Ավստրալիան և ԵՄ-ն պաշտպանության և անվտանգության մասին համաձայնագիր են ստորագրել
Ավստրալիան և Եվրոպական միությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում գործընկերության համաձայնագիր են ստորագրել, որն անմիջապես մտել է ուժի մեջ։ Այս մասին հայտնել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։
Նրա խոսքով՝ պայմանագիրը կամրապնդի կիբերանվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի և հիբրիդային սպառնալիքների դիմակայման ոլորտներում համագործակցությունը։
Ալբանեզեն նշել է, որ համաձայնագիրը նախատեսում է տեղեկատվության փոխանակման ընդլայնում, սպառնալիքներին համատեղ արձագանքելու կարողությունների մեծացում, ինչպես նաև համացանցում արմատականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում փոխգործակցության խորացում։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են տիեզերական անվտանգության շուրջ նոր երկխոսություն սկսելու մասին։
Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը հայտարարել է, որ գործընկերությունը նոր հնարավորություններ կստեղծի ռազմական տեխնիկայի գնումների համար։ «Այս համաձայնագիրը թույլ կտա պաշտպանական տեխնոլոգիաներով և նորարարություններով զբաղվող ավստրալական ընկերություններին խորացնել հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ և հիմք կդնի երկրի ռազմական արդյունաբերության ընդլայնման համար», — նշել է նա։



