Երևանում և մարզերում ժամանակավոր բնակվող արցախցիներն ո՞ւմ պետք է դիմեն հագուստի և սննդի հարցով
Արցախից ժամանած քաղաքացիներից շատերը, ովքեր ժամանակավոր բնակվում են Երևանում և մարզերում, հաճախ են կանգնում սնունդ և հագուստ հայթայթելու խնդրի առջև:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են լուծվում այս և նմանատիպ հարցերը:
«Բազմիցս հաղորդագրություններ եղել են, որոնք կարող եք տեսնել մեր էջում, ինչպես նաև հայտնել ենք բոլոր թեժ գծերի հեռախոսահամարները: Իսկ հագուստի և սննդի հարցով պետք է դիմել տվյալ համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններին, մարզպետարաններ կամ վարչական շրջանի համայնքապետարաններ»,- պատասխանեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու և նրանց սոցիալական աջակցությունը համակարգելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է Արցախից ժամանող քաղաքացիների ժամանակավոր կայանման կետ:
Արցախից նոր ժամանող քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ:
Կայանման կետը գործում է շուրջօրյա՝ ապահովելով միջգերատեսչական համագործակցություն՝ քաղաքացիների կարիքներին հնարավորինս օպերատիվ արձագանքելու համար:
Հիշեցնենք, որ ռազմական դրության պայմաններում 117 հեռախոսահամարով գործում է տեղեկատվական թեժ գիծը, որին կարող եք զանգահարել բոլոր հարցերով՝ բացառությամբ Պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի։