
Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցություններ են անցկացրել 25 տարվա ընթացքում առաջին անգամ

Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերը և Սիրիայի անցումային կառավարության ղեկավար Ասադ աշ-Շեյբանին Փարիզում բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել։ Այս մասին հայտնում է Axios-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությամբ կազմակերպված հանդիպումը Իսրայելի և Սիրիայի միջև ամենաբարձր մակարդակի առաջին պաշտոնական հանդիպումն էր ավելի քան 25 տարվա ընթացքում։
«Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան նախարարները հուլիսի 24-ին չորս ժամ տևողությամբ հանդիպում են անցկացրել Փարիզում՝ նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Թոմ Բարաքի հովանու ներքո, և քննարկել երկրների միջև լարվածության թուլացման հարցը», – X-ում գրառում է կատարել Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։
Հանդիպման մասին հայտնել է նաև Թոմ Բարաքը։
«Ես այսօր երեկոյան Փարիզում հանդիպեցի սիրիացիների և իսրայելցիների հետ։ Մեր նպատակը երկխոսությունն ու լարվածության թուլացումն էր, և մենք հենց դրան էլ հասանք։ Բոլոր կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ շարունակելու այս ջանքերը», – գրել է Թոմ Բարաքը X-ում։
Իսրայելցի պաշտոնյաները նշել են, որ գագաթնաժողովի նպատակն էր համաձայնության հասնել Սիրիայի հարավի անվտանգության առնչությամբ՝ Իսրայելի և Սիրիայի միջև հրադադարը պահպանելու և նախորդ շաբաթվա նման ճգնաժամը կանխելու համար։
Վերջին անգամ նմանատիպ բարձր մակարդակի հանդիպում տեղի էր ունեցել 2000 թվականին, երբ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը Շեփերդսթաունում հյուրընկալել էր Իսրայելի վարչապետ Էհուդ Բարաքին և Սիրիայի արտգործնախարար Ֆարուկ աշ-Շարաային՝ երկրների միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերի շրջանակներում։