44-օրյա պատերազմին ի՞նչ տրամաբանությամբ են գործել ՀՀ իշխանությունները

Օրերս Առաջին ալիքի՝ «Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի» ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով Հայաստանի դեմ պատերազմական գործողություններին և դրա ֆոնին ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտությանը, նշել է. «Ռազմական դրություն հայտարարելն այս պահին կարող է ագրեսիայի քայլ դիտարկվել։ Հարևան երկիրը միշտ հայտարարում է, որ մենք պատրաստվում ենք սադրանքի, հարձակման»:

Սա այն դեպքում, երբ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության դեմ էին, ՀՀ իշխանությունները շտապեցին ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարել, որտեղ հիմնավորումների շարքում նշվում էր այն, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը:

ԱԺ-ում 2020-ի սեպտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Մյուս կողմից՝ մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք շատ խորը նախապատրաստված հարձակման հետ: Դա մի գործողությունանոց հարձակում չէ, սա շատ կարևոր է, և դրա հակազդումը նույնպես մի գործողությունանոց և մի քայլանոց կոմբինացիա չէ: Մենք պետք է բոլորս հասկանանք: Մենք պետք է իմանանք, որ մենք, այո, ունենք զոհեր, հակառակորդն էլ ունի զոհեր՝ շատ ավելի շատ: Մենք ունենք տեխնիկայի կորուստներ, հակառակորդն ունի տեխնիկայի կորուստներ՝ շատ ավելի շատ: Եվ սա զարգացող իրավիճակ է, մենք պինդ պետք է կանգնենք: Այո՛, ինչպես ասվեց, ամենատարբեր սցենարներ նկարագրվեց, թե ինչպես ենք մենք հասնելու այդ նպատակին: Ես այս պահին չեմ կարող ասել, որ այդ սցենարներից որևէ մեկը ես բացառում եմ՝ չէ որ չէ, այդպես չենք գնալու: Ուղղակի, ինչպես պայմանավորվեցինք՝ մենք կաշխատենք այդ սցենարների վրա շատ կշռադատված, ոչ էմոցիոնալ»:

Իսկ սեպտեմբերի 29-ին «Россия-1» հեռուստաալիքի «60 минут» հաղորդմանը Նիկոլ Փաշինյանն ասել է՝ «սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը սկսեցին լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ»:

Շատերը գուցե ասեն, որ ամեն ինչ ճիշտ է, պատերազմը 1994-ին չի ավարտվել, որովհետև չի կնքվել խաղաղության պայմանագիր, սակայն հոդվածի և Ալեն Սիմոնյանի՝ ռազմական դրության վերաբերյալ հայտարարության առանձնացումը բոլորովին այլ նպատակ ունի:

Միգուցե ԱԺ նախագահի համապատասխան ձևակերպման տրամաբանության մե՞ջ է եղել նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ռազմական դրության հայտարարումը, կամ՝ այս մոտեցո՞ւմն է այն ժամանակ եղել ՀՀ իշխանությունների մոտ զուտ զորքի պատրաստության առումով, որի տակ շատ հանգիստ կարելի է «սղացնել» զորքի պաշտպանության չանցնելը, զորքի չծավալվելը:

Երկրորդ՝ պատերազմ ասվածը պահանջում է պետական բոլոր ինստիտուտների ներգրավում, քանի որ այն նշանակում է՝ հակամարտություն քաղաքական միավորումների, պետությունների միջև, պատերազմը վարում է պետությունը, և այս դեպքում պատասխանատվություն է կրում ամբողջ պետությունը, ոչ միայն բանակը, իսկ ագրեսիան ռազմական հարձակում է, որի դեպքում շատ ավելի «լեգիտիմ» է բանակին մեղադրելը՝ իրավիճակին համապատասխան չարձագանքելու համար, ինչի օրինակներն ունեցանք անցած տարի նոյեմբերին:

Այսինքն, ագրեսիա և պատերազմ հասկացությունների միջև նրբություններ կան, որոնք, բնականաբար, տարբեր միջոցառումներ են պահանջում:

Ի դեպ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ սեպտեմբերի 15-ի նիստում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարել է.

«Կան հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի կյանքի կոչի Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու անօրինական իր նկրտումները»:

Արդյոք սա չի՞ հուշում ռազմական դրության անհրաժեշտության մասին, թե՞ մեր նշած և այլ հետին նպատակներով դարձյալ ԱԺ նախագահի հայտարարությամբ պիտի արդարացվի դրա չհայտարարվելը:

Տեսանյութեր

Լրահոս