Ինչո՞ւ է Վրաստանը կրկին հիշել հարավկովկասյան եռակողմ համագործակցության մասին

Վրաստանը կրկին փորձում է առաջ մղել հարավկովկասյան համագործակցության եռակողմ ձևաչափը։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին Վրաստանի Առաջին ալիքի «Ակտիվ թեմաներ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը ռազմավարական գործընկերություն ունի իր երեք հարևանների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ։

«Երբ խոսում ենք համաշխարհային անվտանգության մասին, մենք, իհարկե, առաջին հերթին պետք է խոսենք մեր հարևանների հետ հարաբերությունների մասին։ Մեր հարևանների հետ հարաբերությունները մեր գերակա խնդիրն են»,- հայտարարել է Բոչորիշվիլին։

Նրա խոսքով՝ երեք երկրների հետ հարաբերությունները շատ արժեքավոր են Թբիլիսիի համար։

«Դուք կհիշեք, որ Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ հենց Թբիլիսիում է տեղի ունեցել արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը, երբ քննարկվում էր Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի հանդիպումը։ Դա շատ հետաքրքիր առաջին հանդիպում էր։ Ես վստահ եմ, որ այս ձևաչափով և, ոչ միայն այս ձևաչափով, մեր միջև հարաբերությունները կշարունակվեն, կզարգանան, և մենք պատրաստ ենք դրան։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի տարածաշրջանի համար կարևոր հարցերը, տարածաշրջանի անվտանգության համար կարևոր հարցերը քննարկվեն մեր կողմից, և մենք այս գործընթացի մասնակիցն ենք։ Վրաստանը կշարունակի ակտիվորեն աշխատել մեր գործընկերների հետ այս գործընթացում։ Թուրքիայի Հանրապետություն մի շարք այցեր են իրականացվել։ Թուրքիայի հետ հարաբերությունները նույնպես շատ կարևոր են մեր համար։ Թուրքիան տարածաշրջանային կարևոր խաղացող է և կարևոր գործընկեր»,- ասել է Բոչորիշվիլին։

Կարդացեք նաև

Ուշագրավ է, որ Բոչորիշվիլին այս մասին խոսում է այն բանից հետո, երբ օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե ռուսական կողմը հույս ունի, որ «3+3» ձևաչափով Հարավային Կովկասի պետությունների և նրանց երեք հարևանների, այդ թվում՝ Ռուսաստանի միջև փոխգործակցությունը շուտով կվերականգնվի։

«Մենք մեծ հույս ունենք, որ կվերսկսվի այն նախաձեռնության շրջանակում աշխատանքը, որը ժամանակին առաջ էին քաշել Թուրքիան և Ադրբեջանը, այսինքն՝ «3+3» պլատֆորմ ստեղծելու նախաձեռնությունը։ Հարավային Կովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, և նրանց երեք մեծ հարևանները՝ Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը… Մենք հիմա կարծում ենք, որ ժամանակն է վերսկսելու այս ձևաչափը»,– ասել էր Լավրովը։

Նրա խոսքով՝ Իրանը սատարում է այս գործընթացին, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը եղել են հարթակի նախաձեռնողները։ Լավրովը հույս է հայտնել, որ շուտով հանդիպում կկայանա։ Զուգահեռաբար Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Մոսկվան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի քայլեր՝ «3+3» ձևաչափի հերթական հանդիպման անցկացման ժամկետներն ու վայրը համաձայնեցնելու ուղղությամբ։ Իսկ ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը IRNA-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Երևանում կամ Բաքվում։

Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Վրաստանը վերջին շրջանում ունի թե ներքին, թե արտաքին քաղաքական խնդիրներ։

Նրա խոսքով, չկան հարաբերություններ Ռուսաստանի հետ, ԵՄ ինտեգրացիան կասեցված է, ԱՄՆ նոր վարչակազմի հետ շփումներ դեռ չկան, այն դեպքում, երբ ի տարբերություն Վրաստանի, Երևանն ու Բաքուն ունեն ակտիվ շփումներ Արևմուտքում, ինչպես նաև Արևելքում, խոսքը Չինաստանի հետ հարաբերությունների ու ՇՀԿ-ի մասին է, ինչպես նաև Թրամփի աշխատակազմի ու Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

Ուստի, նրա կարծիքով, երբ այս ամենի ֆոնին խոսում են «3+3»-ն առաջ մղելու մասին, որտեղ Վրաստանը չունի ներկայացվածություն, Վրաստանը ցանկանում է հաստատել մի ձևաչափ, որտեղ կունենա ներկայություն, ազդեցություն։

«Խաղաղության հաստատման դեպքում, այսպես թե այնպես, ռեգիոնալ համագործակցությունը կփոխվի։ Այս գործընթացում Վրաստանը մշտապես ցանկացել է դերակատարություն ստանձնել, սակայն ինչ կարող է անել Վրաստանը, երբ միջնորդում են Ռուսաստանը կամ ԱՄՆ-ը, վրացական առաջարկները զարգացում չեն ունեցել հենց այս պատճառով։ Ներկայումս Վրաստանն առաջարկում է ոչ թե միջնորդական ձևաչափ, այլ համագործակցության ձևաչափ, որը հնարավորություն կտա քննարկել ռեգիոնալ քաղաքական, տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև մի շարք այլ հարցեր։ Բայց դեռ հնարավոր չէ հստակ ասել՝ արդյո՞ք դա կհաջողվի, քանի որ Երևանն ու Բաքուն ներկայումս դեռ տարված են կարգավորման ծանր օրակարգով, և հարցեր կան դեռ լուծելու։ Ուստի վրացական նախաձեռնությունը գուցե հաջողվի ինչ որ փուլում, բայց այսօր այն ակտիվ աշխատող համագործակցություն պատկերացնել չի ստացվում»,- ասաց Կայհան Բարզեգարը։

Նա գտնում է, որ դրան զուգահեռ՝ վեցակողմ ձևաչափն առաջ է մղվելու։ Չի բացառվում, որ Վրաստանը դրան միանա։

«Վրաստանին ներկայումս հարկավոր են լավ համագործակցություններ, քանի որ, ինչպես ասացի, Վրաստանը հայտնվել է մարտահրավերային արտաքին քաղաքական իրավիճակում, ուստի չի կորցնի որևէ հնարավորություն ակտիվանալու համար»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հույս հայտնելով, որ նրա նախագահությունը կնպաստի խաղաղությանն ու բարգավաճմանը։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պասիվությունը Վրաստանի նկատմամբ տարակուսանք է առաջացնում հասարակության մեջ և կասկածներ տարածաշրջանային խաղաղությունն ամրապնդելու՝ ԱՄՆ գործողությունների անկեղծության վերաբերյալ»,- ասվում էր Վրաստանի նախագահի՝ ամերիկացի գործընկերոջն ուղղված նամակում։

Նամակում Կավելաշվիլին նշել է, որ իր նախագահության մի քանի ամսվա ընթացքում Թրամփը սերտ կապեր է հաստատել Վրաստանի բոլոր հարևանների հետ, նպաստել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, ակտիվորեն համագործակցել է Թուրքիայի հետ և վերականգնել երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Սակայն, ըստ նրա, ԱՄՆ վարչակազմը լռում է Վրաստանի հարցում, ինչը տարակուսանք է առաջացնում վրացական հասարակության մեջ։

Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերբեռնելու անհրաժեշտության մասին։

Մասնավորապես, վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է ԱՄՆ-ի հետ նոր ռազմավարական գործընկերություն կնքելու Վրաստանի պատրաստակամությունը՝ հաշվի առնելով ամերիկյան և վրացական շահերը։

Տեսանյութեր

Լրահոս