Ինչ հետաքրքրություններ կարող է ունենալ ռուսական բիզնեսը Հայաստանում. պե՞տք է արդյոք այդքան գայթակղվել
Ռուս-ուկրաինական հակամարտության և կիրառվող աննախադեպ պատժամիջոցների հետևանքով վերջին օրերին քաղաքացիների ակտիվ շարժ է նկատվում Ռուսաստանից Հայաստան։ Գալիս են՝ ինչպես ազգությամբ հայերը, այնպես էլ՝ ռուսները։
Հնչում են հայտարարություններ, որ եկողների մեջ քիչ չեն նաև նրանք, ովքեր գալիս են ոչ միայն չգնալու մտադրությամբ, այլև պատրաստվում են Հայաստան տեղափոխել իրենց բիզնեսը։ Սա տպավորություն է ստեղծել, թե Հայաստանը դառնում է հարթակ ռուսական բիզնեսի տեղափոխման համար։ Այլ բան, այդպե՞ս է, թե՞ ոչ։ Բիզնեսի, այն էլ խոշոր բիզնեսի տեղափոխումը խաղ ու պար չէ։ Դա երկար և բարդ պրոցես է։
Եթե նույնիսկ նման մտադրություններ կան, այսօր շատ վաղ է խոսել Հայաստանում ռուսական բիզնեսի հաստատման մասին։ Առավել ևս, որ Հայաստանում դրա համար նպաստավոր քիչ պայմաններ կան։ Մեր շուկան շատ փոքր է, իսկ այլ երկրներ արտահանման հնարավորությունները սահմանափակ են, չկան բավարար ենթակառուցվածքներ։
Այդ առումով այստեղ և ընդհանրապես այլ երկրներ ռուսական բիզնեսի տեղափոխման հավանականություններն առայժմ շատ քիչ են։ Հատկապես որ, գործում են բավական խիստ սահմանափակումներ կապիտալի տեղաշարժի վրա։
Հայաստանը, անշուշտ, կարող է գրավել ռուսական բիզնեսին, բայց շատ սահմանափակ ոլորտներում։ Այն էլ՝ հիմնականում այլ երկրներ դուրս գալու համար։
Խոսքն առաջին հերթին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների մասին է, որոնք ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ չունեն։ Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքով ՏՏ ոլորտի ռուսական ընկերությունները դժվարություններ ունեն դրսի իրենց գործընկերների հետ հարաբերություններում, զուտ նրանով, որ գրանցված են ու գործում են Ռուսաստանում։
Այդ ընկերություններն այլ երկրի ռեզիդենտ դառնալու խնդիր ունեն։ Այդպիսի երկրներից մեկն էլ, անշուշտ, կարող է լինել Հայաստանը, որտեղ բիզնես գրանցելը բավականաչափ դյուրինացված է։
Սակայն դա դեռ չի նշանակում, թե այստեղ ընկերություն գրանցելով՝ ռուսական բիզնեսը տեղափոխվում է Հայաստան։ Դա կարող է լինել ընդամենը կազմակերպության գրանցման և Հայաստանում ձևական մի գրասենյակ բացելու տեսքով։
Բիզնեսի այդ տեսակը սահմաններ չի ճանաչում։ Աշխատանքները կարող են իրականացվել աշխարհի ցանկացած վայրից։ Բոլորովին պարտադիր չէ, որ դրանք կազմակերպվեն այնտեղ, որտեղ գրանցված է ընկերությունը։
Նույն կերպ են վարվում այսօր Հայաստանում աշխատող տեղեկատվական ոլորտի ընկերությունները։ Դրանց մեջ քիչ չեն այնպիսիք, որոնք գրանցված են այլ երկրներում, հանդիսանում են այլ երկրի ռեզիդենտներ, բայց գործունեությունը ծավալում են Հայաստանում։
Գուցե շատերի մոտ ասվածը տարօրինակ թվա, բայց դա ունի իր հիմնավորումները։ Այլ բան է, երբ ծրագրավորման ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունը գրանցված է Լոնդոնում, այլ բան՝ Հայաստանում։
Հայաստանը, անշուշտ, լավագույն վայրը չի լինելու ռուսական ՏՏ ոլորտի ընկերությունների համար, բայց այս պայմաններում դա չարյաց փոքրագույնն է։ Բազմաթիվ երկրներ այսօր պարզապես փակ են նրանց համար։
Այս առումով Հայաստանն ինչ-որ տեղ կարող է հարթակ դառնալ ռուսական բիզնեսի համար։
Որոշակի օգուտներ դրանից տնտեսությունը գուցե ստանա, սակայն մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ։ Դա այն ոլորտը չէ, որտեղ բիզնեսը տեղափոխելու խնդիր կարող է լինել։ Տեղափոխում են հիմնականում ոչ թե բիզնեսը, այլ ընդամենն ընկերության գրանցման վայրը։ Բիզնեսը մնում է այնտեղ, որտեղ գործել ու աշխատել է։
Այդ ոլորտի ռուսական բիզնեսի համար դրսի հետ կոմունիկացվելու խնդիր է առաջացել, որը կարող է լուծվել տարբեր ճանապարհներով, և այդ ճանապարհներից մեկն էլ կազմակերպության տեղափոխումն է մեկ այլ, առավել հարմար երկիր։ Այս պահին այդ երկրներից մեկն էլ կարող է լինել Հայաստանը։
Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ կանխատեսելով հնարավոր վտանգները, Ռուսաստանի կառավարությունը ոլորտում բիզնես-գործունեություն իրականացնողների համար որոշակի նոր արտոնություններ է սահմանել։ Մասնավորապես, դրանք 3 տարով ազատվել են եկամտահարկի վճարումից և դուրս են ստուգումներից։ Կարող են օգտվել արտոնյալ՝ 3 տոկոսանոց վարկերից։ Բացի այդ՝ ոլորտի աշխատակիցները հիպոթեքային արտոնյալ վարկ և բանակից տարկետում ստանալու հնարավորություն ունեն։
Սրանք քայլեր են, որոնք նպատակ ունեն կանխել ոլորտի ընկերությունների արտահոսքը երկրից։
Հայաստանը կարող է հետաքրքրություններ ներկայացնել նաև ներմուծման ոլորտում գործող ռուսական բիզնեսի համար՝ մեր երկրում ընկերություն գրանցելու և տարանցիկ ներմուծումներ իրականացնելու նպատակով։ Սակայն այստեղ էլ այլ խնդիրներ են առաջանում։
Նախ՝ կումունիկացիաների առումով. Հայաստանի միջոցով ներմուծումներ կազմակերպելը դժվարություններ է առաջացնում ենթակառուցվածքների սահմանափակումների պատճառով։ Դա նաև լրացուցիչ ծախսեր է պահանջելու։ Բոլոր դեպքերում, այն կարող է նպաստավոր լինել Հայաստանի համար՝ որպես տարանցիկ երկիր։ Բայց պետք է հաշվի առնել, որ այստեղ էլ կան լուրջ ռիսկեր, որոնք պահանջում են չափազանց զգուշավորություն, որպեսզի հիմա էլ Հայաստանը չհայտնվի պատժամիջոցների տակ։
Պատժամիջոցները շրջանցելու ճանապարհները միայն մենք չէ, որ տեսնում ենք։ Դրանք հաշվի չառնելը կարող է թանկ նստել Հայաստանի տնտեսության վրա։
Ուստի, պետք չէ շատ գայթակղվել տարանցիկ երկրի կարգավիճակ ստանալու կամ ռուսական բիզնեսի համար հարթակ դառնալու հեռանկարներից։ Հետո կարող ենք թանկ վճարել դրա համար։ Ամեն ինչ պետք է մանրակրկիտ հաշվարկել՝ քայլ անելուց առաջ։
Այս ամենի մեջ Հայաստանի տնտեսության հիմնական շահը, որն աներկբա է, կարող է լինել Ռուսաստանից քաղաքացիների մեծ հոսքը։ Որքան էլ գործ ունենք հարկադրված հոսքերի հետ, այն դրական ազդեցություն կունենա զբոսաշրջության և դրա հետ կապված հարակից ոլորտների, մասնավորապես՝ հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի, հանրային սննդի և կացության կազմակերպման, այլ ծառայությունների վրա։
Այս պահին սա այն հիմնական և ուղղակի արդյունքն է, որը կարող է ստանալ Հայաստանի տնտեսությունը։
Հնարավորություն կա նաև որոշ արտադրանքներով ինչ-որ չափով լցնել այն շուկաները, որոնք ազատվել են արտասահմանյան ընկերությունների հեռանալուց հետո։ Բայց դրա համար հարկավոր է, որպեսզի պետությունը համակարգի այդ աշխատանքները և ժամանակին օժանդակի տեղական արտադրողներին՝ արտադրության ծավալներն ընդլայնելու համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ