
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ դրանից բխող բոլոր պարտավորություններով և իրավունքներով. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Միևնույն ժամանակ հիմք են ընդունվում Երևանի հայտարարությունները, որ Հայաստանի մասնակցությունը կազմակերպությանը սառեցված է: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:
«Հիմք ենք ընդունում այն, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ դրանից բխող բոլոր պարտավորություններով և իրավունքներով։ Հայաստանն ինքը պետք է որոշի ՀԱՊԿ-ի միջոցառումներին իր մասնակցության ձևաչափը. ոչինչ չի պարտադրվում: Մենք ելնում ենք Հայաստանի ղեկավարության արտահայտած դիրքորոշումից. Երևանի մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին «սառեցված է», – նշել է դիվանագետը:
Աղասանդյանին նաև հարց են ուղղել՝ արդյոք Հայաստանը չի հայտնել ՀԱՊԿ-ի աշխատանքներին իր մասնակցությունը վերսկսելու մասին:
«Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի աշխատանքներին Երևանի մասնակցության հարցը պետք է ուղղել հենց Երևանին: Դուք գիտեք Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը. այն բազմիցս նշվել է։ Առայժմ, որքան ինձ հայտնի է, փոփոխություններ չկան», – հավելել է պաշտոնյան։