Բաժիններ՝

Թույլ մի՛ տվեք, որ մեզանից խլեն մեր զենքը. Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանները նամակ են հղել Փաշինյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին:

Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ աշխատակազմը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ մեր երկրի համար այսքան ճակատագրական ու բախտորոշ ժամանակահատվածում շատ կարևոր է, որ մեր թիկունքն ամուր լինի: Թիկունք, որը կոփվում է արվեստի և մշակույթի միջոցով, սակայն այսօր փորձ է արվում խարխլել այդ թիկունքի ամրությունը:

«Երկու թատրոնների միավորման արդյունքում շենքը կտրամադրվի Պետական սիմֆոնիկ նվագախմբին՝ որպես փորձատեղի։ Հետպատերազմյան մեր երկրի համար թատերական միավորի ոչնչացումը որևէ դրական արդյունք չի կարող ունենալ: Սա թիկունքից հարված է մեր երկրին ու անվտանգությանը, քանի որ ապագա զինվորն ու սահմանապահը հենց թատրոնում, թանգարանում ու համերգասրահում է դառնում հայկականի կրողն ու անձնուրաց պաշտպանը: Մշակութային օջախները չե՛ն կարող լինել ավելորդ, չե՛ն կարող լինել շատ և բեռ պետության համար, դրանք օդ ու ջրի պես անհրաժեշտ են առողջ, ուժեղ և կայացած հասարակություն կրթելու և ձևավորելու համար: Հատկապես այն դեպքերում, երբ չունեն հանդիսատեսի պակաս, պարտաճանաչորեն կատարում են իրենց հարկային պարտավորությունները և տարին տարվա վրա հանդես են գալիս նոր ասելիքով: Պետական կամերային երաժշտական թատրոնն այս չափանիշերով աշխատող միավոր է, և պարզապես անհասկանալի է այս տեսակ կառույցի հետ նման կերպ վարվելու շարժառիթները:

Պետություն, մշակույթ, բանակ. այս եռամիասնությունն է, որ պիտի մեր երկրի ապագան ավելի անվտանգ ու լուսավոր դարձնի:

Տարիներ շարունակ հայ մշակույթի զարգացման գործում իրենց անուրանալի վաստակն ու ներդրումն ունեցած բազմաթիվ արվեստագետներ այսօր ակնկալում են Ձեր աջակցությունը: Պետական կամերային երաժշտական թատրոնը, որն իր գործունեության 32 տարիների ընթացքում վաստակել է իր հավատարիմ հանդիսատեսի սերն ու վստահությունը, պետք է ապրի ու ստեղծագործի իր տանը: Թույլ մի՛ տվեք, որ մեզանից խլեն մեր զենքը»,- ասված է նամակում:

Հարցին՝ հանդիպումներ չե՞ն եղել կառավարության ներկայացուցիչների հետ, արդյո՞ք շարունակվելու են բողոքի ակցիաները, դերասանները  պատասխանեցին, որ հաշվի առնելով սահմանին տիրող իրավիճակը՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը չի ձեռնարկում նախապես պլանավորած բողոքի ակցիաներ՝ էլ առավել չսրելու համար երկրում արդեն իսկ լարված իրավիճակը, և լիահույս են, որ ԿԳՄՍՆ-ն հարցին կվերաբերվի նույն տրամաբանությամբ և սահմանային լարվածությամբ հարկադրված իրենց լռությունը չի օգտագործի՝ որպես պատեհ ժամանակահատված ու առիթ՝ երկու թատրոնների անընդունելի ու անհասկանալի միավորումն օր առաջ իրականություն դարձնելու համար։

Սա, նրանց խոսքով, կլինի հարված թիկունքից, ինչը որևէ բարոյական բացատրություն չի կարող ունենալ։

Նրանք նաև հայտնեցին, որ այս պահին հանգիստ նստած չեն, հետագա քայլերի պլան են մշակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս