Դեմա՞րշ․ Ինչո՞ւ է հայկական արբանյակը տիեզերքի ուղեծիր դուրս բերվել ամերիկյան ընկերության միջոցով
Այսօր կառավարության նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «2022թ. մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «Space X» ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:
Այս հայտարարությունը մեծ ցնծություն առաջացրեց հասարակության որոշակի շերտերի մոտ, և շատերը սկսեցին գովաբանել իշխանություններին՝ նշանակալից հաջողություն արձանագրելու համար, թեպետ կարճ ժամանակ անց արդեն պիտի պարզվեր, որ դեռևս 2017 թ.՝ նախկին իշխանությունների ժամանակ Կառավարությունն աշխատանք է սկսել 2020 թ. տիեզերք արբանյակ դուրս բերելու ուղղությամբ:
Ավելին, 2017 թ. Հայաստան է բերվել սարքավորումների առաջին խմբաքանակը: Արբանյակը, սակայն, տիեզերք է հասել ոչ թե 2020 թ., ինչպես պլանավորել էին նախորդ իշխանությունները, այլ՝ 2022թ.:
Հայտնի է, որ տիեզերական ոլորտն ու տիեզերական արդյունաբերությունը, մասնավորապես, նույնպես գերտերությունների՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի մրցակցության տիրույթում են գտնվում, և այդ առումով երկու երկրների համապատասխան ընկերությունների՝ «Роскосмос»,-ի և «Space X»-ի միջև այդ առումով լուրջ մրցակցություն կա, քանի որ այդ ոլորտում տեղեկատվական պատերազմներն ու շրջանառվող փողերը վաղուց աշխարհաքաղաքական դրոշմ են կրում:
Ու այս համատեքստում հատկանշական է, որ Հայաստանի արբանյակը տիեզերք է դուրս բերվել ամերիկյան «Space X»-ով, այլ ոչ ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի տիեզերական ծառայությունների միջոցով:
168.am-ը կփորձի պարզել՝ ո՞րն է ամերիկյան ընկերության միջոցով արբանյակը տիեզերք թռցնելու պատճառը, կատարվե՞լ է արդյոք շուկայի ուսումնասիրություն, և ի՞նչ տեխնիկական բնութագրեր են եղել, որ գերադասվել է ամերիկյան ընկերությունը, այլ ոչ՝ ռուսական:
Մեզ հայտնի տեղեկություններով՝ այս փաստն իսկ ռուսական կողմը դիտարկել է՝ որպես Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական դեմարշը Մոսկվայի դեմ: