներին և Հայ եկեղեցու վաստակն ուրացողներին ի պատասխան փաստերով
Շուշիի Մարիամ-Դուկասյան օրիորդաց դպրոցը (1864թ.), Երևանի Գայանյան օրիորդաց դպրոցը (1866թ.), Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1866թ.), Նոր Բայազետի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1867թ.), Ախալցխայի Եղիսաբեթյան իգական դպրոցը (1870թ.), Վանի Սանդուխայան-Մայրամյան վարժարանը (1870թ.), Ալեքսանդրապոլի Արղության հայ օրիորդաց դպրոցը (1871թ.), Վաղարշապատի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1872 թ.), Այնթապի Հայկանուշյան վարժարանը (1878թ.), Կոստանդնուպոլսի դպրոցասեր տիկնանց վարժարանը (1879թ.), Նոր Ջուղայի հայոց ազգային երկսեռ դպրոցներ (1880թ.) և այլն։
Սա օրիորդաց դպրոցների գոյության ամբողջական ցանկ չէ»,- գրել է նա:
Հետաքրքիր է՝ Արայիկ Հարությունյանը գոնե հիմա կհասկանա՞, որ դեռևս Օսմանյան կայսրությունում՝ 1871‑ին, Ստամբուլում գործող հայ դպրոցներից արդեն 17-ը երկսեռ են եղել, և «Խենթի» ժամանակներում Րաֆֆիին չէին կարող սպանել օրիորդաց դպրոցներ բացելու ջատագով լինելու համար:
Լավ չի, որ Արայիկ Հարությունյանը մնացել է «Խենթի» տակ, ու վիպական հերոսներին չի տարբերում իրական կյանքից ու դրանում տեղ գտած իրադարձություններից, բայց կույր հավատն ու ստրկամտությունը երբեմն մարդու հետ կարող է չար կատակ խաղալ:
Իսկ եթե ճիշտ են մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, որ եթե Արայիկ Հարությունյանը գլուխ չբերի Վեհափառին հանելու «սուրբ» գործը, ինքը պաշտոնանկ կլինի, ուրեմն Արայիկ Հարությունյանն առաջնորդվում է «ничего личного, просто бизнес» սկզբունքով: