ԱՄՆ բոլոր հաշվարկները տապալվել են, Իրանի հետ պատերազմը կանդրադառնա ԱՄՆ կշռի վրա աշխարհում․ Լուկիանով
Նահանջելով Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները ոչնչացնելու իր վերջնագրից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում, ինչպես նաև նախատեսվում են բանակցություններ։ Ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ակտիվ բանակցություններ է վարել Իրանի հետ, և երկու կողմերն էլ հասել են «կարևոր համաձայնության կետերի»։
Թրամփը հայտարարել է, որ կիրակի օրը տեղի ունեցած բանակցությունները կշարունակվեն։
«Մենք շատ, շատ արդյունավետ բանակցություններ ունեցանք։ Կտեսնենք, թե դրանք ինչի կհանգեցնեն։ Ես կասեի, որ մենք համաձայնության եկանք շատ կարևոր կետերի շուրջ, գրեթե բոլորի։ Մենք, հավանաբար, այսօր հեռախոսով բանակցություններ կվարենք»,- ասել է նա։
Թրամփը հավելել է, որ բանակցությունները ղեկավարում են Մերձավոր Արևելքի հարցերով իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և իր փեսան՝ Ջարեդ Քուշները։ Նա չի նշել Իրանում այն անձի անունը, որի հետ ԱՄՆ-ը բանակցություններ է վարել, սակայն ասել է, որ ներգրավված է եղել բարձրաստիճան, հարգանք վայելող առաջնորդ։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիից որևէ տեղեկություն չի ստացել։
Նա ասել է, որ չգիտի՝ Խամենեին ո՞ղջ է, թե՞ ոչ, և հավելել է, որ չի ուզում, որ նա սպանվի։
Ամերիկյան առաջնորդը պնդում է, որ Իրանը համաձայնել է չստեղծել միջուկային զենք, և խաղաղ կարգավորման պատրաստակամություն է ցուցաբերում։ «Այժմ Իրանը ևս մեկ հնարավորություն ունի վերջ դնելու Ամերիկայի և նրա դաշնակիցների հասցեին հնչեցվող իր սպառնալիքներին, և մենք հուսով ենք, որ նրանք կօգտվեն դրանից»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ հաջողության դեպքում «Ամերիկան և ողջ աշխարհը շատ ավելի անվտանգ կդառնան»։
Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ը ձգտում է Իրանից միջուկային նյութերի դուրսբերմանը և համարում է, որ բանակցություններն ընթանում են «գրեթե կատարյալ»։
Նրա գնահատմամբ՝ պայմանավորվածությունների կատարումն «էապես կավարտի այս հակամարտությունը»։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը հնարավոր է համարել լուրջ քաղաքական փոփոխություններն Իրանի ներսում։ Նրա խոսքով՝ երկրում կարող է տեղի ունենալ «վարչակարգի շատ լուրջ փոփոխություն», չի բացառվում նաև «համատեղ ղեկավարության» ստեղծումը՝ իրանցի անհայտ առաջնորդի մասնակցությամբ։ Միևնույն ժամանակ, Թեհրանում պաշտոնյաների մի մասը շարունակում է հերքել բանակցությունների փաստը, ինչը, ըստ Թրամփի, կարող է պայմանավորված լինել նրանով, որ տեղեկատվությունը «բոլորին չի հասցվել»։
Ըստ Axios-ի տվյալների՝ որպես միջնորդ հանդես են գալիս Պակիստանը, Եգիպտոսը և Թուրքիան։ Թեհրանում հերքում են Վաշինգտոնի հետ ուղղակի և անուղղակի շփումները։ Իսրայելական աղբյուրների տվյալներով՝ ամերիկյան կողմի հետ Իրանի կոնտակտը պահպանում է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Jerusalem Post-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններում Իրանի կողմից մասնակցում է իրանական խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Այս մասին գրում է նաև Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյային։
Նա X-ում գրել է, որ Ղալիբաֆի հետ շփվել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկյան առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Ղալիբաֆի մասնակցությունը բանակցություններին հաստատում է նաև իսրայելական Ynet-ը՝ միևնույն ժամանակ նշելով, որ գործընթացը հիմնականում տարվում է միջնորդների միջոցով, և պարզ չէ՝ արդյո՞ք Իրանի խորհրդարանի խոսնակը պահպանում է ուղղակի կապ ամերիկացիների հետ։ Ինքը՝ Ղալիբաֆը, հերքում է դա։
ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին լուրերը նա անվանել է «կեղծ նորություններ», որոնց նպատակը ֆինանսական և նավթային շուկաներով մանիպուլյացիա անելն է։
«Իրանցի ժողովուրդը պահանջում է ագրեսորների լիակատար և խիստ պատիժ»,- գրել է նա X-ում։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերքել էր, որ բանակցություն է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ՝ հենց այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե վերջին մի քանի օրերին կողմերը «համաձայնության կարևոր կետեր» են գտել։ Պետական IRNA լրատվական գործակալությունը, վկայակոչելով նախարարության խոսնակին, հաղորդում է, որ վերջին օրերին բարեկամ երկրները հաղորդագրություններ են փոխանցել, ըստ որոնց՝ ԱՄՆ-ը խնդրել է բանակցություններ սկսել պատերազմն ավարտելու նպատակով, սակայն Իրանը չի արձագանքել այդ առաջարկին։
Այս ամենին զուգահեռ՝ Թեհրանն ու Թել Ավիվը շարունակում են ռազմական հարվածները։ Պատերազմի 25-րդ օրն Իսրայելը շարունակել է հարվածները Թեհրան, Թավրիզ, Սպահան և Կարզի քաղաքներին, նաև Արևելյան Ադրբեջան նահանգին: Կան զոհեր, այդ թվում՝ երեխաներ: Իրանը հայտնել է, որ Սպահանի և Խորամշահրի շրջաններում Իսրայելը հարվածել է էներգետիկ ոլորտի հետ կապված օբյեկտներին: Իրանն իր հերթին՝ հարվածել է՝ ինչպես մայրաքաղաք Թել Ավիվին, այնպես էլ՝ Իսրայելի հարավային և կենտրոնական շրջաններին: Ըստ իսրայելական մամուլի՝ կան վիրավորներ և ավերածություններ: Իրանը նաև հարվածել է Քուվեյթին և Սաուդյան Արաբիային: Reuters-ի փոխանցմամբ՝ անօդաչուի հարվածից Բահրեյնում խափանվել է ամպային ծառայություններ մատուցող հսկայի՝ Amazon Web Services-ի գործունեությունը: Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը, դեռ փակ է:
Ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը հասել է մի հանգրվանի, երբ արդեն հասկանալի չէ նախաձեռնողների համար, թե ինչ պետք է անել հետո, քանի որ շատ է ձգձգվում այս պատերազմը։
Նրա կարծիքով, Թրամփի հույսն Իրանի արագ կապիտուլյացիան էր, որը պետք է տեղի ունենար մի քանի հարվածների հետևանքով։
«Դա էր ԱՄՆ հաշվարկն ու հույսը, որի հիմքում համոզմունքն էր, որ Իրանը չունի բավարար ռեսուրսներ դիմակայելու, ետ մղելու, պատասխանելու իր հակառակորդներին, չունի լծակներ։ Մեծ սխալ հաշվարկ էր նաև այն, որ Իրանի ղեկավարներին վերացնելով՝ Իրանի իշխանական բուրգը կփլվի։ Ստացվեց, որ սա սխալ հաշվարկ էր։ Իրանի իրական ներուժը, լծակները, ռեգիոնում ազդեցությունը լիարժեք չէր գնահատվել, ակնհայտորեն Իրանի հատկապես վերջին հարվածները ռեգիոնում ԱՄՆ դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքներին, էներգակիրների գնաճի ու Հորմուզի նեղուցի փակման հետ մեկտեղ, լուրջ խնդիր դարձավ ԱՄՆ-ի համար։ Սակայն Իրանը այս մասին հաճախ էր հայտարարել»,- ասաց Լուկիանովը։
Նա չի հասկանում, թե իրականում ինչպես կարող էին նման հաշվարկներ դրվել նման լուրջ որոշման հիմքում, ինչպես կարող էր Իրանը դիտարկվել այնպես, ինչպես, օրինակ՝ Վենեսուելան։
«Ամեն դեպքում երկարատև պատերազմ նախատեսված չէր, ուստի ռազմագործողությունների ձգձգումը խախտեց բոլոր սցենարները»,- ասաց նա, շարունակելով, թե Թրամփը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում և փորձում է դրանից դուրս գալ։ հայտնվել է մի իրավիճակում, որն ինքը չի կարող կառավարել և որը աճող խնդիրներ է առաջացնում բոլոր մյուսների համար։
«Ուստի Թրամփը փորձում է բանակցությունները ներկայացնել՝ որպես հաղթանակ, նշելով, թե դրանք լավ են ընթանում այն դեպքում, երբ Իրանը հերքում է դրանք, պատերազմը շարունակվում է, իսկ ԱՄՆ-ը միջնորդավորված փորձում է բանակցային սեղան բերել Իրանին, փորձելով իրավիճակը վերադարձնել կառավարելի դաշտ։ Այս ամբողջ իրավիճակում աշխարհն իսկապես գործնականում զգաց Հորմուզի նեղուցի նշանակությունը, հենց սա է պատճառը, որ Թրամփը հայտարարում է, թե նաև ինքը կվերահսկի այնտեղ իրավիճակը, այն դեպքում, երբ այն շարունակում է փակ մնալ Իրանի կողմից։ Ակնհայտորեն, թեև իրավիճակը բարդ է նաև Իրանի համար, Իրանը հեշտ չի բանակցելու»,- ասաց Լուկիանովը։
Նրա կարծիքով, այն, թե ինչպես ամերիկյան կողմը կհանգուցալուծի ստեղծված իրավիճակը, կորոշի ԱՄՆ կշիռը համաշխարհային թատերաբեմում, քանի որ բացահայտվում են ԱՄՆ իրական հնարավորությունները։
«Եվ դա որոշիչ է բոլոր ռեգիոնների, այդ թվում՝ Հարավային Կովկասի համար, որտեղ ԱՄՆ-ը վերջին շրջանում ամրապնդվում է»,- ասաց նա։



