ԵՄ-ն Հորմուզի նեղուցը պաշտպանելու առաքելություն կուղարկի պատերազմի ավարտից հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ավստրալիա կատարած այցի ժամանակ շեշտել է բանակցությունների անհրաժեշտությունը Մերձավոր Արևելքում հակամարտությանը վերջ դնելու համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ֆոն դեր Լայենը նշել է, որ խորապես մտահոգված է շարունակվող հակամարտության առնչությամբ։
«Չափազանց կարևոր է, որ մենք հասնենք բանակցային լուծման, որը վերջ կդնի Մերձավոր Արևելքում թշնամական գործողություններին», – ասել է ֆոն դեր Լայենը Կանբերայում Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզի հետ մամուլի ասուլիսում։
ԵՀ նախագահը նաև նշել է, որ Եվրամիության որոշ երկրներ պատրաստվում են նպաստել Հորմուզի նեղուցը պաշտպանելու «առաքելությանը», սակայն դա տեղի կունենա պատերազմի ավարտից հետո։
«Մենք բոլորս զգում ենք գազի և նավթի գների, մեր բիզնեսի և մեր հասարակությունների վրա դրա հետևանքները», – ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ նեղուցը կարևոր նշանակություն ունի ամբողջ աշխարհում էներգամատակարարման համար։
Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների և Իրանի պատասխան գրոհների հետևանքով Հորմուզի նեղուցով նավարկությունը գրեթե ամբողջովին դադարել է՝ հանգեցնելով էներգակիրների գնի կտրուկ աճի։



