«Արցախի իշխանությունն այդ քայլին գնաց, որպեսզի 120.000 արցախահայերի փրկեր բնաջնջումից… այդ մարդիկ գիտեին, որ Ադրբեջանն իրենց ձերբակալելու է». Առուշանյան

Վաղը կլրանա 2 տարին, ինչ Արցախն ամբողջովին Ադրբեջանի կողմից օկուպացված է, առանց հայերի։ 2 տարի առաջ սեպտեմբերի 19-ին, ժամը 13։05-ին Ադրբեջանը հարձակվեց իր կողմից բլոկադայի ենթարկված Արցախի ու նրա խաղաղ բնակիչների վրա։ Մեկ օր տևած պատերազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանին հաջողվեց ամբողջովին հայաթափել Արցախը, քանի որ արցախահայերին սպառնում էր ֆիզիկական բնաջնջմամբ։

Արցախյան շարժման ակտիվ մասնակից, «Արցախի ազատամարտիկների միություն» հ/կ անդամ Եղիշե Առուշանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս 2021 թվականին է ասել, որ Ադրբեջանը մի օր բլոկադայի է ենթարկելու Արցախի Հանրապետությունը և ամբողջովին հայաթափի։ Այդ եզրակացությանն է եկել՝ հետևելով Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը և լավ իմանալով Ադրբեջանի մարտավարությունը։

Այսպես եղավ ՀՀ իշխանությունների անտարբերության հետևանքով

«Բոլորն էլ հիշում են 2019 թվականի օգոստոսը, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ամեն ինչի ավարտը երևաց հենց այդ օրվանից։ Սա Լեոնիդ Ազգալդյանի հայտնի խոսքերն է, ով իրավունք ունի նման բան հայտարարելու, մարդը՝ զենքը ձեռքին, Արցախի լեռներում հայրենիք էր պաշտպանում ու իրավունք ուներ նման բան ասելու։

Կարդացեք նաև

2019 թվականին հաջորդեց 2020 թվականը, արդեն տեսնում էինք, որ ՀՀ իշխանությունն ադրբեջանահաճո քաղաքականություն է վարում։ Դրան հաջորդեց 2021 թվականը, ավելի ընդգծվեց Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը, որը հայանպաստ չէր, ու ամեն ինչ այսպես եղավ ՀՀ իշխանությունների անտարբերության հետևանքով, դրա հետևանք էր նաև, որ Արցախը 9 ամիս գտնվեց ադրբեջանական բլոկադայի մեջ»,- ասաց Եղիշե Առուշանյանը։

Արցախում փոքր ուժով կարողացան մի քանի ժամ դիմադրել՝ առանց դրսի աջակցության

Ազատամարտիկը կարծում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմը պարտադիր պետք է լիներ, քանի որ Ադրբեջանն ամեն ինչ արել ու բերել-հասցրել էր դրան։ Նրա խոսքով՝ չնայած ադրբեջանական կողմի հարձակմանը, Արցախում փոքր ուժով կարողացան մի քանի ժամ դիմադրել՝ առանց դրսի աջակցության, բայց 9-ամսյա բլոկադան ուղղակի ուժասպառ էր արել արցախահայերին, նրանք կա՛մ պետք է ֆիզիկապես բնաջնջվեին, կա՛մ հանձնվեին Ադրբեջանի «հոգածությանը»։

«Ընդունելի չէր Արցախի իշխանության վերջին քայլը, բայց հասկանալի է, որ այդ քայլին գնաց, որպեսզի 120.000 արցախահայերի փրկեր ֆիզիկական բնաջնջումից, և միակ ելքն Արցախից դուրս գալն էր։

Սեպտեմբերի 20-ին հենց մեր տան բակում հանդիպեցի Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանին, նրան ասացի՝ հարգված մարդ է, ժողովրդի հետ խոսի, հավաքի մի տեղ, հասկանանք՝ ինչ ենք անելու։ Դավիթ Բաբայանն ասաց, որ վիճակն անելանելի է և Արցախից միասին դուրս գալն ավելի ընդունելի է, քան խմբերով։

Դավիթ Բաբայանը համարում էր, որ ելքը դա է, հակառակ դեպքում մարդկանց կկոտորեին։ Այդ օրն արդեն Ստեփանակերտի ծայրամասերում ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներ էին պտտվում։ Մեր դուրս գալը փրկություն էր։ Դավիթ Բաբայանն Արցախում հարգված մարդ էր, հեռու ամեն բացասական երևույթներից, նրա խոսքն արժեք ուներ։ Մեր հանդիպման ժամանակ որևէ խոսք չկար, որ Բաքվից իրեն հանձնվելու որևէ պահանջ է եղել։ Ես միայն հարցրեցի՝ ի վերջո, մեզ կործանողներից որևէ մեկը դուրս կգա՞ հրապարակ ու ժողովրդից ներողություն խնդրի, նա պատասխանեց՝ «դրա համար տղամարդկություն է պետք ունենալ»։ Դավիթ Բաբայանն արժեք ուներ, ու արժեք ուներ թշնամու աչքերում նույնպես։ Դրա համար նրան առաջիններից պահանջեցին։

Եթե 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանն այդ եվրոպական պոռնկանոցի ներկայացուցիչների հետ հանդիպմանը չասեր, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, երևի թե այդ միջանցքով հայկական վերահսկողությամբ մնացած Արցախի տարածքները մնային, գուցե միջազգային դիտորդներ բերվեին, մենք էլ կմնայինք Արցախում, ինչը մեզ համար ավելի նպաստավոր ելման դիրք կլիներ հետագա պայքարի համար։

Բայց Նիկոլ Փաշինյանը ժխտեց Արցախի Հանրապետության գոյությունը, ճանաչեց Ադրբեջանի մաս։ Մենք Արցախում ապրում, պայքարում էինք, նույնիսկ բլոկադայի ժամանակ հրաժարվում էինք դուրս գալ, բայց թիկունքից եղավ հարվածը»,- ասաց Եղիշե Առուշանյանը։

Երբ անցնում էի Հակարիի կամրջով, ինձ երկու անգամ ստուգեցին

Ըստ մեր զրուցակցի, ինչպես 2018 թվականին, այնպես էլ 2023 թվականին ամեն ինչ որոշվեց Երևանում։ Երևանում նստած անձանց մոտ մեծ անտարբերություն կար Արցախի ու արցախահայերի նկատմամբ, շատ քիչ մարդիկ էին զգում վտանգը ու ցավում Արցախի համար, բայց նրանք որոշումներ կայացնող չէին։

«Երբ ես անցնում էի Հակարիի կամրջով, ինձ երկու անգամ ստուգեցին, հստակ ասացին՝ «մենք գիտենք՝ դու ով ես, ամեն ինչ շատ լավ գիտենք, երբ գնանք Բաքու, քեզ ցույց կտանք, թե դու ով ես»։

Ինձ ստուգելուց հետո բաց թողեցին, նկատի ունեմ՝ Հակարիի անցակետում լավ գիտեին՝ ով է անցնելու։ Ստեղծված այդ ժամանակահատվածում որևէ մեկը ելքը չգիտեր, նույնիսկ Լևոն Մնացականյանը։ Վստահ եմ, եթե նրանք առանց ժողովրդի լինեին Արցախում, ելքը շատ լավ գիտեին, բայց 120.000 մարդու կյանք նրանցից էր կախված։ Այդ մարդիկ գիտեին, որ Ադրբեջանն իրենց ձերբակալելու է, հիմա Բաքվի դատարանում մարդիկ իրենց արժանապատիվ հայի նման են պահում։ Այնտեղ հայրենիքի պատվի դատն է, ու այդ մարդկանցից որևէ մեկը չի հրաժարվել ասելու, որ իր հայրենիքի, ժողովրդի համար պայքարել է։

Ես միշտ ասել եմ, որ Իսրայելը պետք է փոքր ազգերի համար օրինակ լինի, նրանք այսօր իրենց ապագան են փրկում։ Այսօր արցախահայերի իրավունքները դրոշակ սարքած Արցախից այնպիսի մարդիկ են խոսում, որոնք համագործակցում էին այսօրվա իշխանության հետ ու կործանման հասցրեցին Արցախը։ Մարդը չի կարող լինել այդ գծի համակիրը ու արցախահայերի շահերից խոսել։

Բայց ես որոշակի տեղաշարժ տեսնում եմ դրական առումով, որովհետև այստեղ արժանապատվության մեծ խնդիր ունեն մերոնք՝ Արցախից բռնի տեղահանվածները։ Արցախահայերին օրվա իշխանությունը ներքին սպառման համար տվել է մի թղթի կտոր՝ «099» կոդով, այնպիսի տպավորություն է, որ համակենտրոնացման ճամբարի թիվ է, սա արժանապատվության ոտնահարում չէ՞։

Հիմա ընդդիմադիր դաշտը պետք է վեր կանգնի իր անձնական շահերից ու կանգնի ժողովրդի կողքին, կամ պետք է հայրենասեր մարդիկ հավաքվեն, նոր ուժ ստեղծեն ու երկիրն այս վիճակից դուրս բերեն, որովհետև այս երկիրը միշտ փրկել են հայրենասերները»։

Եղիշե Առուշանյանը նաև շեշտեց՝ Արցախ վերադարձ կլինի այն ժամանակ, երբ Բաքուն վերածվի ավերակների, իսկ դրա համար պետք է հզոր ու միասնական Հայաստան, մի խումբ նվիրյալներ ու հայրենասերներ։

Տեսանյութեր

Լրահոս