ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը երկօրյա այցով կժամանի Հայաստան

Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը երկօրյա այցով սեպտեմբերի 19-20-ը կլինի Հայաստանում։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԵՄ առաքելության գրասենյակը։

Հաղորդագրությունում նշվում է, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացի վճռորոշ փուլում և հնարավորություն կտա ներկայացնելու ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգը՝ որպես իրական ներդրում տարածաշրջանային զարգացման գործում:

Հանձնակատար Կոսն այցի շրջանակում կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանին, Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ինչպես նաև` Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ Այցի ընթացքում հանձնակատարը կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ երկու ծրագրերի ստորագրման արարողությանը, կայցելի «ԵՄ-ն` Սևանի համար» կենսաբազմազանության ծրագրի իրականացման վայրը և շրջայց կկատարի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: 

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կին առաջնորդների և Եվրոպայի երիտասարդ դեսպանների հետ։ Տարածաշրջանային այցի շրջանակում Մարթա Կոսը եղել է նաև Ադրբեջանում, որտեղ հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի, Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Էկոնոմիկային նախարար Միքայիլ Ջաբբարովի հետ:

Տեսանյութեր

Լրահոս