Ի՞նչ է սպասվում ռիելթորներին նոր օրենդրական փաթեթի ընդունման դեպքում․ «մեր շատ առաջարկներ են մերժվել՝ առանց հիմնավորման»

Ռիելթոր աշխատելու համար պարտադիր կլինի բարձրագույն կրթություն ունենալը, անշարժ գույքի շուկայում ռիելթորական գործունեություն ծավալողները պետք է ստանան որակավորման վկայականներ․ այս և այլ փոփոխություններն են սպասվում «Ռիելթորական գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ներդրմամբ, որն, ի դեպ, օրերս առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունվել է։

Ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի՝ ռիելթորական գործունեության զարգացման և կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել իրավակարգավորումներ, որոնց օգնությամբ կներդրվի պետական միասնական քաղաքականություն:

Դեռ 2023 թվականի օգոստոսին էր Կադաստրի պետական կոմիտեն հանրային քննարկման դրել «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի և հարակից օրենսդրական ակտերի փոփոխությունների նախագիծը։

Հիմնավորման մեջ նշվում էր, որ ոլորտում օրենսդրական դաշտի ստեղծումը նպատակ ունի բարձրացնելու ռիելթորական ծառայությունների որակը, անհատ ռիելթորներին բերելու հարկային դաշտ և բարձրացնելու ոլորտում գործողների պատասխանատվության մակարդակը։

Կարդացեք նաև

ՀՀ անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը 168am-ի հետ զրույցում մանրամասնեց՝ շուրջ 2 տարի Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան փորձում է օրենքի շուրջ պատկան մարմինների հետ լուրջ քննարկումներ ունենալ, սակայն դրանք եղել են մի քանիսը և հպանցիկ։

«Մեկ հանդիպում է եղել Կադաստրի կոմիտեի նախագահի հետ, երկու անգամ՝ իրավաբանական վարչության պետի հետ, և մի անգամ էլ Հանրայինում բանավեճի ենք գնացել, սակայն այդ հանդիպումները տևել են մինչև 1 ժամ․ արագ-արագ հարցեր ու առաջարկներ են քննարկվել։

Մենք կարևորել են աշխատանքային խմբի ձևավորումը, քանի որ ամբողջ ոլորտի մասին օրենք է գրվում, չափանիշներ են սահմանվում։ Հանդիպումների ժամանակ նշել ենք՝ այս օրենքը գրելիս ձեր մեջ չի եղել մասնագետ, ով շուկայում աշխատել է կամ շուկայի հետ առնչություն է ունեցել։

Իրենք մեր առաջարկներից մի քանիսն ընդունել են, սակայն շատերն օդի մեջ են մնացել, մերժվել՝ առանց հիմնավորման»,- պարզաբանեց Անդրանիկ Հարությունովը։

Անշարժ գույքի շուկայի մասնագետը նկատեց նաև, որ մինչև օրենքն ընդունելն ԱԺ-ում նախատեսված են եղել քննարկումներ, սակայն այդ պայմանավորվածությունն էլ է խախտվել․ ասել են՝ 2-րդ ընթերցումից առաջ համայնքին կընձեռեն նման հնարավորություն։

Անդրանիկ Հարությունովն օրենսդրական փաթեթի առնչությամբ մի քանի կետերի վրա ուշադրություն հրավիրեց՝ անհրաժեշտ համարելով դրանց վերանայումը։

«Օրինակ, սահմանվել է բարձրագույն կրթության ցենզ, բայց չի ասվում՝ ի՞նչ կրթություն, իսկ մենք ոլորտում բազմաթիվ ընկերություններ, գործակալներ ունենք, որոնք տարիներ շարունակ մասնագիտացել են ոլորտում աշխատելով, բայց իրենք որակավորում չեն կարող գնալ ստանալ, քննությանն էլ չեն կարող մասնակցել, եթե չունեն բարձրագույն կրթություն։

Երկրորդը՝ ասվել էր, որ ցուցարկման համակարգ ունեն նախատեսած, և  ցանկացած մարդ, ով կորոշի իր գույքը հանել վաճառքի, պետք է նույնականացնի կադաստրի կոմիտեի կայքում, ստանա «ստուգված է» կարգավիճակը և նոր դնի վաճառքի։ Մենք երբ քննարկում էինք, այդ կետն անվճար էր, հիմա ներկայացվել է այս կերպ՝ ամեն մի հայտարարությունը կարժենա 5000 դրամ՝ իբրև պետական տուրք Կադաստրի կոմիտեին։ Մենք՝ գործակալություններս, ունենք բազա՝ 500, 1000, 2000 գույքով, և  փաստացի մեր ունեցած գույքերը ցուցարկելու համար միլիոնավոր դրամներ պետք է ծախսենք։ Այդ հարթակը, ստացվում է՝ սարքում են կոմերցիոն հարթակ։

Այս փաթեթում միայն վաճառող կողմի գործակալի պարտականություններն են նշված, գնորդ կողմի գործակալի առնչությամբ ոչ մի չափանիշ նշված չէ։

Այլ կետեր կան, որ հստակ չեն, որ չենք քննարկել վերջնական։ Բացարձակ հողի վրա եղածի հետ կապ չունի»,- ասաց ՀՀ անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամը։

Նա, սակայն, զարմանքով արձագանքեց Կադաստրի կոմիտեի նախագահի դիտարկմանը, թե ռիելթորական համայնքի հետ քննարկումներ եղել են՝ նկատելով, որ Հանրայինի եթերը դժվար է քննարկում անվանելը, քանի որ այն լուրջ բանավեճ էր։  Մեկ այլ հանգամանք, որ զարմացրել է Անդրանիկ Հարությունովին, ԱԺ պատգամավորների անտարբերությունն է։

«Մի զանգ նույնիսկ չարենցին՝ իմանային, թե ինչի՞ ենք մենք էդքան մտահոգված էդ օրենքով»,- հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս