Հայաստանի գործողություններն առայժմ չեն հակասում ԵԱՏՄ-ում նրա պարտավորություններին. ՌԴ ԱԳՆ

Երևանի գործողություններն այսօրվա դրությամբ հակասության մեջ չեն մտնում ԵԱՏՄ-ում Հայաստանի պարտավորությունների հետ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Աղասանդյանի խոսքով՝ Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանի հայտարարություններն «ընդամենը քաղաքական հայտարարություններ են»:Նա հիշեցրել է, որ ռուսաստանցի պաշտոնյաները, այդ թվում՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, բազմիցս հայտնել են, որ միաժամանակ երկու միավորումների անդամ լինելը հնարավոր չէ՝ ելնելով դրանց բնույթից: 

«Ներկայում Հայաստանի գործողությունները չեն հակասում ԵԱՏՄ-ում նրա պարտավորություններին: Կշարունակենք հետևել գործնական քայլերին: Որևէ մեկը չի արգելում Հայաստանին համագործակցել այլ երկրների հետ. դա անում են ԵԱՏՄ բոլոր անդամները։

Գլխավորն այն է, որ նման փոխգործակցությունը հակասության մեջ չմտնի Միության շրջանակներում ստանձնած պարտավորությունների հետ։ Առայժմ նման բան չկա», – ասել է պաշտոնյան։ Աղասանդյանը նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության բնույթը չի փոխվել և մնում է կառուցողական, «երկիրն ակտիվորեն աշխատում է ԵԱՏՄ-ում և տեսնում է իր մասնակցության օգուտները»:

Նա շեշտել է, որ 2015 թվականին ԵԱՏՄ-ին անդամակցության սկզբից ի վեր «Հայաստանի առևտուրը գործընկերների հետ կտրուկ աճել է»:Մեկնաբանելով ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառության հետ կապված ակնկալվող փոփոխությունները, Աղասանդյանն ընդգծել է, որ վիճակագրությունն, «ընդհանուր առմամբ, դրական դինամիկա է ցուցադրում», և համագործակցությունը փոխշահավետ բնույթ է կրում բոլոր անդամ պետությունների համար։

Տեսանյութեր

Լրահոս