Փաշինյանն ինչպես Արցախը հանձնեց թշնամուն, նույնը Հայաստանի հետ է անելու․ Վազգեն Հովհաննիսյան
Քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյանի կարծիքով՝ սթափ մարդու մոտ չի կարող այնպիսի գաղափար առաջանալ, թե՝ Արցախի ժողովուրդը փախել է։
«Բարոյական մարդու մոտ երբեք նման հարց չի առաջանա, որ՝ Արցախի ժողովուրդը փախել է․ Արցախի ժողովուրդը ենթարկվել է էթնիկ զտման։ 2023թ․ ցեղասպանության վտանգը դամոկլեսյան սրի նման կախվել էր Արցախի ժողովրդի գլխին, այդ մարդիկ ուղղակի ուրիշ տարբերակ չունեին և ենթարկվեցին էթնիկ զտման, որը ցեղասպանության գործիքակազմից մեկն է։
Ինչ վերաբերում է Փաշինյանի խոսքին, թե Արցախն ինքը չի հանձնել, ապա նոյեմբերի 9-ի հայտարարությունն իր նախաձեռնությամբ է ստորագրվել, այսինքն՝ պատերազմը տանուլ է տվել այդ անձնավորությունը, հետո այնպիսի պայմաններ է ստեղծել, որոնց արդյունքում Ադրբեջանը հետևողական իր քաղաքականությունն իրականացնելով՝ Արցախի պետությունը ենթարկել է ապամոնտաժման և ժողովրդին ենթարկել է ցեղասպանության՝ էթնիկ զտման գործիքակազմով։

Այսինքն՝ մեղավորությունն օրվա ռազմաքաղաքական այն ղեկավարությանն է, որը ստորագրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը և դրանից հետո փորձել է կամաց-կամաց Արցախի հարցից հեռանալ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով՝ քանի դեռ Փաշինյանն իշխանության է, անընդհատ լսելու ենք այն նարատիվը, որ ինքը մեղավոր չէ, և, որ Արցախը հանձնվել է 2023-ի սեպտեմբերին։
Դիտարկմանը՝ Փաշինյանը չի ասում՝ Արցախը 2023թ․ սեպտեմբերին է հանձնվել, այլ ասում է, թե նախորդ իշխանություններն են հանձնել, 30 տարի Արցախն Ադրբեջանի մաս է եղել և այլն, Վազգեն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց․ «Ախր, դա զառանցանք է, ի՞նչ է նշանակում՝ նախկին իշխանություններն էին հանձնել։ Պատմության գրքում նորմալ պատմաբանը գրելու է, որ մինչև 2018թ․ հայկական ստորաբաժանումները վերահսկել են ոչ միայն ՀՀ տարածքը, այլև Արցախի Հանրապետության, որը եղել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցման առարկա։ 2018-ից հետո փոխվել են նարատիվները, որից հետո մենք տեսել ենք պատերազմ, պատերազմից հետո՝ կամաց-կամաց Արցախի լուծարում՝ Ադրբեջանի կողմից․․․»։
Նա շեշտեց, որ Փաշինյանն ու իր թիմակիցներն առաջ են քաշում ադրբեջանական օրակարգ, ըստ որի՝ Հայաստանը պետք է ունենա խղճուկ կարգավիճակ, որտեղ որոշողը ոչ թե ՀՀ քաղաքացին և ՀՀ պետական շահն է, այլ Ադրբեջանի ռազմավարական շահերի սպասարկումը․ «Ես շարունակում եմ պնդել, որ Նիկոլ Փաշինյանի ամեն օր իշխանության մնալը բերում է հայկական պետության լուծարման և ապամոնտաժի»։
Նրա խոսքով՝ երբ Փաշինյանը հայտարարում է, որ եթե չվերընտրվի, պատերազմ կլինի, ապա դրան պետք է նայել Ադրբեջանի տրամաբանությամբ․ «Քանի որ Փաշինյանի իշխանությունը կոլաբորացիոնիստական է, Ադրբեջանն այս պահին ռազմական գործիք չի օգտագործում, որովհետև Նիկոլ Փաշինյանը բոլոր պահանջները բավարարում է։
Ռազմական գործիք Ադրբեջանը ե՞րբ կօգտագործի, այսինքն՝ վճարելու ավելի բարձր գին՝ ստանալու որևէ բան․ այն ժամանակ, երբ նրա դեմ զսպման քաղաքականություն կլինի։ Փաշինյանի դեպքում ուժ չեն կիրառում, որովհետև Փաշինյանն ինչպես Արցախը խեղդամահ արեց, հանձնեց թշնամուն, նույն կերպ խեղդամահ է անելու ՀՀ-ն։ Այսինքն՝ այն քարտեզը, որը ձեռքին շրջում է, վաղը եթե Ադրբեջանը որոշի, որ պետք է ռազմակալման ենթարկի Սյունիքը, նա ավելի փոքր քարտեզով է շրջելու»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում



