Լսել եմ Ջիանի Բուքիքիոյի մտահոգությունը, որ Հայաստանում կարծես թե հետշրջան է կատարվում. և՛ վիրավորանքի, և՛ զրպարտանքի համար այլևս նախատեսվում են քրեական պատասխանատվություններ. Նաիրա Զոհրաբյան

Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ՔՕ-ում նոր հոդված հավելացնել՝ «Ծանր վիրավորանք» անվան տակ: Այլ կերպ ասած՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ավարտից առաջ գործող իշխանությունը վիրավորանքն ու հայհոյանքը քրեականացնելուն ուղղված քայլեր է ձեռնարկում:

Այս նախագծով՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, կպատժվի տուգանքով` 100-500 հազարի չափով: Նույն արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, կպատժվի տուգանքով՝ 500 հազար դրամից մինչև 1 մլն դրամ: Եթե հիշյալ արարքները կատարվեն միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար, ապա կպատժվեն 1-3 մլն դրամ տուգանքով կամ 1-3 ամիս կալանքով:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր խոսքի համար կրի պատասխանատվություն, բայց պատգամավորի խոսքով՝ հարցը, թե արդյոք հայհոյանքն ու վիրավորանքը քրեականացնելով՝ կարողանալո՞ւ ենք կանխել դա, մնում է օդում կախված:

«2001թ., երբ մենք հայտ ներկայացրեցինք ԵԽԽՎ-ին անդամակցելու և երբ դարձանք ԵԽԽՎ անդամ, Հայաստանի առջև պարտավորություն դրվեց ապաքրեականացնել զրպարտանքը և վիրավորանքը: Ըստ էության՝ վիրավորանքը նույն հայհոյանքն է: Գիտե՞ք՝ հիմա խոսում է մի մարդ, ով երևի թե ամենաշատն է այս ընթացքում ենթարկվել զրպարտանքի, վիրավորանքի և հայհոյանքի:

Այն անբարո ֆեյքային արշավը, որն այս տարիների ընթացքում կազմակերպվեց իմ դեմ, ես ամենայն վստահությամբ ասում եմ, որ որևէ այլ կին քաղաքական գործչի հանդեպ չի կազմակերպվել: Իհարկե, ես կողմ եմ, որ յուրաքանչյուր անպատասխանատու խոսք, զրպարտանք, վիրավորանք, հայհոյանք պիտի ենթարկվի հստակ պատասխանատվության, բայց ես հարց եմ ուզում ուղղել՝ այս վերջին 3 տարիների ընթացքում ես երևի 40-50 հայց եմ ներկայացրել, դիմում եմ ներկայացրել գլխավոր դատախազին կոնկրետ անձանց վերաբերյալ, որոնք ինձ սպառնացել են կախել, քառատել, այրել, որոնք սպառնացել են այրել և քառատել իմ երեխային, հարուցել են քրեական գործեր և, չգիտես ինչու, ամիսներ անց ես ստացել եմ կոնկրետ քննչական ծառայություններից և դատական մարմիններից պատասխան, որ քրեական գործերը կարճվել են: Ես կողմ եմ, որ այս լեզվական բեսպրեդելը, որ ով ում երբ ուզում՝ հայհոյում է, կանխվի: Սա միանշանակ է: Բայց արդյո՞ք քրեական պատասխանատվության դաշտ բերելով այս ամենը՝ անպատասխանատու խոսքը, զրպարտանքը, վիրավորանքը, հայհոյանքը, մենք կարողանալու ենք կանխել:

Ես, իհարկե, հասկանում եմ՝ ինչու է այս ամենը արվում: Այս ամենն արվում է, որովհետև ի դեմս նոր ընդդիմության՝ իշխանությունը տեսնում է մի ընդդիմություն, որն իր լեզվամթերքով, բարբառաֆոնդով շատ ավելի ագրեսիվ է լինելու, քան ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, և խնդիրը երևի այս է: Նորից եմ կրկնում, ես կողմ եմ, որ յուրաքանչյուրն իր խոսքի համար կրի պատասխանատվություն: Բայց դա պիտի լինի ոչ թե հաշվեհարդարի տեսքով, այլ պիտի լինի իրավական գործընթաց:

Եվ երկրորդ: Ես ամեն անգամ Ստրասբուրգ գնալուց շատ տևական զրույց եմ ունենում Վենետիկի հանձնաժողովի այլևս նախկին նախագահ (որովհետև իր լիազորությունները ընդամենը վերջերս ավարտվեցին) Ջիանի Բուքիքիոյի հետ, և լսել եմ իր մտահոգությունը, որ իրեն մտահոգում է, որ Հայաստանում նորից կարծես թե հետշրջան է կատարվում և վիրավորանքի և զրպարտանքի համար այլևս նախատեսվում են քրեական պատասխանատվություններ: Ես կողմ եմ, որ որևէ մեկը իրավունք չունի որևէ մեկին հայհոյելու՝ լինի դա ընդդիմություն, իշխանություն, թե շարքային քաղաքացի, ով ստացել է  ֆեյսբուքյան դոստուպ և կարող է իր մտագար զառանցանքները աջուձախ շաղ տալ: Բայց սրա համար մենք պիտի գտնենք շատ ավելի ճիշտ օրենսդրական կարգավորումներ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք նաև, որ վիրավորանքն ու զրպարտությունը ապաքրեականացվել են 2010թ.-ին:

Տեսանյութեր

Լրահոս