Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագը աներևակայելի արդյունքի է հասել «Կրասնոդարում»
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 22 հանդիպումներում արդեն 25 արդյունավետ գործողության հեղինակ է դարձել։ Այս մասին հայտնում է «Opta Sports»–ը։
«22-րդ տուրից հետո գրանցված այս ցուցանիշը լավագույնն է ՌՊԼ-ում՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին հարձակվող Հալկի ժամանակներից ի վեր»,– գրում է լրատվամիջոցը։
Բրազիլացին 2015/2016 մրցաշրջանի նույն ժամանակահատվածում աչքի էր ընկել 27 արդյունավետ գործողությամբ։
Սպերցյանին ընդամենը երկու միավոր է պակասում, որ մեկ մրցաշրջանի կտրվածքով կրկնի «Կրասնոդարի» բացարձակ ռեկորդը, որի հեղինակը ակումբի նախկին ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովն է. նա 2015/2016 մրցաշրջանում գրանցել էր 27 արդյունավետ գործողություն։



