Որտեղի՞ց և ովքե՞ր են կառավարելու արբանյակը, ո՞ւմ են պատկանելու չափումները
Նիկոլ Փաշինյանը կառավարության մայիսի 26-ի նիստի սկզբում հայտարարել է, որ 2022 մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը:
Իհարկե նա չի նշում՝ ովքեր են եղել այդ նախագծի հեղինակները, բայց նրա փոխանցմամբ՝ մինչև 2023 թվականի վերջը Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան:
«Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը և տիեզերալուսանկարների ստացումը: Պլանավորվում է, որ ընդունիչ կայանն արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ կմատուցի արբանյակների այլ օպերատորների համար: Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ՝ կլիմայական փոփոխությունների մոնիտորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում: Տիեզերական տեխնոլոգիաները՝ արբանյակներ, ընդունող կայաններ, արբանյակների վրա տեղադրվող սկանավորման, տեսադիտարկման կապի և այլ համակարգեր համարվում են համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը»,- նշել է Փաշինյանը:
Մի կողմ թողնենք այն, որ նախկին իշխանությունների ժամանակ է Կառավարությունն աշխատանք սկսել տիեզերք արբանյակ դուրս բերելու ուղղությամբ: Ավելին, Հայաստան է բերվել սարքավորումների առաջին խմբաքանակը: Ավելին, 2013 թվականին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարել էր արբանյակ տեղադրելու ArmCosmos ընկերության ստեղծման մասին, որը կնպաստի ArmSat անունով Հայաստանի առաջին արբանյակը Երկրի ուղեծիր դուրս բերելուն:
Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթն է նույնիսկ 2013թ. բազմաթիվ հրապարակումներ արել այդ մասին.
«Սեփական արբանյակի թողարկման և այն ՀՀ-ին հատկացված գեոստացիոնար ուղեծրում տեղակայելու նպատակով 2012 թվականին ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության համակարգում ստեղծվել է «Արմկոսմոս» փակ բաժնետիրական ընկերությունը»:
Ինչպես արդեն հասցրեցիք կռահել, ՀՀ-ն միանգամայն լեգիտիմ կարգով տեղ է զբաղեցրել մոլորակի տիեզերական պետությունների շարքում և սրանում որևէ չափազանցություն չկա: Մեջբերում եմ կրկին բյուջեի կատարողականից. «2012թ. դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի ԳԱ լիագումար նիստում Հայաստանը կոնսենսուսով ընտրվել է ՄԱԿ-ի Բաց տիեզերքի օգտագործման կոմիտեի լիիրավ անդամ»:
Կառավարությունն առաջին անգամ հայկական արբանյակի գործարկման նպատակների մասին հայտարարեց 2012 թվականի ապրիլին, երբ Ռուսաստանի դաշնային տիեզերական գործակալության՝ Ռոսկոսմոսի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Երևան և հանդիպեցին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Կառավարության հայտարարության մեջ նշվում էր, որ երկու կողմերը պատրաստակամություն են հայտնում «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նախագիծը կյանքի կոչելու համար»,-2013թ. գրել էր Փաշինյանի թերթը։
Ի դեպ, տեղեկացնենք նաև, որ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո, միության նախկին 15 պետություններից 6-ը գործարկել է սեփական արբանյակը:
Ինչևէ, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը մեզ հետ զրույցում այդ կապակցությամբ ասել է.
«Ես չգիտեմ, թե Իլոն Մասկի հետ ինչ համաձայնություն կա, բայց եթե մեր արբանյակը լինի, ապա մեզ համար պետք է ծառայի, իսկ դրա պատասխանն այն է, որ նշվում է՝ 2023 թվականի վերջին Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան: Եթե այդ արբանյակը մեզ է պատկանում՝ կարող ենք կառավարել, եթե ոչ՝ ինչպե՞ս են մեզ համար հասանելիություն ապահովում: Սակայն, եթե ռեալ հետազոտություն սկսվի, ապա դա գիտության ոլորտում մեծ առաջընթաց կապահովի»,- մեզ հետ զրույցում ասաց Արեգ Միքայելյանը:
Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում էլ Արեգ Միքայելյանը նշել էր.
«Շատ դժվար է ասել, որ Հայաստանը արբանյակ ունի։ Դա Իլոն Մասկի ուղարկած SpaceX արբանյակներից է, և դա հենց իրենն է։ Մենք չգիտենք՝ հիմա դա ինչքանով է հայկական համարվում, ինչ են պայմանավորվել իրենք։ Հայկական լինելու համար դա պետք է կառավարվի Հայաստանից և միայն Հայաստանը ունենա հասանելիություն դեպի այդ արբանյակը։ Եթե մյուսներն էլ ունեն, ապա դա ավելի վատ է. կարող են գողանալ մեր տվյալները: Պետք է ճշտումներ արվեն և հասկանանք՝ ինչքանով է դա մերը։ Ընդհանրապես՝ կարո՞ղ ենք այն համարել մերը։ Լիարժեք մերը դառնալու համար պետք է կառավարման լծակները մեր ձեռքում լինեն։ Կոնկրետ այս պահին պարզ է, որ դա Իլոն Մասկի արբանյակն է, բայց թե դա ինչքանով կարող ենք հայկական համարել՝ ավելի շատ գաղափարական հարց է»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է Արեգ Միքայելյանը՝ նշեվ արբանյակի ձեռքբերման կարևորությունը.
«Հատկապես վերջին պատերազմի ընթացքում արբանյակի արդիականությունը զգացվեց։ Պատերազմից առաջ էլ էր պարզ, որ պետք է արբանյակ ունենանք։ Շատ հրատապ մենք պետք է ունենանք նման հնարավորություն՝ առաջինը հենց ռազմական ոլորտում օգտագործելու համար, դա կլինի ռազմական հետախուզություն, քարտեզագրություն, ինչպես նաև օդերևութաբանությունը, տնտեսական մի շարք ոլորտներ կան, որ արբանյակներից են կառավարվում, գիտական հետազոտություններ։ Համարյա ամեն ինչը ներկա դարաշրջանում տիեզերական հետազոտությունների շնորհիվ ավելի զարգացել և մեծ հնարավորություններ է ստացել»:
Բյուրականի աստղադիտարանի տնօրենը մեզ հետ զրույցում ընդգծեց՝ կայանի համար նոր տեխնիկա է անհրաժեշտ:
«Նման տեխնիկա ոչ ունեցել ենք, ոչ էլ ունենք: Այստեղից պետք է կապ հաստատել արբանյակի հետ, կարողանալ կառավարել, որպեսզի կարողանաս ուղղորդել, թե ի՞նչ նկարի, հետո տվյալներն ուղարկի: Գիտության զարգացման առումով ամեն ինչ գնում է դեպի տիեզերական հետազոտություններ: Օրինակ, աստղագիտության մեջ արդեն վաղուց լավագույն արդյունքները ստանում են տիեզերական դիտակներից: Եվ, եթե Հայաստանին պատկանեն չափումները, տվյալները, ապա մենք էլ ուրիշից չենք գնի, ասենք՝ ՆԱՍԱ-ից: Սա էլ տիեզերական բիզնես է կոչվում, հետևաբար՝ տիեզերական բոլոր արդյունքները կարող ենք ինքներս ունենալ, եթե արբանյակ ստեղծենք: Հայաստանի համար ամենակարևորը ռազմականն է, քարտեզագրումը, սեյսմոլոգիան, օդերևութաբանությունը: Բոլոր այս ոլորտներն ուսումնասիրելը հրատապ է»,- եզրափակեց Արեգ Միքայելյանը:
Այսօր մենք նաև տեղեկացրել ենք, որ տիեզերական ոլորտն ու տիեզերական արդյունաբերությունը մասնավորապես նույնպես գերտերությունների՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի մրցակցության տիրույթում են գտնվում, և այդ առումով երկու երկրների համապատասխան ընկերությունների՝ «Роскосмос»,-ի և «Space X»-ի միջև այդ առումով լուրջ մրցակցություն կա, քանի որ այդ ոլորտում տեղեկատվական պատերազմներն ու շրջանառվող փողերը վաղուց աշխարհաքաղաքական դրոշմ են կրում:
Այս համատեքստում հատկանշական է, որ Հայաստանի արբանյակը տիեզերք է դուրս բերվել ամերիկյան «Space X»-ով, այլ ոչ ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի տիեզերական ծառայությունների միջոցով:
Խնդիրը որևէ երկրի համար մեծ կարևորություն ունի աշխարհաքաղաքական և անվտանգային առումով: Առավելև ևս, երբ բազմաթիվ են դեպքերը, երբ արբանյակները լուսանկարում են և տեղեկություններ են հավաքագրում հակառակորդ կամ հետաքրքրություն ներկայացնող երկրի ռազմաքաղաքական և անվտանգային փաստերի վերաբերյալ: