Իշխանության անհամարժեքությունը մատնում է նրանց նյարդայնությունը, չեն կարողանում թաքցնել սեփական վախերը․ Տիգրան Թորոսյան

Ցանկացած քաղաքական պայքար ներառում է մի շարք բաղադրիչներ, որոնցից մեկն էլ նյարդերի պայքարն է։ Իշխանությունը համարժեք չի արձագանքում ընդդիմադիր ալիքին, նրանց խոսքերը, կոչերը հետևանք են նյարդայնության, և մի շարք այլ երևույթներ էլ ցույց են տալիս, որ իշխանությունը շատ լուրջ է վերաբերվում այս շարժմանը, վստահաբար ոչ միշտ է հաջողում թաքցնել սեփական վախերը։ Իշխանության տրոհման ազդակներ դեռևս նկատելի չեն, սովորաբար դրանք դրսևորվում են հանրահավաքների ժամանակ, որպեսզի գործընթացին մասնակցող մարդիկ այդ ամենին տեղյակ լինեն։ Ելքը կախված է երկու գործոնից՝ կատարվող աշխատանքից և գործընթացի ղեկավարների ընտրած մարտավարությունից, բայց դեռևս շարժմանը միացող իշխանականներ չեն նկատվում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։

«Կարող են լինել իրավիճակներ, ինչպես, օրինակ, պատերազմից հետո, երբ մեկ անձը, օրինակ՝ Վազգեն Մանուկյանը, հայտարարվում է անցումային կառավարության ղեկավար, կարող է և չլինել որևէ անուն, դա խնդիր չէ։ Այլ բան, որ եթե արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում լինի, այդ ժամանակ անհրաժեշտ է հայտարարել, թե ինչպիսի կառավարություն են տեսնում այն քաղաքական ուժերը, որոնք այս գործընթացի մասնակիցն են։ Եթե մարդիկ ուզում են խուսափել ինչ-որ շարժումից, միշտ էլ պատրվակ կգտնեն։

Զարգացումների տրամաբանությունը միշտ էլ մի քանի տարբերակ ենթադրում է։ Այլընտրանքային կառավարության կազմի ձևավորման հարցադրումներ կարող են արվել այն դեպքում, երբ արդեն ակնհայտ է, որ տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դրանից առաջ իմաստ չունի նման պահանջ ձևակերպել։ Ի վերջո, այս գործընթացը ծնվել է իրադարձությունների տրամաբանությունից։ Գործող իշխանությունն ակնհայտորեն ապացուցել է, որ չի կարողանում լուծել Հայաստանի և մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները»,- ասաց քաղաքական գործիչը։

«Այս իշխանությունը կապիտուլյացիայի է ենթարկել Հայաստանը և Արցախը, երկրում տեղի ունեցող որևէ իրադարձություն չունի հիմնավորում, տրամաբանություն։ Արտաքին հարաբերություններում Հայաստանը որևէ գործընթացում գործոն չէ, որևէ մեկը Հայաստանի հետ հաշվի չի նստում թեկուզ ամենափոքր հարցերում։ Այնպիսի տպավորություն է, որ երկրի քաղաքական իշխանությունը սեփական դերակատարումն ընկալում է՝ որպես բազմաբնակարան շենքի սպասարկող անձնակազմ։ Սա է իրականությունը, և այս իրավիճակում, նման բախտորոշ շրջանում չկա իրական իշխանություն, որը լուրջ անելիքներ ունի, բայց որևէ ուղղությամբ իրական քայլ չի անում։ Ցավոք, իշխանությունը նաև շարունակաբար խաբում է հասարակությանը ամենաանամոթ ձևով՝ փաստաթղթերի, խոսույթի, իրադարձությունների, միջազգային հարաբերությունների մակարդակով»,- նշեց Թորոսյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ ուշագրավ է, որ երբ 2021-ի հունվարին հրապարակվեց Փաշինյանի հոդվածը պատերազմի ծագման պատճառների մասին, օրեր անց ՌԴ ԱԳՆ-ն և ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը փաստորեն բաց տեքստով հայտարարեցին, որ ՀՀ վարչապետի պնդումները սուտ և կեղծիք են․

«Նման բան այլ երկրների հարաբերություններում չկա։ Այնպես չէ, որ ՀՀ-ն և ՌԴ-ն թշնամական պետություններ են, և այդ պատճառով ինչ-որ մեկը կարող է անցնել ընդունված սահմանը։ Խնդիրն անգամ ոչ թե այն է, որ ՀՀ-ն և Թուրքիան թշնամական պետություններ են, այլ այն, որ ՀՀ իշխանությունների գիտելիքի բացակայության, սխալների, ստի, կեղծիքի, աճպարարության կիրառմամբ իրականացվող քաղաքականությունը միանգամայն բավարարում է և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին։ Քաղաքական ուժերը պետք է շարունակաբար աշխատեն հասարակության, իրենց ընտրողների հետ, ոչ թե ընտրությունից ընտրությունից գնան և ձայն հայցեն, ասեն՝ մենք ավելի լավն ենք, քան մյուսները։ Եղած խնդիրները, որոնք կվերաբերեն հակամարտություններին, երկրի ներքին և արտաքին հարաբերություններին, պետք է մարդկանց ներկայացնել։ Սա լուրջ թերություն է, որը տևական ժամանակ գոյություն ունի»:

«Մարդիկ ամեն ինչ էլ հասկանում են։ Եթե անգամ մասնագիտական մակարդակով, բայց սովորական մարդուն ընկալելի լեզվով ներկայացնում ես փաստերը, վստահ եմ՝ շատերն ընկալում են։ Օրինակ հիմա, երբ համադրում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո եղած իրավիճակները, էական տարբերություն կա։ Մարդիկ անգամ այդ աշխատանքի ակնհայտ թերացման դեպքում հենց իրենք են գալիս ճիշտ գնահատականների։ Իհարկե, եթե թողնվի ինքնահոսի, մեծանում է ապագա աղետների հավանականությունը։ Տարածված է մի մոտեցում, երբ անգամ որոշ կուսակցություններ ասում են, թե սա քաղաքական պայքար չէ, մինչդեռ կուսակցականն ու քաղաքականը համարժեք են։ Չի կարող լինել քաղաքական պայքար՝ առանց կուսակցությունների, չի կարող լինել իշխանության հետ կապված որևէ խնդիր, որի լուծմանը չմասնակցեն կուսակցությունները»,- ամփոփեց Տիգրան Թորոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս