Բաժիններ՝

Կնոջ նման խանդոտ, մոր նման ջերմ, սիրուհու նման քմահաճ թատրոնը. նոր ներկայացում՝ Կամերայինում

Ինչպե՞ս և որտե՞ղ է առաջացել թատրոնը, ի՞նչ փոխակերպումների է այն ենթարկվել ժամանակի ընթացքում, ինչո՞վ է հայաստանյան թատրոնը տարբերվում աշխարհի այլ թատրոններից, ի՞նչ յուրահատկություններ ու դրսևորումներ ունի այն: Այս և թատերական աշխարհին վերաբերող մի շարք այլ հարցերի պատասխաններն արվեստասերները կարող են ստանալ՝ Երևանի կամերային թատրոնում դիտելով «Կուլիսներում կամ թատրոնի անատոմիա» ներկայացումը, որի առաջնախաղը տեղի ունեցավ մայիսի 3-ին:

Ներկայացման մեջ զբաղված դերասաններ Մխիթար Ավետիսյանը, Սենիկ Բարսեղյանը, Էվա Խաչատրյանը, Ժորա Հովհաննիսյանն ու պիեսի հեղինակ և ռեժիսոր Դավիթ Աբրահամյանը երգով, պարով, հումորով թատերասերներին տանում են կուլիսներ, ծանոթացնում ներքին անցուդարձին, խոսում այն խոչընդոտների մասին, որոնք հաղթահարել են երազանքի ճանապարհին և հիշեցնում՝ ոչ մի դեպքում պետք չէ հուսահատվել, անհրաժեշտ է սիրել թատրոնն ու նպաստել նրա առաջընթացին:

Առաջնախաղից հետո «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դերասան Սենիկ Բարսեղյանը, որը 2022-ին «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությանը «Լավագույն դերասան» համարվեց «Կեսարի խրախճանքը» բեմադրության մեջ Ներոնի դերի համար, շեշտում է՝ թատրոնը շարժիչ ուժ է, որը տիեզերքի կենտրոնում է: «Միակ ուժն ու ապրեցնող բանն ինձ համար այս ժամանակահատվածում թատրոնն է: Երբեմն ասում եմ, որ ճշմարիտ եկեղեցին թատրոնն է, որովհետև այստեղ ապավինում եմ, մեղքերի թողություն ստանում իմ դերերով, աշխատում, արարում ու ծնում եմ մի նոր բան իմ խաղընկերների, գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի հետ: Այն մարդիկ, որոնք ինչ-որ ներդրում են ունենում քո ստեղծագործական կյանքում, կերպարիդ, ներկայացման ստեղծման գործում, դառնում են անփոխարինելի: Դա էլ ինձ օդ, ջուր ու թթվածին է տալիս»,- նշում է Բարսեղյանը:

Խոսելով երիտասարդ ռեժիսոր և դերասան Դավիթ Աբրահամյանի հետ համագործակցության մասին՝ Բարսեղյանն ասում է, որ Դավիթը մարտնչող է, լավատես է: «Նա արդեն աշխատել է Մխիթար Ավետիսյանի, Էվա Խաչատրյանի հետ: Մենք առաջին անգամ ենք համագործակցում, և ես ուրախ եմ, որ կարողացել եմ ինչ-որ չափով աջակցել նրան, սովորել ավյունով լեցուն երիտասարդից, քանի որ դերասանը վերջանում է, երբ կարծում է՝ սովորելու բան չունի»,- եզրափակում է Բարսեղյանը:

«Հինգ պատմություն սիրո մասին» բեմադրության մեջ տարբեր կանանց կերպարները փայլուն կերտելու համար 2022-ին «Արտավազդ» մրցանակաբաշխությանը «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթած Էվա Խաչատրյանը բարեբախտություն է համարում այն, որ տասը տարի աշխատում է մի թատրոնում, որի խենթ սիրահարն է, որտեղ կարողանում է ներկայանալ իր բոլոր գունային գամմաներով: «Սիրում եմ Կամերային թատրոնի հիմնադրին, բոլոր ռեժիսորներին, խաղընկերներիս: Այստեղ երջանիկ եմ անգամ այն ժամանակ, երբ բեմում չեմ: Հաճախ եմ լինում թատրոնում նաև այն օրերին, երբ ներկայացում չունեմ»,- նշում է նա:

«Կուլիսներում կամ թատրոնի անատոմիա» ներկայացումը շատ անկեղծ է. նկարագրելով պրեմիերայից առաջ անցուդարձը՝ դերասաններն ասում են, որ այդ ժամանակ կուլիսներում բոլորը դողում են, անկախ նրանից սիրում են, թե ոչ, սկսում են սիրել, դահլիճի ձայներից ուշագնաց են լինում, ոչ մի դերասան ոչ մի հանդիսականի չի նկատում լարվածության պատճառով:

Էվա Խաչատրյանը խոստովանում է՝ իրականում որոշ դրվագներ չափազանցված են մատուցել՝ ավելի թատերային, հետաքրքիր լինելու համար: Նա թատրոնը համեմատում է ընտանիքի հետ՝ նշելով, որ ընտանիքում ևս հնարավոր են անհամաձայնություններ, ընդհարումներ: Դերասանուհու խոսքով՝ թատրոն ընտանիքի անդամներն իրար լավ են ճանաչում, գիտեն միմյանց առավելություններն ու թերությունները, ուստի ամեն բան արագ հարթվում է. կարևորն այն է, որ բոլորն իրար սիրում են ու ընկերներ են նաև թատրոնից դուրս:

Բեմադրության մեջ յուրաքանչյուր դերասան հանդես է գալիս նաև մենախոսությամբ՝ պատմելով այն մասին, թե ինչպես է որոշել ընդունվել Թատերական ինստիտուտ, ինչ խնդիրների առաջ է կանգնել և ինչպես է հայտնվել թատրոնում: Խաչատրյանն ասում է՝ մենախոսությունների հիմքում իրենց իրական պատմություններն են: Մինչ փորձերը Դավիթ Աբրահամյանը երկար զրույցներ է ունեցել դերասանների հետ՝ փորձելով նրանցից կորզել այն ամենը, ինչի մասին դերասանը հաճախ չի ցանկանում բարձրաձայնել:

Ներկայացման մեջ Էվան խոստովանում է, որ հատկապես կինոյում իրեն միշտ առաջարկում են մարմնավորել թեթևաբարո կանանց կերպարներ: «Իրականում ես չգիտեմ, թե ինչ է նշանակում լուրջ դեր: Ինձ համար յուրաքանչյուր դեր լուրջ է: Մենք այս բեմադրության մեջ խաղացինք և՛ լուրջ, և՛ անլուրջ, տարբեր թատրոնների խաղաոճերով, և՛ ձայնի, և՛ պլաստիկայի հնարավորություններն ընդգծեցինք, պարզապես Կամերային թատրոնում մենք սիրում ենք լինել անկեղծ»,- շեշտում է Խաչատրյանը:

«Հայն ու հայը», «Հինգ պատմություն սիրո մասին» ներկայացումների երիտասարդ ռեժիսոր Դավիթ Աբրահամյանը, նախքան որևէ բեմադրություն անելը, փորձում է հասկանալ, թե ինչն է հուզում հասարակությանը: Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմից հետո մարդկանց մոտ ապատիկ շրջան սկսվեց, և հուսահատության մեծ չափաբաժին կար ամբողջ հանրապետությունում: «Տպավորությունն այնպիսին էր, որ մարդիկ իրենց գործը կիսատ են անում: Հավատը, էնտուզիազմը կորավ: Այս ներկայացմամբ ցանկանում ենք ասել, որ յուրաքանչյուր անելանելի իրավիճակում պետք է ուժ գտնել, հաղթել ինքդ քեզ, կայանալ ու հասնել երազանքիդ: Բեմադրության մեջ զբաղված հինգ դերասանները պատմում են իրենց երազանքին հասնելու ճանապարհի մասին: Նրանցից մեկը օդանավակայանում է աշխատել, մյուսը ծաղիկ է վաճառել և այլն: Եթե մտածեին՝ ծաղիկ են վաճառում ու վերջ, չէին հաջողի: Այս բեմադրությունը հաջողության բանաձևի մասին է»,- նշում է Դավիթ Աբրահամյանը:Նա ներկայացման մեջ նաև որպես դերասան է հանդես գալիս ու ասում, որ ավելի շատ դերասան է, բայց իրեն փորձում են ռեժիսորի կաղապարի մեջ դնել: Նա շեշտում է, որ Կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանը հորդորել է շատ բեմադրություններ անել, և ինքն ավելի շատ բեմադրում է, քան խաղում, բայց, քանի որ շատ է սիրում բեմը, ներկայացման մեջ նաև իր համար է փոքր դեր հատկացրել:

Թատրոնը համեմատելով կնոջ հետ՝ արտիստներն ասում են՝ որքան պարզ ու մատչելի է ներկայացումը, այնքան այն շատ մարդկանց ուշադրություն է գրավում, և նույնը կարելի է ասել նաև թեթևամիտ կանանց մասին, ուստի միշտ չէ, որ անհասկանալի ներկայացումը վատն է, ավելին՝ նշանակում է, որ նրանում ինչ-որ հետաքրքիր բան կա, ինչպես և անհասկանալի կնոջ մեջ: Նշում են, որ բեմը կարելի է զարդարել և գեղեցկացնել հազար մեթոդով ինչպես կնոջը, բայց եթե մեջը հոգի չկա, ոչ ոքի պետք չէ: Ըստ դերասանների՝ թատրոնը կնոջ նման խանդոտ, մոր նման ջերմ, սիրուհու նման քմահաճ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս