Էդքան «դուխով» վարչապետ ես՝ անուն տուր, ասա՝ Պուտի՛ն, ինչի՞ ես մեզ գաղութացնում. Մենուա Սողոմոնյան
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները «նոր պատերազմի» հնարավորության մասին ցույց են տալիս, որ իրականում գործ ունենք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ու մահվան սպառնալիքի ներքո թուրք-ադրբեջանական պահանջների կատարման գործընթացի հետ։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը՝ խոսելով Փաշինյանի այս վերջին օրերի հայտարարությունների թեմայի շուրջ։

«Այսինքն՝ եթե նա [Նիկոլ Փաշինյանը] անգործունակ դարձավ կամ, ենթադրենք, ինֆարկտից մահացավ, նշանակում է՝ վե՞րջ, հայ ժողովուրդը ապրելու շանս չունի՞։ Սա ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի, մահվան սպառնալիքի ներքո լուռ մնալու և հլու-հնազանդ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները կատարելու գործընթացի հետ, արվող զիջումների հետ, որի դիմաց պարզապես ինչ-որ մի կարճ ժամանակ չեն կրակում մեզ վրա, և այդ զիջումները կշարունակվեն այնքան, մինչև որ ոտնատակ տալով՝ կվերացնեն մեզ ամբողջությամբ»,- մեկնաբանեց միջազգայնագետը։
Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ Փաշինյանն իր խոսքում շեշտում է հատկապես Ազգային ժողովի նոր ընտրությունների արդյունքում ՔՊ-ի՝ սահմանադրական մեծամասնություն ստանալու անհրաժեշտության հանգամանքն այն նպատակով, որ նորից կարողանա նշանակել ՀՀ գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախագահ, ԲԴԽ անդամներին, Սահմանադրական դատարանում իր ուզած բոլոր փոփոխություններն անի, և բոլոր անկախ պետական մարմինները, այդ թվում՝ ՀՌՀ-ն, ԿԸՀ-ն, լինեն իր ձեռքի տակ՝ Թուրքիային և Ադրբեջանին հետագա զիջումներն ի կատար ածելու նպատակով։ «ՀայաՔվե»-ի ներկայացուցիչն ընդգծում է՝ եթե դա տեղի ունեցավ, դրանք լինելու են սահմանադրական հանցագործություններ։
Մենուա Սողոմոնյանը հարցով է պատասխանում Նիկոլ Փաշինյանի այն կանխատեսումներին, թե ընդդիմադիր ուժերը պատրաստում են «նոր սեպտեմբերյան պատերազմ»։
«Իսկ ո՞վ ասաց, որ պարտադիր պետք է պատերազմ լինի։ Եթե անկեղծ է (չի կարելի, իհարկե, իրեն անկեղծ մարդ համարել), պետք է այդ դեպքում ավելի մանրամասն ասի։ Հայտարարում է, թե անգամ ամսով գիտի՝ «սեպտեմբերին է լինելու»։ Իսկ գուցե օրն է՞լ գիտի, գուցե օրն է՞լ է նրան հայտնի՝ որ օրն է էդ պատերազմը լինելու։ Եթե իրեն հայտնի է, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, ուրեմն ինչ-որ մեկն ասել է այդ մասին։
Այդ ասողը կամ Թուրքիայից՝ Անկարայից պետք է լինի, կամ Բաքվից։ Ուրիշ էլ ո՞վ պետք է պատերազմով մեզ սպառնա։ Եթե էդպիսի բան են ասել, թող ժողովրդին ասի՝ որտեղի՞ց են ասել, որ հենց սեպտեմբերին պատերազմ է լինելու, ո՞վ է ասողը եղել, քանի որ ինքն ասում է. «Ինձ որ մնա՝ ես ուղիղ եթերում կվարեմ արտաքին քաղաքականություն, ժողովրդից բաց եմ, մեզնից ավելի բաց երբեք ոչ ոք չի եղել»։ Հիմա թող ասի հետևյալը, որ «Էրդողանն ինձ ասել է, Սահմանադրության մեջ էդ փոփոխությունը չլինի՝ կապված Անկախության հռչակագրի հետ, եթե Եկեղեցու դերի հետ կապված էդ փոփոխությունը չլինի…», այդ «եթե»-ները, այսպես ասած՝ «хотелка»-ները կոնկրետ թվարկի, և ասի, որ՝ «ժողովուրդ ջան, սա ոչ թե խաղաղություն է, այլ շանտաժ է, և ես այդ շանտաժի դիմաց առաջարկում եմ զիջումների քաղաքականություն»»,- պատասխանեց Մենուա Սողոմոնյանը։

Միջազգայնագետը նաև այլ հարց է բարձրացնում՝ օրինակ, ՌԴ նախագահ Պուտինին դիմե՞լ է այդ շանտաժների կապակցությամբ։
Այս համատեքստում անդրադառնալով երեկ՝ մարտի 23-ին, Փաշինյանի ու Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցին՝ Մենուա Սողոմոնյանը կարծիք հայտնեց, որ այս իշխանությունների կողմից իրականացվող հակառուսականությունն ընդամենը շոու է։
«Օրինակ՝ դիմե՞լ է Պուտինին կամ Մակրոնին կամ Թրամփին, որին անընդհատ ասում էր՝ «God bless you», «God bless you» («Աստված օրհնի Ձեզ»)։ Այս շանտաժի հետ կապված՝ դիմե՞լ է արդյոք, և մարդիկ ի՞նչ են ասել։ Ասե՞լ են՝ «մենք ձեռքներս լվանում ենք էս գործից, գնացեք, ձեր գլխի ճարը տեսեք։ Եթե այդպես է, թող էդպես էլ կանգնի ու ասի՝ ժողովուրդ ջան, գնացել եմ, խոսել եմ, իրենք ուղիղ տեքստով ինձ ասել են։
Թող էդպես ասի, եթե այնպես է, ինչ որ ինքը ներկայացնում է։ Թող ասի, և ժողովուրդն այդ ժամանակ թող որոշի՝ իրեն պե՞տք է այդպիսի ղեկավար, որը շնորհք չունի, լեզու-բերան չունի, կարողություններ չունի Հայաստանի շուրջ ստեղծելու անվտանգային բարձիկ, պայմանավորվածություններ ունենալու տարբեր դերակատարների հետ, կարողություններ չունի ներքին հասարակական համախմբում ապահովելու, ատելությունն ու պառակտումը վերացնելու, կարողություններ չունի ռազմապաշտպանական համակարգն արագ ու անշեղորեն զարգացնելու։
Թող ժողովուրդն իմանա՝ իրեն ինչպիսի առաջնորդ է պետք, այսպիսի առաջնորդ պե՞տք է, որ ամեն օր, ամեն քայլափոխին շանտաժը դնեն իր առջև, ու ինքն էլ էդպես ասի՝ «դե, պետք է տանք, պետք է տանք»։ Ուրեմն թող դա չանվանի խաղաղություն ու չասի, թե Հայաստանն ինքնիշխան է եղել, քան երբևէ։ Ինքնիշխան Հայաստանին չեն կարող ամիս-ամսաթվով պատերազմով վախեցնել»,- նշում է Սողոմոնյանը։
Զրուցակցի գնահատմամբ՝ Հայաստանի ինքնիշխանության մակարդակն այսօր պատմականորեն ամենացածր կետում է, և երբեք այսպես կոպտորեն Հայաստանին չեն թելադրել, առաջին հերթին՝ Ադրբեջանն ու Թուրքիան։ Միջազգայնագետի խոսքով՝ այդպես է, քանի որ պետության գլխին կանգնած մարդիկ մտածում են իրենց իշխանության, ոչ թե պետության մասին։ Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ օրվա իշխանությունները «բոլորի համար հարմար իշխանություններ են», այդ թվում, որքան էլ առաջին հայացքի կարող է զարմանալի թվալ, Մոսկվայի կամ առնվազն «Կրեմլի որոշ աշտարակների» համար են հարմար իշխանություններ։ Դե իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի, Միացյալ Նահանգների ու Եվրամիության մասին, ինչպես ասում են, խոսք չկա։
«Իրականում տեսեք՝ ինչ է տեղի ունենում։ Այս իշխանությունների կողմից իրականացվող հակառուսականությունն ընդամենը աշխարհաքաղաքական շոու է, բայց այդ շոուն անդրադարձ է ունենում հայ ժողովրդի մի մասի գիտակցության վրա։ Իր ձախողումները, իր դավաճանության հետևանքով պետության կրած վնասները, Արցախի հանձնումը՝ այս ամենը արդարացնելու մեղավորների փնտրտուքի մեջ մատնացույց են անում Ռուսաստանին, Ֆեյսբուքով ապահարզան են պահանջում Ռուսաստանից, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք՝ ստորագրում են նույն Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության՝ պատմականորեն ռեկորդային ցուցանիշների տակ։ Էս ամեն ինչը պետք է հաշվի առնենք՝ սա՞ է հակառուսականությունը։

Մոլդովայի Սանդուն զանգո՞ւմ է Պուտինին կամ գնո՞ւմ է Պուտինի հետ հանդիպումների։ Չի լինում նման բան, հետևաբար սա հակառուսականություն չէ, սա աշխարհաքաղաքական շոու է, որից գոհ է մնում Արևմուտքը, ռուսներին էլ այս իրավիճակը ձեռնտու է այնքանով, որ իրենք դեռևս զբաղված են ուկրաինական պատերազմով և իրենց համար շատ լավ արդարացում ունեն՝ «տեսեք, ձեր իշխանություններն էդպես հակառուսական խոսում են, մենք էլ դրա համար մեր պայմանագրային պարտավորությունները չենք կատարում»։ Փաշինյանն էլ ասում է. «Քանի որ ՀԱՊԿ-ին դիմեցինք՝ չարձագանքեց, ես էլ սառեցնում եմ»։ Ի՞նչ սառեցում։ Քաղաքագիտության մեջ այդպիսի կարգավիճակ գոյություն չունի։ Հիմա էս քանի տարի է ասում է՝ «ՀԱՊԿ-ը անվտանգության սպառնալիք ա»։
Դե էդքան «դուխով» վարչապետ ես՝ դուրս արի ՀԱՊԿ-ից, ռուսական ռազմաբազան հանել տուր։ Կամ «գաղութացման» մասին ես խոսում, բոլորի վրա մատ ես թափ տալիս՝ «գաղութացում», «գաղութացում»։ Հլը մի հատ պետության անուն տուր էլի։ Ավելի ճիշտ՝ մի հատ նախագահի անուն տուր։ Եթե «գաղութացում» ասելով՝ նկատի ունես, որ Ռուսաստանն է մեզ գաղութացրած պահում, բա խոսիր էդ մասին, բարձրաձայն ասա։ Ռուսաստանի էդ «գաղութացման» գլխին ո՞վ է կանգնած 26 տարի՝ Վլադիմիր Պուտի՞նը։ Դե, «դուխով» ջան, ասա մի հատ էդ մասին մարդկանց, Պուտինին ասա. «Պուտին, ինչի՞ ես մեզ գաղութացնում»»,- հավելեց Մենուա Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ընդդիմադիր ուժերին անվանել էր «պատերազմի կուսակցություն»՝ հայտարարելով, թե «խաղաղության ռևիզիայի դիրքերից հանդես եկող ուժերը պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»։
Իսկ կիրակի օրը՝ մարտի 22-ին, ներկուսակցական քարոզարշավի երևանյան օրն ամփոփելիս՝ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ զրույցում հայտարարել էր. «Լինելու է պատերազմ սեպտեմբերին, ընդ որում՝ աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, չեմ ասում՝ ընտրություններում հաղթի, սահմանադրական մեծամասնություն չստանա»։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



