«ՆԻԿՈԼ»-յան նախաքարոզչական մանիպուլյացիաներ. Արցախը, բանակցային գործընթացն ու 40.000 ադրբեջանցիները

Հոդվածը պատրաստելու պահին դեռ ընթանում էր Ազգային ժողովի հատուկ նիստը: Ժամեր տևած երկար ու ձիգ նիստն ավարտվեց, և ձեռք բերված քաղաքական պայմանավորվածություններն այս անգամ, որքան էլ որ զարմանալի է, ոչ ոք չխախտեց. Նիկոլ Փաշինյանին վարչապետ չընտրեցին, Ազգային ժողովն էլ օրենքի ուժով արձակվեց։ Մայիսի 11-ի առավոտը մենք դիմավորեցինք մի երկրում, որտեղ շատ բուռն նախընտրական գործընթացներ են ծավալվում՝ ամենքին ու ամենը կլանելով քարոզչական հորձանուտի մեջ։ Այս պայքարում կլինեն՝ ինչպես արդար խաղացողներ, այնպես էլ՝ ոչ, կլինեն ճշտախոսներ և կլինեն պոպուլիստներ ու մանիպուլյատորներ։

Պետք է ցավով արձանագրենք, որ վերջին 3 տարիների ընթացքում մանիպուլյացիան ու պոպուլիզմը, սուտը, կեղծիքը, խեղաթյուրված ու աղճատված ինֆորմացիան սողոսկել են երկրի կառավարման վերին ատյաններ, և 3 տարիների ընթացքում օրական տարբեր չափաբաժիններով, տարատեսակ հարթակներից այն դուրս է հորդում տեղեկատվական դաշտ՝ շահարկվելով ու փաթեթավորված լինելով՝ իբրև անհերքելի ճշմարտություն։

Խեղաթյուրվել է գրեթե ամեն ինչ, ստեր հորինվել հնարավոր բոլոր թեմաների շուրջ, արվել հայտարարություններ, որոնք այդպես էլ մնացել են օդի մեջ ու չեն գտել իրենց ապացույցները։ Բայց այդ ամենի մասին՝ մաս-մաս ու մանրամասն։

Արցախի թեման հիմա առավել քան ցավոտ է մեզանից յուրաքանչյուրի համար։ Հանկարծակի բռնկված պատերազմին առնչվող տեղեկատվությունը բոլոր 44 օրերի ընթացքում և դրանից հետո մեզանում գերզգայուն արձագանքի է արժանանում։ Մենք չենք խոսի պատերազմի ընթացքում տեղեկատվական կեղծիքների մասին, «հաղթելու ենք»-ի սին պատրանքի մասին, որը հույսով էր լցնում բոլորիս։ Կխոսենք պատերազմից հետո տեղ գտած մանիպուլյացիաների մասին, որը, թերևս, մեկ արտահայտությամբ կարելի է բնութագրել հետևյալ կերպ. «Ես մեղավոր չեմ, նախկիններն են մեղավոր», որը, ինչպես կարելի է կռահել, ռացիոնալ լուծում իր հետ չի բերում երկրում ստեղծված իրավիճակը փոքր-ինչ կարգավորելու, 5000-ից ավելի զոհերի ընտանիքների ցավը մեղմելու ու կորսված երկրորդ հայկական պետությունը վերադարձնելու գործում։ Փոխարենը՝ ամրապնդում է իշխող, իսկ այս պահից՝ դե ֆակտո ժամանակավորապես իշխող քաղաքական ուժի շուրջ ձևավորված կարծիքը։

Այսպես, արդեն տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը փութաջանորեն առաջ են տանում Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին վերաբերող մի շարք կեղծ թեզեր։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային ամբողջ գործընթացը եղել է մեր ազգային և պետական շահերից նահանջի գործ։ Եվ հենց այս համատեքստում նոր շահարկումների առարկա դարձավ ԼՂ կարգավիճակի հաստատման նպատակով հանրաքվեի անցկացման կետը։ Նիկոլ Փաշինյանին բավական էր կառչել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հարցազրույցներից մեկում հանրաքվեի մասին խոսելիս ասված «Լեռնային Ղարաբաղի բնակչություն» արտահայտությունից, որպեսզի կառուցի մանիպուլյատիվ մի բարդ պատմություն։ Սկզբում նա, հոխորտալով, թե՝ «բնակչությունը ո՞րն ա», մեղադրեց ՀՀ նախկին նախագահին սխալ եզրույթ կիրառելու մեջ ու հանգեց այն եզրակացությանը, որ «բնակիչ» եզրույթն օգտագործելով, ենթադրվում է, որ նաև ԼՂԻՄ-ի ադրբեջանցի բնակիչները պիտի մասնակցեին այդ հանրաքվեին։ Իրականում, դեռևս 2020թ․ հուլիսին գործող կառավարության ընդունած ազգային անվտանգության ռազմավարության մեջ ողջ տեքստում «Արցախի ժողովուրդ» տերմինն օգտագործվում է միայն մեկ դրվագում։ Մնացած դեպքերում օգտագործվում են «Արցախի հայություն», «Արցախի բնակչություն» տերմինները, և սա փաստ է, ինչի մասին այդ ժամանակ բազմիցս ահազանգում էին փորձագետները։ Ավելին, այդ ռազմավարության մեջ բացակայում էր նաև Արցախի (կամ ԼՂ) Հանրապետություն տերմինը։ Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի այն ոգևորությունը, թե ինքը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ տերմինն է օգտագործում, ոչ մի էական նշանակություն չունի։

Դա էլ բավական չէր, Փաշինյանն իր պատմության բովանդակության մեջ նոր զարգացումներ մտցրեց, թե եթե հիմք ընդունվի ԽՍՀՄ տարիներին անցկացված մարդահամարի տվյալները, ապա ԼՂԻՄ-ում բնակված 40.000 ադրբեջանցիները Սերժ Սարգսյանի և Հանրապետականի հիշատակած հանրաքվեի բերումով կստանային ԼՂ բնակչի կարգավիճակ։ Պատմությունն այստեղ էլ չի ավարտվում, և հմուտ հեքիաթասաց Նիկոլ Փաշինյանին հաջողվում է հորինել արդարացում, թե այդ ինչպես ստացվեց, որ Արցախի հանձնված տարածքների 75%-ի մեջ մտավ նաև Շուշին, որը երբևէ բանակցային որևէ փուլում, որևէ փաստաթղթում չի քննարկվել, և դրա մասին փաստել են ոչ թե միայն ՀՀԿ-ի ներկայացուցիչները, ոչ միայն նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, այլև հենց Փաշինյանի իշխանության օրոք գործող Արտաքին գործերի նախարարությունը՝ հանձինս մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի։

Ի՞նչ է հորինել Նիկոլի երևակությունը. ըստ նրա, երբ այդ 40.000 ադրբեջանցիները հանրաքվեի արդյունքում ստանար ԼՂ բնակչի կարգավիճակ, հարց էր առաջանալու, թե որտեղ պետք է նրանք բնակվեն՝ տրամաբանորեն ենթադրելով, որ նույն տեղերում, ինչ բնակվել են նախկինում, այդ թվում՝ Շուշիում։ Մենք այժմ չենք քննարկի այն տարբերակը, որ խիստ անհավանական է, որ 40.000 ադրբեջանցիները կհամաձայնվեին գալ և բնակվել հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքում, իսկ եթե նույնիսկ այդ 40.000 ադրբեջանցիները պետք է բնակվեին նախկին ԼՂԻՄ տարածքում, նրանք նույն հաջողությամբ կարող էին բնակվել Շահումյանի շրջանում, կամ, ասենք, ԼՂԻՄ տարածքից Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած մյուս շրջաններում, այլ ոչ թե՝ հայկական Շուշիում ու Հադրութում։

Փաստը մնում է փաստ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասով հանրաքվե չի անցկացվել, ավելին, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հստակություն էլ անգամ չկա, սակայն Շուշին հանձնված է, և հետևելով, թե ինչ ինտենսիվությամբ է Ալիևի վարչակազմը վերացնում հայկականությունն այդ տարածքներից, ապա հենց Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով գուցե շատ շուտով Շուշիում բնակություն հաստատեն իր կողմից այդքան ոգևորությամբ հիշատակվող 40.000 ադրբեջանցիները։

Շարունակելի…

Տեսանյութեր

Լրահոս