Բիզնեսը` իշխանության թիրախում

Թվում էր, թե ընտրություններից հետո տնտեսությունը մի փոքր շունչ կքաշի՝ վերջին ամիսների լարվածությունից ու անորոշություններից հետո։ Սակայն ընտրությունները ցույց տվեցին, որ դրանով բիզնեսի համար ծանր ժամանակները չավարտվեցին։ Ընտրությունները չլուծեցին այն խնդիրները, որոնց առաջ կանգնած էր բիզնեսը։ Ճիշտ է, հետընտրական շրջանում քաղաքական գործընթացները պասիվացել են, բայց անորոշությունները երկրում պահպանվում են։

Դրանց ավելացել են նաև տնտեսության նկատմամբ ցուցաբերվող կամայականությունները։

Բիզնեսը հայտնվել է իշխանության թիրախում։ Կապ չունի, թե դա որ ոլորտին է վերաբերում։

Այն, ինչ վերջին շրջանում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, անում է կառավարությունն առանձին ընկերությունների նկատմամբ, ուղղված է ոչ միայն այդ ընկերությունների, այլև ամբողջ տնտեսության դեմ։ Դրանից տուժելու է ամբողջ տնտեսությունը։ Ոչ մեկը չի կարող երաշխիք ունենալ, որը վաղը նույնը չի կարող լինել իր հետ։

Հիմա պատկերացրեք, թե այսպիսի միջավայրում ինչպես պիտի ներդրումներ ու ներդրումային ծրագրեր իրականացվեն։

Ներդրումների պաշտպանության համակարգը Հայաստանում ընդհանրապես չի գործում։ Եվ սա առաջին դեպքը չէ, որին ականատես ենք լինում միայն հանքարդյունաբերության ոլորտում։ Նախ՝ Ամուլսարը, հիմա էլ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ Երկու խոշոր գործող և դեռևս չգործող պրոյեկտներ, որոնց մասնակցում է արտաքին կապիտալը, բախվել են իշխանությունների կամայականություններին։

Եթե այսպիսի մեծ ծրագրերի հետ է նման բան լինում, ի՞նչ պիտի լինի մյուսների դեպքում։ Հետևությունը սրանից մեկն է. ներդրումային կապիտալը Հայաստանում անպաշտպան է։ Եվ ոչ միայն կապիտալը, այլև սեփականության իրավունքը։

Այն, ինչ տեղի է ունենում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հետ, ուղղված է սեփականության իրավունքի վերաբաշխմանը։ Իշխանությունը փորձում է խլել որոշ մարդկանց սեփականությունը՝ այլ մարդկանց վերաբաշխելու համար։ Հասկանալի է, որ խոսքը մերձավորներին նվիրելու մասին է։

Սեփականության վերաբաշխման գործընթացը Հայաստանում նոր չի սկսվել։ Դեռ ոչ վաղ անցյալում՝ վարչական մեխանիզմների կիրառմամբ, փակվեց Մեղրու մաքսային պահեստը։ Հետո պարզվեց, որ իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող գործարարներից մեկն այստեղ նոր մաքսային պահեստ է կառուցում։

Բայց սա հավանաբար սկիզբն է։ Շուտով ականատես կլինենք սեփականության իրավունքի ոտնահարման բազմաթիվ այլ դեպքերի՝ ապօրինի ծագում ունեցող գուքի բռնագանձման անվան տակ։

Այսպիսի միջավայրում, երբ մի կողմից՝ չկան ներդրումների, մյուս կողմից՝ սեփականության իրավունքի պաշտպանության տարրական պայմաններ, դժվար է սպասել լուրջ ներդրումներ ու ներդրումային ծրագրեր։

Իշխանությունները կարծես հատուկ ամեն ինչ անում են՝ բիզնեսը սպասումների ու լարվածության մեջ պահելու համար։

Այդքանից հետո, որքան էլ հայտարարվի, թե բիզնեսի համար Հայաստանում ստեղծված են դրախտային պայմաններ, դրան ոչ ոք չի հավատա։ Բոլորն էլ տեսնում են, թե ինչ է կատարվում մեր երկրում բիզնեսի հետ։ Բիզնեսը պատժվում է սեփականատերերի քաղաքական հայացքների համար։

Սա ուղղակի հարված է երկրի ներդրումային հեղինակությանն ու տնտեսությանը։ Դա բերելու է նրան, որ բիզնեսը շարունակելու է փախնել մեր երկրից։

Բիզնեսին Հայաստանում առաջիկայում դեռ շատ փորձություններ են սպասվում։

Այս իշխանությունը 2-3 տարում պետության վրա ահռելի ֆինանսական ծանրություն է դրել՝ պարտքերի տեսքով։ Ու հիմա միջազգային ֆինանսական կազմակերպությունները, ովքեր մեզ պարտքեր են տվել, ստիպում են գնալ հարկային բեռի ծանրացման։ Դա վերաբերելու է առաջին հերթին՝ փոքր ու միջին բիզնեսին։ Հարկային ճեղքի կրճատման անվան տակ կառավարությունը համաձայնել է մեծացնել ճնշումը փոքր և միջին բիզնեսի վրա՝ նրան տեղափոխելով ընդհանուր և ավելի ծանր հարկային դաշտ։ Թե դա ի՞նչ է նշանակում փոքր և միջին բիզնեսի համար, դժվար չէ պատկերացնել։ Հատկապես այսօրվա պայմաններում, երբ բազմաթիվ տնտեսվարողներ հազիվ գոյություն են քարշ տալիս։

Պետությանը դրել են ֆինանսական լուրջ ծանրության տակ ու հիմա պարտքերը վերադարձնելու համար ուզում են քամել տնտեսությանը։ Մտել ու շարունակելու են ուղղակիորեն մտնել նաև քաղաքացու գրպանը։

Տնտեսության զարգացման հաշվին բյուջետային խնդիրները լուծելու փոխարեն՝ գնում ենք տնտեսության ու քաղաքացու վրա հարկային բեռն ավելացնելու ճանապարհով։

Եթե չկարողանանք տնտեսության կտրուկ վերելքի միջոցով դուրս գալ այս ծանր շրջափուլից, հետագայում շատ ավելի լուրջ բարդությունների մեջ ենք հայտնվելու։ Բայց այս փուլում տնտեսության կտրուկ զարգացումների հույսեր չկան։ Այդպիսին են միջազգային ու տեղական ֆինանսական կազմակերպությունների գնահատականները։ Հայաստանի տնտեսության աճի նրանց սպասումները հիմնականում 3-5 տոկոսի սահմաններում են։

Սա այն աճը չէ, որը պիտի ապահովի տնտեսության արագ վերականգնումը՝ նախորդ տարվա անկումից հետո։ Հատկապես որ, կառավարությունը սկսել է խնդիրներ ստեղծել այն առանցքային հատվածներից մեկի նկատմամբ, որից մեծ կախվածություն ունի ոչ միայն տնտեսությունը, այլև ֆինանսական համակարգն ու պետական ֆինանսները։

Այսպիսին է հիմա մեր տնտեսական իրավիճակը։ Դրա պատճառներից մեկն էլ այն ծանր մթնոլորտն ու անմխիթար միջավայրն է, որն իշխանությունները ստեղծել են ներդրումների ու բիզնեսի գործունեության համար։

Որքան սա երկար շարունակվի, այնքան վատ տնտեսության ու բիզնեսի համար։

Բիզնեսին կայունություն ու հանգստություն է պետք, որն արդեն տևական ժամանակ է, ինչ չկա մեր երկրում։ Դրսից թելադրված անհանգստությունները քիչ են, մի կողմից էլ՝ իշխանություններն են անընդհատ սրում ներքին մթնոլորտը։ Սա ոչ մի կերպ չի բխում բիզնեսի շահերից։ Բայց դա կարծես իշխանություններին քիչ է հետաքրքրում։ Նրանք զբաղված են սեփական ամբիցիաներն առաջ տանելով։ Կապ չունի, թե դա ինչ կնստի պետության ու տնտեսության վրա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս