Լեգիտիմացման վտանգավոր նախադեպ. ինչպե՞ս է Ալեն Սիմոնյանը հիմնավորում Բաքվի հնարավոր հարձակումը. ՄԱԿ-ի բանաձևերի մանիպուլյացիան

Այսօր ԱԺ-ում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել են, թե ի՞նչ է սպասվում այն արցախցիներին, որոնք երեկ գնացել են Կոռնիձոր, լուսանկարվել Արցախի ֆոնին, իսկ վերադարձի ճանապարհին ԱԱԾ-ն նրանց հեռախոսներն առգրավել է: Ի պատասխան՝ նա նախ հարկ է համարել հարցադրում-«դիտողություն» անել՝ նշելով.

«Ուզում եմ հարցնել, իսկ ինչո՞ւ եք Արցախ ասում, ինձ զուտ հետաքրքիր է։ Ինչո՞ւ եք այդ դեպքում վատ զգում, երբ Հայաստանի Հանրապետության ինչ-որ տարածքների ադրբեջանական անվանումներ են տալիս, Սևանին ինչ-որ տեղ ինչ-որ այլ անվանում են տալիս, վատ եք զգում, ինչո՞ւ եք վատ զգում։ Ինչո՞ւ նույն Ղարաբաղի Սահմանադրության անվանումը չեք տալիս, ուղղակի հետաքրքիր է, որովհետև դուք բոլորդ քաղաքականացված եք, բոլորդ զբաղված եք պահանջատիրական բաներ ներկայացնելով։ Այդ դեպքում, ես ձեզ խնդրում եմ, վատ մի զգացեք, որ ինչ-որ մի երկրում, ինչ-որ մարդ կարող է Երևանին ասի՝ Էրիվան, Սևանին ինչ-որ այլ բան ասի։ Ղարաբաղն էլ Ադրբեջանինն է, և՞, բա ինչո՞ւ եք ուրիշ անուն տալիս»։

Կարո՞ղ ենք ասել, որ իր քաղաքական մրցակիցներին «պատերազմ հրահրող արտահայտություններ անելու» համար մեղադրող իշխանության ներկայացուցիչը, որը ղեկավարում է օրենսդիր մարմինը, լեգիտիմացնում է Հայաստանի հնարավոր նոր պատերազմը և դրա համար լեգիտիմ հիմքեր տալիս: Ընդ որում, սրանից առաջ Ալեն Սիմոնյանն արդեն հասցրել է լեգիտիմացնել 2020 թվականի սեպտեմբերին Արցախի և Հայաստանի դեմ պատերազմ սկսելու Բաքվի ռազմաքաղաքական պլանը: Մասնավորապես, 2024 թվականին «Ազատության» հետ զրույցում՝ հարցին՝ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ունե՞ր հարձակվելու Ղարաբաղի վրա, Սիմոնյանը պատասխանել էր. «Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև»:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 1992-1996թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, լուսահոգի Վլադիմիր Կազիմիրովն ասել է ժամանակին, որ ՄԱԿ-ի 4 բանաձևերը հենց Ադրբեջանը չի կատարել:

Կարդացեք նաև

«Նրանք բոլորը տապալված են, չեն իրագործվել: Իսկ ո՞ւմ կողմից չեն իրագործվել` Ադրբեջանի: 1993 թ. գարնանը հայերը գրավեցին Քելբաջարը: Այս գործողության հաջողությունը հայերին, Լաչինի միջանցքից բացի, ապահովեց Ղարաբաղը և Հայաստանը կապող ևս մեկ ուղիով: Դրանից հետո Ադրբեջանը հանդես է գալիս նախաձեռնությամբ, որ այս հարցը քննարկի Անվտանգության խորհուրդը:

ԱԽ-ն 1993թ. ապրիլի 30-ին ընդունում է Լեռնային Ղարաբաղի հարցով 822-րդ բանաձևը: Բաքուն ակնկալում էր, որ բանաձևն իր մեջ կներառի զբաղեցած ադրբեջանական տարածքներն ազատելու վերաբերյալ հայերին ուղղված պահանջ: Սակայն ադրբեջանական կողմը հաշվի չէր առել, որ փաստաթղթում այս պահանջին կնախորդի կարևորագույն պահանջ` անմիջապես դադարեցնել կրակը, ռազմական գործողությունները և նույնիսկ «թշնամական գործողությունները»:

Իսկ ի՞նչ են իրենից ներկայացնում «թշնամական գործողությունները»: Դա հայկական տարածքների էներգետիկ, տնտեսական, տրանսպորտային շրջափակումն է: Այ սա Բաքուն չէր սպասում: Իսկ դա բոլոր չորս բանաձևերում կարևորագույն պահանջն է` կրակի դադարեցումը:

Սակայն Ադրբեջանը դեռևս պատրանքների մեջ էր, որ կկարողանա հաղթել հայերին ուժով: Նրա ներուժը, իհարկե, ավելի զգալի կամ պատկառելի է`և՛ տարածքով, և՛ բնակչությամբ, և՛ զինվածությամբ, այն պատճառով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանին բաժին էր հասել ավելի շատ ռազմական գույք, քան Հայաստանին: Օրինակ, Աղդամի պահեստներն Անդրկովկասում խորհրդային բանակի ռազմավարական պաշարներն էին: Ադրբեջանում կա շուրջ 16 օդանավակայան, իսկ Հայաստանում` միայն 2-3-ը: Սակայն միայն ներուժը բավարար չէ հաղթանակի համար: 822-րդ բանաձևի ընդունումից հետո ես համոզեցի ամերիկացիներին և նույնիսկ թուրքերին:

Եվ մենք` երեքով` Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Թուրքիան, գրավոր հարցով դիմեցինք հիմնախնդրի բոլոր երեք կողմերին. «Պատրա՞ստ եք դուք 822-րդ բանաձևի լիակատար կատարման»: Երևանն ու Ստեփանակերտը տվեցին իրենց համաձայնությունը, Բաքուն նախընտրեց ընդհանրապես չպատասխանել, որովհետև նա հույս ուներ, այդուամենայնիվ, հաղթանակ տանել: Այդ իսկ պատճառով պատերազմը չէր դադարում: Եվ Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ-ի չորս բանաձևերը փաստացի արժեզրկվեցին: ԱԽ-ն արդեն չէր ցանկանում ընդունել հինգերորդ բանաձևը, քանի որ դա խաթարում էր նրա հեղինակությունը, նա ընդունում է բանաձևեր, իսկ դրանք չեն կատարվում: Դրա համար էլ, երբ մենք աշխատում էինք զինադադարի համաձայնագրի վրա, մենք չէինք կարող աշխատել Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա: Մենք ստիպված էինք մեր համար ստեղծել այլ հիմք»,- 2016 թվականին «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականին տված հարցազրույցում մանրամասնել էր Կազիմիրովը:

Այսինքն, ՄԱԿ-ի բանաձևերը չկատարելու մեջ Ադրբեջանը մշտապես մեղադրել է Հայաստանի Հանրապետությանը, և դա արել է նաև 44-օրյա պատերազմից օրեր առաջ:

2020 թվականի սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի բացման կապակցությամբ իր տեսաուղերձում հիշել էր ՄԱԿ-ի բանաձևերի մասին և շեշտել. «Մենք ունենք միայն մեկ պայման խաղաղության հասնելու համար՝ Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի գրավյալ բոլոր տարածքներից»:

Եթե անգամ մի պահ ընդունենք, որ Ադրբեջանն ուներ լեգիտիմ իրավունք Արցախի դեմ հարձակվելու, ապա ինչո՞ւ էր Հայաստանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին շտապում ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարել, ինչո՞ւ չէր առաջին իսկ օրերին կանգնեցնում պատերազմը, ինչո՞ւ էր նույն Ալեն Սիմոնյանը 2020 թվականի հոկտեմբերին, երբ դեռ պատերազմ էր ընթանում, «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարում, որ կա երկու ընտրություն՝ մեկը «Լավրովի պլանն է», որն իր համար անընդունելի է, մյուսը՝ պատերազմում բեկում մտցնելը, որի հնարավորությունը, գտնում էր, որ ունեինք:

Պատերազմից 6 տարի անց Ալեն Սիմոնյանը կարո՞ղ է ասել՝ սխալվե՞լ ենք, որ «ոչ լեգիտիմ» պայքարի ենք դուրս եկել Ադրբեջանի «լեգիտիմ իրավունքի» դեմ, կամ՝ ինչի՞ հիման վրա էր 2020 թվականի հոկտեմբերի կեսերին վստահ, որ կարողանալու ենք բեկում մտցնել, և ինչո՞ւ չմտցրեցին, ավելին, ինչո՞ւ էր «Լավրովի պլանն» անընդունելի, բայց 2022 թվականի պրահյան փաստաթղթերը՝ ընդունելի, որով ամբողջ Արցախն անցավ Ադրբեջանին: Կասեն՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությո՞ւնն են պաշտպանել, իսկ ինչո՞ւ դա չեն փորձել անել պատերազմը կանխելով, օրինակ, «Լավրովի պլանով», և այդ ո՞վ է կասկածի տակ դրել ՀՀ տարածքային ամբողջականությունն այն կիլոմետրաժով, որով ՀՀ-ն անկախացել է:

Չմոռանանք, որ 2019 թվականին գործող իշխանությունը՝ ի դեմս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, նշում էր, որ իրենց «ազատություններն ու միասնական երազանքները պաշտպանված են 42.000 քկմ տարածքի վրա»: Դարձյալ կասեն՝ սխալվե՞լ են, իսկ Ալեն Սիմոնյանը կարդացե՞լ է, որ Նիկոլ Փաշինյանի՝ «Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են» վերտառությամբ հոդվածը, որտեղ նա, մասնավորապես, նշել է.

«Մի քանի անգամ հայտարարել եմ, որ նույնիսկ ՀՀ 29.743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անբաժանելի մաս հանդիսացող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր այն տարածքները, որ ներկայումս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո…»:

Օկուպացված տարածքները չեն վերադարձվել, չէ՞, փաստացի ստացվում է, որ չկա 29.743 քկմ տարածք, թե՞ այս դեպքում էլ մտքային սխալմունք է:

Մի տեսակ շատ չե՞ն սխալվում գործող իշխանությունները… իսկ իրականում դա ոչ թե սխալ է, այլ տվյալ պահին ձեռնտու քաղաքական հաշվարկված քայլ, սա վերաբերում է նաև «Աղդամը մեր հայրենիքն է» արշավին, որի մասին բազմիցս գրել ենք, ինչն ավելի ուշ հաստատել է ինքը՝ Ալեն Սիմոնյանը, որ նպատակը Սերժ Սարգսյանին հակադրվելն էր:

Իսկ ի՞նչ եք կարծում՝ 2019 թվականի սեպտեմբերին այդ ժամանակվա Արցախի նախագահ Բակո Սահակյանին մարզպետ որակելը պատահակա՞ն էր, իհարկե՝ ոչ: Եվ հարցն այն է, որ այսօր լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ըստ էության, չի բացառել, որ կարող է հետագայում էլ ինչ-ինչ տեսակետների փոփոխություն լինի, քանի որ այսօրվա իրենց գաղափարական կերպափոխումը պայմանավորել են աշխարհում արագ փոփոխվող մարտահրավերներով և զարգացումներով:

Բնականաբար, Հայաստանը պետք է կարողանա աշխարհաքաղաքական զարգացումներին համահունչ քայլել և իր շահը, ազգային շահը համադրել այլ պետության շահերին, բայց արդյո՞ք այս իշխանությունները դա անում են:

Ալեն Սիմոնյանի բերած օրինակներից որոշները բացարձակ դրա մասին չեն, դու չես կարող իշխանափոխությունից հետո արշավ սկսել՝ «Աղդամը մեր հայրենիքն է», երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ բացատրել էր՝ ինչո՞ւ էր Աղդամը պետք վերցնել և ինչո՞ւ է ասել՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ», բայց վերցվել էր նրա խոսքից միայն մի կտոր և շահարկվել:

Կամ՝ ի՞նչ կապ ունի փոփոխվող աշխարհը, երբ նախկինների օրոք պատմաբան-ուսուցիչ Սուրեն Պապիկյանն աշակերտներին սովորեցնում էր, օրինակ, որ ադրբեջանցիները կովկասյան թաթարներ են, որոնք այս կամ այն հանգամանքով պայմանավորված՝ ներթափանցել են մեր տարածաշրջան, իսկ հիմա, թերևս, այլ «պատմական իրողության» կրող է:

Չես կարող, ունենալով բարձրագույն կրթություն, ինչ-որ փուլում ոչ միայն Արցախը, այլև ՀՀ որոշակի հատված համարես հայկական, հետո՝ ադրբեջանական, բայց հիմք ընդունես 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիր, 1975 թվականի քարտեզ և այլն: Սա բացարձակ դրական փոփոխություն չէ: Իհարկե, աշխարհաքաղաքական իրողությունները սովորեցնում են վերանայել մարտավարությունը, բայց ոչ վերաշարադրել պատմական փաստերը: Այսօր ոչ ոք չի ասում, թե պետք է ուժով ետ վերցնել կորսված Արցախը, կամ՝ վերադառնալ այնտեղ, քանի որ ներկա իրողությունները դրա «իրավունքը» չեն տալիս: Ոչ ոք չի ասում, որ պետք է զրոյական կետից սկսել և «ջնջել» վաշինգտոնյան փաստաթղթերը, բայց լրացնել, իհարկե, կարելի է, հատկապես Իրանի դեմ պատերազմի ֆոնին: Ի՞նչ է՝ Իրանի դեմ պատերազմը հետևությունների տեղիք չի՞ տվել:

Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը Երևանին «Իրևան» է ասում, Սևանին՝ «Գյոյչա», և այսպես շարունակ, ապա դա պատասխան գործողություն չէ, Ալիևը երբեք ո՛չ դա, ո՛չ «արևմտյան Ադրբեջան» քաղաքական պրոյեկտը (որը եղել է 2020 թվականի պատերազմից առաջ) դրանով չի պայմանավորել, այլ՝ ադրբեջանցիների վերադարձը Հայաստան դիտարկում է մարդու միջազգային իրավունքների համատեքստում: Սա պետական քաղաքականություն է, որի շրջանակում «գիտական-իրավական ապացույցներ» են ստեղծվում, այդ թվում՝ «արևմտյան Ադրբեջանին» վերաբերող վիրտուալ հանրագիտարանային ռեսուրս, որը  ներառում է քարտեզներ, և որոնք, մասնավորապես, ընդգրկում են «Երևանը և Գյումրին, մզկիթներ, գերեզմաններ և 1192 գյուղ», «Արևմտյան Զանգեզուրի» տեղանունների բառարան, և այլն: Ավելին, պարբերաբար զգուշացնում են, որ այս ամենը թղթի վրա չի մնալու, լինելու է ֆիզիկական վերադարձ և վերահսկողություն:

Շեշտենք, որ Ալիևը սա չի պայմանավորում նրանով՝ արդյոք լրագրողներն Արցա՞խ են ասում, թե՞ Ղարաբաղ: Իսկ ՀՀ սահմանադրությունից էլ հեռացնել է տալիս Անկախության հռչակագիրը զուտ ինչ-որ քաղաքական ամբիցիաներից, տակտիկայից և գուցե «վախերից» ելնելով, բայց դրա բացառումը չի կանխելու «արևմտյան Ադրբեջանի» հետ կապված Ալիևի քաղաքական պլաններ, որոնք կարո՞ղ է մի օր Փաշինյանի իշխանությունը սկսի լոբբինգ անել, և հիմա՝ ընտրություններից առաջ դրա վրա շեշտը չեն դնում, որ տրամադրություններս չընկնի: Չի բացառվում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031