«Համբերատար մարդը միշտ հաղթում է». ռեփեր Միշո
Ռեփեր Միշոն՝ երաժշտության, իր ծրագրերի, հասարակության խնդիրների և հայ աղջիկների մասին
2004թ. հայկական շոու-բիզնես մուտք գործեցին երիտասարդներ, ովքեր հանդես եկան «Հայ տղեք» անվան ներքո: Միշոն (իսկական անունը` Միքայել Աբրահամյան) և ՀՏ (Հայ տղա) Հայկոն (իսկական անունը` Հայկ Մարգարյան), միանգամից սիրվեցին հայ երիտասարդության կողմից: Տղաների երաժշտությունը ռեփն էր, որն ընդունվեց և հետզհետե լայն կիրառություն ստացավ: Տարիներ անց երգիչները լուծարեցին թիմը՝ անձնական կարիերա ստեղծելու համար: Այսօր ոլորտը բավական հարուստ է, ինչից չեն դժգոհում ռեփերները:
168.am-ի հետ զրույցների ընթացքում, թե Միշոն, թե Հայկոն նշել էին, որ դրական են գնահատում նորաթուխ ռեփերների՝ ոլորտում կատարած առաջին քայլերը: Ըստ երգիչների՝ նրանցից շատերն աճելու և բարձունքների հասնելու լայն հնարավորություններ ունեն: Այսօր Հայկոն և Միշոն զբաղվում են անձնական կարիերայով, նկարահանում են տեսահոլովակներ և երբեմն-երբեմն մասնակցում են համերգային ծրագրերի:
Ռեփեր Միշոյին հայ հանդիսատեսը կարող է հիշել նաև «Poker.am» և «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմերից: Այսօր Միշոն, բացի երգարվեստով զբաղվելուց, երբեմն նկարահանվում է նաև տեղական արտադրության գեղարվեստական ֆիլմերում: Նշենք, որ օրեր առաջ Միշոն վերադարձավ Եվրոպայից, ուր մեկնել էր այնտեղի ռեփերների հետ տեսահոլովակներ նկարահանելու:
– Նկարեցի՞ք տեսահոլովակը:
– Մի կլիպ պետք է նկարեի Ամստերդամի ռեփերներից մեկի հետ, բայց, ցավոք սրտի, ինչ-որ դեպք պատահեց, որի պատճառով չնկարեցինք: Փոխարենը՝ չորս ռեփերներով մի թույն երգ ենք ձայնագրել, որի վրա պետք է Հայաստանում աշխատենք:
– Վերադառնալուց հետո ինչի՞ վրա ես աշխատում:
– Մի քանի հոգու հետ խումբ ենք ստեղծել՝ ես, 3:33 (A. Chila, Ֆելիքս Խաչատրյան) խմբի տղերքը, Ռոլանդ Գասպարյանը, Սերժօն: Միասին համատեղ նոր պրոյեկտ ենք ստեղծել: Մի քանի տեսահոլովակներ պետք է նկարենք: Իսկ իմ նոր ալբոմին դեռ չեմ անդրադառնա: Սենց ասում եմ, բայց միշտ ավելի շուտ եմ անդրադառնում, քան ասում եմ:
– Անհամբե՞ր մարդ ես:
– Բոլորն են ուզում,, որ ամեն ինչ շուտ լինի, բայց համբերատար եմ: Համբերատար մարդը հաղթող է: Նույնն էլ պոկերում է:
– «Poker.am» ֆիլմում քո կերտած կերպարն ինչ-որ ազդեցություն ունեցե՞լ է քեզ վրա:
– Երևի ես ավելի շատ ազդեցություն ունեմ ֆիլմի վրա: Իմ կերպարի վրա են շատ աշխատել: Դա միակ խաղաքարտային խաղն ա, որով, լավ իմաստով, տարվել եմ: Դա միակ խաղն ա, որի միջոցով մարդկանց կարողանում ես բացահայտել:
– Քո կյանքում, եթե քեզ շրջապատող մարդկանց համեմատենք պոկերի խաղաքարտերի հետ, ապա ո՞ր քարտն է ավելի շատ գերակշռում:
– Բոլորից էլ պահում եմ, բազմազանությունը հետաքրքիր է: Ցածր քարտերին սովորեցնում եմ, բայց բարձր քարտերի հետ աշխատելը հետաքրքիր է:
– Քեզանից սովորո՞ւմ են:
– Չգիտեմ, սովորողներից հարցրեք: Սովորում են, երևի, մաթեմատիկա:
– Լա՞վ ես մաթեմատիկայից:
– Լավ եմ հաշվելուց: Բայց ես ֆիզիկայի գիժ եմ: Սիրում եմ ամեն ինչի բացատրությունն ու պատճառը գտնել:
– Դու իրականում այնպիսին չես, ինչպիսին ճանաչում է քեզ հասարակությունը: Ի՞նչն է ստիպում մարդկանց՝ քո մասին թյուր կարծիք ունենալ:
– Հասարակությունը երկու մասի եթե բաժանենք, մի մաս կա, որն ինձ հետևում է, կան նաև մարդիկ, ովքեր «Հայ տղեքի» 2005-2006 թվականների աղվամազ տղաների ասելիքներն են հիշում, իմ նոր աշխատանքները չեն տեսել, բնական է, որ ճանաչում են էն ժամանակվա Միշոյին: Իսկ մարդիկ, ովքեր ինձ հիմա են լսում, կարող են զարմանալ, թե ի՞նչ եմ երգում, ինչի՞ մասին եմ երգում, ի՞նչ եմ ասում: Ժամանակները փոխվում են, փոխվում են նաև մարդիկ ու ասելիքները:
– Քեզ էկրաններից դիտելիս ոչ ոք չի կարող պատկերացնել, որ դու գրական բառեր էլ ես օգտագործում: Կարդո՞ւմ ես:
– Չէ: Դա իմ մինուսներից է: Ինձ փոքր ժամանակ ստիպում էին կարդալ, երևի դրա համար էլ կարդալ չեմ սիրում: Փոքր ժամանակ «Սամվել» վեպն եմ կարդացել և «Մոնտե Քրիստոն»: Երկուսն էլ շատ դժվար եմ կարդացել: Ես ավելի շատ պոեզիա եմ սիրում: Հիմա հեռախոսով եմ լսում էն, ինչ ինձ պետք ա:
– Ինչպիսի՞ն պետք է լինի մարդը, որ քեզ դուր գա:
– Պարզություն եմ սիրում. դա բարդ ա ստացվում մարդկանց մոտ: Երբ նայում եմ մարդկանց՝ ծանրաբեռնվածություն եմ տեսնում: Իրականում մարդկանց ուսումնասիրել շատ եմ սիրում: Բոլորի դեմքերի համատարած ծանրաբեռնվածությունը շատ զգալի ա:
– Ինչո՞վ կարող ես մարդկանց ճանաչել:
– Ես մարդուն կարող եմ ճանաչել երաժշտությամբ: Եթե մարդն ասի, թե ի՞նչ երաժշտություն է սիրում, ես կասեմ, թե ինչ մարդ է ինքը: Երաժշտություն, բայց ոչ՝ երաժշտական ուղղություն: Չեմ սիրում, երբ մարդ սիրում է, կամ ասում է, որ սիրում է մի ոճի երաժշտություն, իսկ մնացած ոճերն անգամ չի էլ փորձում հասկանալ: Եթե դու չգիտես այդ ոճի գեղեցկությունը, չես սովորել դրա այբուբենը, դու ո՞նց կարող ես ասել, թե չես սիրում կամ չես հասկանում այդ ոճը:
– Մեր հասարակության մեջ ի՞նչ խնդիրներ ես տեսնում: Ի՞նչը քեզ չի հերիքում:
– Մի մեծ պրոբլեմ կա այս ազգի մեջ, որն, ինձ թվում ա, որ վերևներից պետք է լուծվի: Պետք է շատ լավ լիդեր լինի՝ օրինակելի մարդ, ով կտանի իր հետևից այս ազգին: Եթե լիդերը լավը լինի, մնացած պաշտոնյաներն էլ լավը կլինեն: Հասարակության պրոբլեմը դա բոլորի վատ ապրելն է: Սոցիալական վիճակն ա: Գումարի դեպքում կվերանա ատելությունը: Բացի դա էլ, մարդկանց մոտ արմատացած են մի քանի վատ ավանդույթներ, որ խանգարում են:
– Ո՞նց ես վերաբերվում ավանդույթներին:
– Մարդն ավանդույթներից պետք է քաղի էն, ինչն իր սրտով ա, ոչ թե ուղղակի ապրի դրանցով: Եթե դու չես էլ փորձում հասկանալ, թե ինչն է քեզ դուր գալիս, այլ շարժվում ես հասարակության թելադրանքով, ապա դու ազատ մարդ չես: Դու ուղղակի ապրում ես ուրիշի մտածածով:
– Քո երգերում օրենքներ չկան, ասում ես այն, ինչ ուզում ես: Դա լա՞վ է:
– Ես գրում եմ նենց, ոնց տեսնում եմ: Զենքը դա է, որ չես մտածում՝ ինչպե՞ս գրես: Մարդիկ մտածում են՝ ո՞նց գրեն: Դա է այսօր մեր էստրադայի խնդիրը: Անկեղծությունը երևում է: Մեր մոտ բոլորը նստում-մտածում են, թե ո՞նց անեն, որ ոչ մեկն ուրիշ բան չմտածի: Իմ երգերը տարբեր են, ես դրանից չեմ վախենում, ինձ դուր ա գալիս: Դա Սերժօյից ա գալիս: Նա տաղանդ ա, շատ մեծ երևակայության տեր մարդ ա: Շատ փակ ա երաժշտության մեջ: Նա քիչ է խոսում, բայց շատ լավ ծրագրեր ա անում:
– Քեզ դո՞ւր է գալիս հայ աղջկա կերպարը:
– Հայ աղջիկները, ասել եմ ու կասեմ, որ ամենասիրունն են: Բայց մեկ-մեկ սխալվում են: Նրանք շուտ ու շատ են նվիրվում, հաճախ՝ սխալ մարդկանց, որը չարժի: Հայ աղջիկները հիմնականում իրենք իրենց արժեքը չգիտեն: Աղջիկը պետք է իր արժեքն ունենա: Եթե աղջիկն այնքան է թույլ տալիս, ինչքան որ կա, ապա նա ա մեղավոր հաստատ: Բայց հայ աղջիկներ էլ կան, ովքեր իսկապես գիտեն իրենց արժեքը, օրինակ՝ իմ ընկերուհին: Մենք իրար շատ նման ենք, նույնիսկ այնքան, որ մեկ-մեկ վախենում եմ: