Օրգանների փոխպատվաստման մասին

Արդի բժշկության զարգացումը լայն հնարավորություններ է ընձեռել հիվանդների բուժման գործումև շատ հիվանդություններորոնք նախկինում անբուժելի էիններկայումս կարող են կարճ ժամանակում բուժվել զարգացած բժշկական տեխնոլոգիաների և բժիշկների մասնագիտական մեծ կարողությունների շնորհիվԱյդ հիվանդությունների բուժման լուծումներից մեկն օրգանների փոխպատվաստումն էԻնչպիսի՞ն է Հայ Առաքելական Եկեղեցու տեսակետը օրգանների փոխպատվաստման վերաբերյալ:

Օրգանների փոխպատվաստման վերաբերյալ Հայ Առաքելական Եկեղեցու տեսակետը չի կարող արմատապես տարբերվել այլ քրիստոնեական Եկեղեցիների պաշտոնական հայտարարություններից` հիմնված Սուրբ Գրքի, քրիստոնեական վարդապետության սկզբունքների վրա: Սույն խնդրի վերաբերյալ Հայ Առաքելական Եկեղեցին դեռևս պաշտոնական տեսակետ չի արտահայտել, քանի որ Հայ Եկեղեցու սոցիալական հայեցակարգը, որում արձանագրվում և որով հրապարակվում են Եկեղեցու պաշտոնական տեսակետները, դեռ կազմության փուլում է: Այնուամենայնիվ, այդ տեսակետը բանաձևվելու է քրիստոնեության հիմնարար դրույթների նկատառումով, ինչպես որ դա կատարվել է այլ առաքելահաստատ Եկեղեցիների պարագայում:

Օրգանների փոխպատվաստման երևույթը Եկեղեցիները դիտարկում են մեծ վերապահումներով` հիմնվելով հատկապես մարդու աստվածաշնորհ կյանքի գերագույն արժեք լինելու իրողության և այդ կյանքը խնամելու ու պահպանելու կարևորագույն պարտականության վրա: Սա նշանակում է, որ Քրիստոնեական Եկեղեցին միայն բացառիկ պայմաններում է ամբողջապես ընդունելի համարում բժշկության մեջ կիրառվող օրգանների փոխպատվաստման երևույթը:

Օրգանների փոխպատվաստումը հնարավորություն է տալիս փրկել մարդկային կյանքըՈւրեմնո՞րն է բժշկության մեջ միանգամայն առաջատար համարվող այս գործողության նկատմամբ Եկեղեցու վերապահություն ունենալու պատճառը:

Օրգանների փոխպատվաստում կատարելու նպատակով հիվանդ մարդու վնասված օրգանն առողջ օրգանով փոխարինելու համար այն վերցնում են նոր մահացած մարդու դիակից կամ դոնորից` անձից, ով համաձայնություն է տալիս` հրաժարվելու իր օրգանից կամ դրա մի մասից (ինչպես օրինակ` լյարդի փոխպատվաստման դեպքում):

Երկու դեպքում էլ` նոր մահացած մարդուց կամ դոնորից օրգաններ վերցնելիս մտահոգիչ խնդիրներ են առկա: Առաջին լուրջ հարցը մարդու մահվան հաստատումն է բժիշկների կողմից: Արդի բժշկության` մահվան հասկացության սահմանումով տարբերակվում է կլինիկական մահը, որի մեջ գտնվելիս մարդը վերստին կարող է կենդանանալ: Նախկինում սրտի կանգը մահվան ստույգ փաստ էին համարում: Հիմա սրտի աշխատանքի դադարն արձանագրելիս բժիշկներն անմիջապես ջանքեր են գործադրում մարդուն կյանքի բերելու, վերակենդանացնելու նպատակով: Մահացած մարդու օրգանները վերցնելու համար մահից անմիջապես հետո պետք է կատարել համապատասխան բժշկական գործողությունը, այլապես այդ օրգանները փոխպատվաստման պիտանի չեն լինի: Այստեղ խնդիր է առաջանում մահվան ստույգ պահն արձանագրելու առնչությամբ: Անհրաժեշտ է տարբերակել` արդյո՞ք մահը վերջնական է, թե՞ կլինիկական, քանզի եղել են դեպքեր, երբ մահվան արձանագրումից բավականին զգալի ժամանակ հետո մարդը կյանքի է վերադարձել: Սա նշանակում է, որ մահվան արձանագրումը միշտ չէ, որ կարող է ստույգ լինել: Եվ այդ դեպքում ստացվում է, որ դեռ ապրելու հնարավորություն ունեցող մարդը ենթարկվում է սպանության` իր օրգանների օգտագործման համար:

Դոնորի պարագայում մտահոգություն է ի հայտ գալիս որևէ օրգանի հեռացումից հետո նրա առողջության պահպանման վերաբերյալ, որովհետև կենսականորեն կարևոր օրգաններ են հեռացվում, որոնք մարդու առողջության վատթարացման պատճառ կարող են դառնալ: Դոնորից օրգան վերցնելը թույլատրելի է, եթե միանգամայն բժշկական հստակ վստահություն կա, որ նրա առողջությանն ու կյանքին վտանգ չի սպառնում: Մինչդեռ այսպիսի բացարձակ վստահության բացակայության դեպքում հետևյալ խնդիրն է հառնում: Օրգանների փոխպատվաստման նպատակը հիվանդ մարդու կյանքը փրկելն է: Սակայն ինչպես կարիք կա փրկելու հիվանդի կյանքը, այնպես էլ անհրաժեշտ է պահպանել դոնորի առողջությունն ու կյանքը, այլապես կստացվի, որ մի մարդու կյանքը փրկելու համար զոհում են մեկ այլ մարդու կյանքը, ինչն այս պարագայում անընդունելի է:

Այս ամենից զատ` արևմտյան երկրներում մարդիկ հիվանդանոցներում բժշկական հարցաթերթիկներ են լրացնում, որտեղ նշում են իրենց մասին տվյալներ և համաձայնություն արտահայտում` մահից հետո իրենց մարմնի օրգանները փոխպատվաստման համար օգտագործելու: Որևէ հիվանդի համար տվյալ մարդու օրգանի համապատասխանության պարագայում նրա մասին բժշկական արձանագրություններում հաստատված տվյալները կարող են գործածվել օրգանների վաճառքով զբաղվող ինչ-որ խմբավորման կողմից` այդ մարդու հետապնդումը, սպանությունը (թեկուզ և պատահարի ձևով) կազմակերպելու և նրա օրգաններին տիրանալու համար:

Եթե խնդիրներ կան օրգաններ փոխպատվաստելու իրողության մեջուրեմն ինչպե՞ս պետք է վարվելերբ մարդկային կյանք փրկելու համար հառնել է օրգանների փոխպատվաստման անհրաժեշտությունը:

Մահացած մարդու պարագայում մահվան արձանագրումը պետք է որքան հնարավոր է ստույգ լինի, սակայն ամեն դեպքում առկա է վտանգը օրգանների հեռացմամբ կենսունակություն ունեցող մարմնի սպանության: Դոնորների պարագայում թույլատրելի է ողջ մարդու օրգանների հեռացումը միայն բժշկական խորը հետազոտություններից հետո` հավաստիացումով, որ դոնորի կյանքին լուրջ վտանգ չի սպառնա ապագայում ևս և կամ դոնորին մանրամասն տեղեկացնելով հնարավոր անցանկալի հետևանքների մասին: Այլապես, ինչպես նշվեց, անընդունելի է կյանք փրկել` մեկ այլ կյանք կործանելով:

Դոնորների մասին վերևում ասվածը նույնպես ընդարձակենք: Դոնորները լինում են երկու տեսակի: Կան մարդիկ, ովքեր իրենց հարազատի, բարեկամի համար են ինքնահոժար կերպով, սիրուց մղված պատրաստակամություն հայտնում սեփական մարմնի մի օրգանը տրամադրելու: Սակայն շատ տարածված է նաև այն, որ հիվանդին ընդհանրապես չճանաչելով, անգամ նրա մասին չմտածելով` մարդն օրգան է տրամադրում` դրա դիմաց վճարվող մեծ գումարի դիմաց: Այս արարքը թեկուզ և առաջին հայացքից մարդասիրական է թվում, որովհետև, այնուամենայնիվ, դրանով մեկ այլ մարդու կյանք է փրկվում, սակայն իրական դոնոր հանդիսացող անձին հեռացնում է քրիստոնեական մարդասիրությունից, քանզի արարքի հիմնական դրդապատճառը ոչ թե սերն է մերձավորի հանդեպ, այլ փող վաստակելու հեռանկարը: Նման տեսանկյունով օրգանների նվիրաբերումը վերածվում է մարդկային օրգանների վաճառքի:

Օրգանների փոխպատվաստման բժշկական գործողությունը երբեմն սերտաճում է մարդկային օրգանների ձեռքբերումով ու վաճառքով զբաղվող հանցագործ կազմակերպությունների հետ: Օրգանների փոխպատվաստման բժշկական նորարարությունը, որը, ինչ խոսք, փրկարար եղավ և է շատ մարդկանց համար, ճանապարհ է բացել նոր հանցավորության ու ոճիրների: Օրգանների փոխպատվաստման հնարավորությամբ սկզբնավորվեցին նաև փոխպատվաստման հետ կապված հանցագործություններ` մարդկանց առևանգումներ, անգամ կազմակերպված սպանություններ օրգանների ձեռքբերման համար: Հանցավոր խմբավորումների կողմից մարդն սկսեց նկատվել որպես պահեստամաս օրգանների, որոնց ձեռքբերումն ու վաճառքը հսկայական դրամական շահույթներ է ապահովում:

Հստակեցրինքոր Եկեղեցինօրգանների փոխպատվաստումը մարդու կյանքի փրկության համար թույլատրելի համարելովմիաժամանակ լուրջ զգուշացումներ է հնչեցնումԵթե ամփոփելու լինենքորո՞նք են օրգանների փոխպատվաստման դրական և բացասական կողմերը:

Օրգանների փոխպատվաստումը ծանր հիվանդությունների ժամանակ փրկարար է լինում մարդու առողջության վերականգնման համար, դառնում մերձավորի նկատմամբ սիրո և նվիրումի արտահայտություն ու վկայություն, ինչպես նաև նմանություն Հիսուս Քրիստոսի ինքնազոհաբերվող, աստվածային սիրո, որով մեր Տերը փրկություն պարգևեց մարդ արարածին: Բացասական և անընդունելի իրողություններ են մարդու մահվան ոչ ստույգ արձանագրմամբ, նոր մահացած մարդու օրգանների հեռացումով վերստին կյանքի դառնալու ունակ մարդու սպանությունը: Դատապարտելի են նաև օրգանների ձեռքբերման նպատակով մարդկանց առևանգման դեպքերը, օրգանի դոնոր հանդիսացող անձի առողջության և անգամ կյանքին սպառնացող վտանգը, նյութական շահի նպատակով մարդասիրությունը և մերձավորի հանդեպ սերն արծաթասիրության վերածելը, մարդու կողմից իր սեփական օրգանը վաճառելը, այն սոսկ նյութականի ձեռքբերման միջոց համարելը: Առկա բացասական իրողություններով հանդերձ՝ օրգանների փոխպատվաստումը բժշկության մեծագույն ձեռքբերումներից է, որը պետք է գործադրվի մեծ զգուշավորությամբ, մարդու առողջության պահպանման և մարդու կյանքի գերագույն արժեքի գիտակցությամբ:

Եկեղեցիներն իրենց պաշտոնական տեսակետը բարձրաձայնելովորևէ այլ նախաձեռնություն իրականացնո՞ւմ են նմանատիպ խնդիրներիհարցերի լուծման ուղղությամբ:

Միայն կարծիքի բարձրաձայնումը բավական չէ: Եզեկիել մարգարեն խոսում է Աստծո սպասավորի դետ կարգվելու մասին` զգուշացնելու մարդկանց մեղքեր գործելուց: Եթե դետը չի զգուշացնում անօրենին, ապա Աստված իր սպասավորից է պատասխանատվություն պահանջում, իսկ եթե զգուշացում է արվում, ապա սպասավորն անպարտ է (տե՛ս Եզեկ. 3.16-21): Սակայն երբ մարդկային կյանքին է վտանգ սպառնում, զգուշացում կատարելը բավական չէ, այլ պետք են ջանադիր գործողություններ` վտանգից հեռացնելու, քայլեր ձեռնարկելու` մարդկային կյանքի աղճատումը կամ վնասումը կանխելու համար:

Օրգանների փոխպատվաստման իրողությունը բարձրացնում է նաև մեկ այլ խնդիր, որի լուծման համար անհրաժեշտ է ողորմության առաքինությունը: Օրգանների փոխպատվաստումն իրենց կարող են թույլ տալ միայն հարուստները, քանզի այս նպատակով կատարվող վիրահատությունը բավականին թանկ արժե: Արևմտյան երկրներում, որտեղ առողջության ապահովագրության համակարգ է գործում, օրգանների փոխպատվաստումն այնքան էլ անհասանալի չէ շարքային քաղաքացիների համար: Սակայն օրգանների սպասողների մեծ հերթը նույնպես խնդիրներ է հարուցում, և այս դեպքում էլ միայն մեծահարուստներն են երբեմն կարողանում իրենց առողջության վերականգնման համար հոգալ: Նման իրավիճակում Եկեղեցին պետք է կոչ անի ողորմության, մարդասիրության` բարերարությամբ օգնելու անկարող հիվանդներին, զորակցելու բժշկության բուն առաքելության իրականացմանը, վերացնելու բժշկության մեջ առևտրի ներթափանցումը, նպաստելու բժշկական էթիկայի պահպանմանը:

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Ոչ միայն հացիվ» գրքից

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս