Միլիարդներով ծրագրեր են «իրականացնում», բայց թղթի վրա

Տնտեսական ճգնաժամի ժամանակ, երբ գրեթե իսպառ դադարեցին ներդրումներ գալ Հայաստան, կառավարությունը փորձեց իրավիճակից դուրս գալ պետական-մասնավոր համագործակցության միջոցով։ Ամիսը մեկ կառավարությունում հավաքվում, քննարկում էին այդպիսի ծրագրերի իրականացման հնարավորություններն ու ընթացքը, խոսում էին ներդրումային ինչ-որ փաթեթների մասին, բայց արդյունքներ այդպես էլ չտեսանք։

Հիշո՞ւմ եք, որ հայտարարվեց Հայաստանում ավտոբուսների արտադրության ներդրումային ծրագիր իրականացնելու մասին։ Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում կառավարությունը նույնիսկ հաստատեց այդ ծրագիրը և գումար հատկացրեց։ Խոսքը հայ-կորեական ավտոբուսների արտադրության մասին է։

Ծրագրի հաստատումից հետո որոշ պաշտոնյաներ սկսեցին ոգևորությամբ խոսել, թե ուր որ է Հայաստանը սկսելու է ավտոբուսներ արտադրել, թեև խոսքն ընդամենը պահեստամասերը դրսից բերելու և Հայաստանում ավտոբուս հավաքելու մասին էր։ Բայց նույնիսկ դա էլ չկարողացան անել։ Այդ ծրագրի մասին վաղուց արդեն մոռացել են։ Հայտնի էլ չէ, այն կա՞, թե՞ չեղարկվել է։

Ներդրումային բազմամիլիարդ դոլարների հասնող ծրագրերի մասին առ ժամանակ կառավարությունում մոռացել էին։ Հիմա կրկին վերհիշել են ու փորձում են տպավորություն ստեղծել, թե ներդրողները գլուխ են ջարդում Հայաստանում ներդրումներ անելու համար։

Օրերս այդպիսի մի խորհրդակցություն տեղի ունեցավ կառավարությունում, որին մասնակցում էին պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ներդրումային ծրագրերն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոնի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները:

«Այսօրվա քննարկումն իրականացնում ենք հետևյալ նպատակով: Մենք կքննարկենք ներդրումային ծրագրերի իրականացման ճանապարհին առկա դժվարությունները: Ըստ էության, մի սեղանի շուրջ են հավաքված ներդրողները և այն մարմինների ներկայացուցիչները, որոնք առնչվում են նրանց խնդիրների հետ, պետք է լուծեն կամ չեն կարողանում լուծել այդ խնդիրները: Մեզ համար կարևոր է այս քննարկումների արդյունքում տեղեկանալ խնդիրների առաջացման պատճառների, դրանց օբյեկտիվության կամ սուբյեկտիվության մասին և փորձել հասկանալ, թե ինչո՞ւ կան այդ խնդիրները, որոնց մասին գործարարները բարձրաձայնում են»,- բացելով խորհրդակցությունը՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Խորհրդակցությանը ներկայացվեցին այն ներդրումային ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել։ Ծրագրերից մեկը վերաբերում էր Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասում նոր բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմանը, մյուսը՝ Արարատի մարզի համայնքներից մեկում զբոսաշրջային-մշակութային համալիրի կառուցմանը, երրորդը՝ Երևանի մանկական երկաթուղու այգու արդիականացմանը և այլն։

Խոսքը տասնյակ, նույնիսկ հարյուրավոր միլիոնանոց ծրագրերի մասին էր։ Բայց այդպես էլ ոչինչ չասվեց, թե երբ կարող են սկսվել այդ ծրագրերը։ Ինչպես միշտ, ծրագրերը կան, իսկ իրականացման ժամկետները՝ ոչ։

Կասկած չկա, որ դրանք կամ առնվազն դրանց մեծ մասն արժանանալու են այն նույն ծրագրերի ճակատագրին, որոնք վերջին տարիներին «իրականացվում են», բայց միայն թղթի վրա։ Այդպես էլ չհասկացան, որ խնդիրը ոչ թե ներդրումների կամ ներդրումային ծրագրերի, այլ ներդրումային միջավայրի մեջ է։ Անկախ նրանից, թե ինչ կասի ԱՄՆ Պետդեպարտամենտը մեր երկրի ներդրումային միջավայրի վերաբերյալ, այն՝ առկա բազմաթիվ ռիսկերով, անհամատեղելի է ներդրումների հետ։

Հիշեցնենք, որ ըստ Միացյալ Նահանգների Պետքարտուղարության,  վերջին մի քանի տարիներին, բիզնես միջավայրը և ներդրումային մթնոլորտը գնահատող միջազգային ցուցիչներով, Հայաստանը լավ արդյունքներ է գրանցել։

Եթե այդպես է, ո՞ւր են ներդրումները։

Պաշտոնական ցուցանիշներն են վկայում, որ մեր երկրում ներդրումներ չեն կատարվում կամ շատ քիչ են։ Ներդրումների վերաբերյալ խոսակցությունները հիմնականում խոսակցություններից այն կողմ չեն անցնում։

Վերջին շրջանում ներդրումային միջավայրի խնդիրներն ավելի են սրվել՝ կապված տարածաշրջանում և մեր սահմաններին պահպանվող բարձր լարվածության հետ։

Այսպիսի պայմաններում մանր-մունր ներդրումներ գուցե կլինեն, բայց խոշոր ներդրումներից հույս չպետք է ունենալ։ Առավել ևս, որ պետությունը, ի դեմս իշխանությունների, չունի վստահություն մասնավոր ներդրողների շրջանում։ Չի գործում ներդրումների պաշտպանության ինստիտուտը։ Կառավարությունը երկար-բարակ կարող է քննարկել ներդրումային ծրագրեր, բայց դրանք կարող են իրականանալ այն ժամանակ, երբ կլուծվեն անվտանգության, ինչպես նաև ներդրողների իրավունքների պատշաճ պաշտպանության ու վստահության վերականգնման հետ կապված խնդիրները։

Վստահությունը ներդրողների մոտ խոսքերով չի լինում։ Անհրաժեշտ են հստակ իրավական մեխանիզմներ։ Այդ մեխանիզմները գուցե կան, բայց թույլ են կամ չեն գործում։ Դրա համար էլ հաճախակի ենք սկսել արտաքին դատական ատյաններում առնչվել ներդրողների հետ։

Ներդրումներ ակնկալելուց առաջ, նախ պետք է մտածել խոչընդոտները վերացնելու մասին։ Թեև դա երբեմն անհնարին է թվում մի իշխանության պարագայում, որը կարող է իրեն թույլ տալ ցանկացած կամայականություն ցանկացած ներդրողի նկատմամբ։

Սա լուրջ ռիսկ է ներդրողի համար ու մեծապես հարվածում է մեր երկրի ներդրումային մթնոլորտին։ Նույնիսկ այն, որ Եվրամիությունը պատրաստվում է սկզբում՝ 1,6 միլիարդի, հետո՝ ևս 1 մլրդ դոլարի ներդրումներ իրականացնել մեր տնտեսության մեջ, չեն կարող հիմք դառնալ մասնավոր ներդրողների համար, որ վաղը չեն բախվելու կամայականությունների հետ։

Ներդրումները երբեք օդից չեն ընկնում, ինչպես ժամանակին պատկերացնում էին այս իշխանությունները։ Կյանքը նրանց փաստի առաջ կանգնեցրեց, բայց նույնիսկ դա դաս չեղավ։

Հիմա ինչքան էլ փորձ արվի անհատական մոտեցումներով լուծել որոշ ներդրումային ծրագրերի հետ կապված խնդիրները, դրանից իրավիճակը շատ չի փոխվի։ Բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով՝ էապես մեծացել են մեր երկրի ներդրումային ռիսկերը։ Որքան շատ են այդ ռիսկերը, այնքան բարձրանում է ներդրումների գինը, իսկ ներդրողներն ավելի զգուշավոր են դառնում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս