Բաժիններ՝

Հայաստանում կկառուցվեն «Ինովացիոն ջերմոցներ», որոնք կջեռուցվեն գազալցակայանների հաշվին

Հունիսին «Դիջիթեք-2012» բիզնես ֆորումի ամենահետաքրքիր նորություններից մեկը «Ինովացիոն ջերմոցներն» էին կամ ջերմոցները, որոնք կջեռուցվեն գազալցակայանների հաշվին. տես այստեղ.

Ջերմոցների ջեռուցման նորարարական մեթոդը ներկայացնում էին երիտասարդ ռադիոֆիզիկոսները` իրենց նորաստեղծ Innovative Greenhouse ընկերության  տաղավարում: Ըստ ընկերության անդամների՝ ջերմոցների ամենամեծ ծախսը ջեռուցման հարցն է, իսկ իրենց առաջարկած ինովացիոն ջեռուցման համակարգը հնարավորություն է տալիս կրճատել այդ ծախսերը: Երիտասարդներն առաջարկում էին ջեռուցումը ստանալ գազալցակայաններից: Այսինքն՝ երիտասարդ ռադիոֆիզիկոսներն առաջարկում են գազալցակայանների կողքին կառուցել ջերմոցային համալիր, որի ջեռուցման մեծ մասը կապահովվի ԱԳԼՃԿ-ներում գործող հսկայական կոմպրեսորներից անջատված էներգիայի հաշվին:

Գազալցակայաններում առկա տաքացած կոմպրեսորները հովացվում են սառը ջրի շրջանառության միջոցով, կոմպրեսորը հովացնելուց հետո սառը ջուրը տաքանում է, իսկ տաքացած ջուրը չի օգտագործվում և կորչում է: Այնինչ, դա կարող է օգտագործվել ջերմոցի ջեռուցման համար: Ըստ երիտասարդների՝ ֆիզիկայի տեսանկյունից այդ ամենն իրականացնելը բարդ չէ, պարզապես կոմպրեսորից դուրս եկող տաք ջուրը միացնելու են ջերմոցի ջեռուցման համակարգին և այդպիսով տաքացնելու են ջերմոցը: Երիտասարդ ռադիոֆիզիկոսները մանրամասն ծրագիր են մշակել, թե ինչպես պետք է դիմակայել դժվարություններին, օրինակ` եթե գազալցակայանը մշտապես չի աշխատում:

Շուտով նորաստեղծ Innovative Greenhouse ընկերության անդամների մի մասը՝ Լեհաստանում, իսկ մյուս մասն էլ՝ Վրաստանում կներկայացնեն իրենց նորարարությունը: Սակայն մինչ այլ շուկաներում նորարարությունը ներկայացնելը՝ նորարար երիտասարդները հայաստանյան շուկայում արդեն իրենց առաջարկի պահանջարկն են գտել և ձեռք են բերել համագործակցության պայմանավորվածություններ:

Կարդացեք նաև

Ինչպես 168.am-ի թղթակցին տեղեկացրեց Innovative Greenhouse ընկերության տնօրեն Գոռ Ռուստամյանը, հայաստանյան 4 գազալցակայանների տերերի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել նորարարական ջերմոցներ կառուցելու ուղղությամբ, դրանցից մեկը կլինի Երևանում, իսկ մյուսները՝ մայրաքաղաքից դուրս, սակայն դրանք մոտ կլինեն Երևանին:

«Մենք փորձել ենք Երևանին համեմատաբար ավելի մոտ գազալցակայաններ ընտրել, որպեսզի փորձարկման ժամանակ առաջացած հնարավոր դժվարություններն արագ հաղթահարենք»,- ասաց Գ. Ռուստամյանը՝ նշելով, որ դրանցից առաջինի կառուցման համար իրենք դիմելու են USAID-ի EDMS ծրագրին՝ ֆինանսավորման համար: Առաջին նորարարական ջերմոցի կառուցման ֆինանսավորումը մեծ մասը փորձելու են իրենք անել, իսկ մնացած ջերմոցների համար արդեն կոնկրետ գազալցակայանների տերերի ներդրումը նաև պետք է լինի, որի շուրջ արդեն պայմանավորվածություն կա:

«Սկզբում, իհարկե, մենք որոշակի մտավախություն ունեինք, որ գազալցակայանների տերերը նորարարության հետևից չեն գնա, սակայն իրականում ավելին՝ անգամ հակառակ պրոցեսն է գնում, ես նկատել եմ, որ նրանք նորարարությանը վատ չեն վերաբերվում, մանավանդ, երբ շահագրգռող կողմն էլ կա, դրանից նաև նրանց եկամուտն է մեծանում»,- ասաց Գ. Ռուստամյանը՝ ավելացնելով, որ նորարար երիտասարդներին գազալցակայանների տերերը մեծ տեղ են տալիս, իսկ արդյունքում՝ երկուստեք ոգևորվածությունը միավորումը թույլ կտա ծրագիրն իրականացնել:

 

 

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս