Մետրոյում վարչապետի և արցախցի կնոջ վիճաբանությունը․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում. «Սիվիլնեթ»

Սիվիլնեթ. Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է Երևանի մետրոյում մարտի 22-ին տեղի ունեցած միջադեպը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ՝ Արմինե Մոսիյանի միջև: Այն հասանելի է դարձել Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից։ Տեսանյութի առնչությամբ շրջանառվում են նաև տարբեր մեկնաբանություններ և վերագրումներ։

«Նիկոլ Փաշինյանը բորբոքվեց արցախցի աղջկա հետ խոսելուց, քանզի վերջինս իրեն ուղղված Հայաստանի Հանրապետության քարտեզի ժամանակ քամահրանքով ասաց, որ չի ընդունում Հայաստանը, թքած ունի»,- գրել է araratnews.am-ը։

MediaNews-ի, Araratnews-ի և այլ հրապարակումների վերագրումը, թե Արմինե Մոսիյանը մետրոյում ասել է՝ թքած ունի Հայաստանի վրա, չի համապատասխանում իրականությանը:

Տարածվող պնդումները

Տեսանյութի տարածումից հետո լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում հրապարակումներ են հայտնվել: Օրինակ, ըստ MediaNews լրատվականի, արցախցի կինը վիճաբանության ընթացքում հայտարարել է, որ «չի ընդունում Հայաստանը, թքած ունի և իրեն ու իր երեխային պետք չէ Հայաստանի Հանրապետությունը»։

Նույն բովանդակությամբ ապատեղեկատվություն տարածվել է նաև Araratnews լրատվականով:

Ըստ լրատվամիջոցի՝ դա և քարտեզի հանդեպ իբրև քամահրական վերաբերմունքն է եղել պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը բորբոքվել էր: Լրատվամիջոցը նաև տարածել էր այդ տեղեկատվությունը ֆեյսբուքյան Reel տարբերակով՝ ձայնային մեկնաբանությամբ, իբրև վիճաբանությունը եղել է այդ բովանդակությամբ:

Տեսանյութի ամբողջական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման ձևակերպում չի հնչում։ Կնոջ խոսքը վերաբերում է Արցախի խնդրին և հայրենիքի ընկալմանը, սակայն նման ձևակերպում նա չի անում։ Վարչապետի հետ վիճաբանության ժամանակ նույնիսկ պնդում է, որ Հայաստանը նույնպես իր որդու հայրենիքն է, սակայն նրանց բանավեճը ընթանում էր Հայաստանի սահմանների ընկալումների շուրջ:

Տվյալ ապատեղեկատվությունը տարածում է ստացել տարբեր լրատվամիջոցների միջոցով (այդ թվում կրկին MediaNews-ի), որոնք հղում են անում ֆեյսբուքյան օգտատեր Նատալի Ալեքսանյանին:

Ապատեղեկատվությունը գրառման հետ նկարի տեսքով տարածվել է նաև «ԱՆԿՕՏՐԵԼԻ ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ» անունով ֆեյսբուքյան խմբում մի օգտատիրոջ կողմից:

Ինչպես է սկսվել միջադեպը

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 22-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայցի շրջանակում օգտվել է Երևանի մետրոյից։ Վագոնում նա զրույցի է բռնվել ուղևորների հետ, որոնցից մեկը եղել է Արմինե Մոսիյանը՝ իր անչափահաս որդու հետ։

Ըստ տեսանյութի, վիճաբանությունը սկսվել է այն պահին, երբ վարչապետը փորձել է երեխային նվիրել Հայաստանի քարտեզով բրոշ։

Քննարկման թեմաները

Զրույցը արագ վերածվել է Արցախի և Հայաստանի վերաբերյալ բանավեճի։ Կինը քննադատել է իշխանություններին՝ անդրադառնալով Արցախի կորստին և տեղահանվածների վիճակին։ Վարչապետը պատասխանել է, որ պետությունը զգալի միջոցներ է ներդրել Արցախում բնակչության անվտանգությունն ապահովելու համար և մերժել է իր հասցեին հնչող մեղադրանքները՝ ասելով, թե «փախածներով» չեն կարող իրեն մեղադրել։ Տեսանյութում կողմերը խոսում են նաև Հայաստանի սահմանների, վերադարձի հնարավորության և Հայաստանում բնակություն հաստատած արցախահայերի խնդիրների մասին։

Վարչապետի արձագանքը

Միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է տեղի ունեցածին՝ հրավիրելով Արմինե Մոսիյանին և նրա որդուն կառավարություն ներողություն խնդրելու համար:

Սակայն մինչ այս ֆեյսբուքյան գրառումը նա սկզբում փորձում էր հերքել իր արտաբերած մտքերը և այնուհետև ներողություն խնդրել, եթե ինչ-որ բան սխալ է ասել կամ սխալ է ընկալվել:

Այսպիսով, տեսանյութում կնոջը վերագրվող՝ Հայաստանի նկատմամբ վիրավորական արտահայտությունը փաստացի չի հաստատվում տեսագրությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031