
Արմեն Գրիգորյանն ու Սլովակիայի Պաշտպանության նախարարության պետքարտուղարը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Սեպտեմբերի 8-ին Սլովակիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Սլովակիայի Պաշտպանության նախարարության պետքարտուղար Իգոր Մելիհերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:
Իգոր Մելիհերը շնորհավորել է ԱԽ քարտուղարին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ՝ նշելով, որ խաղաղությունը դրական ազդեցություն է ունենալու ինչպես տարածաշրջանի, այնպես էլ արտատարածաշրջանային երկրների համար: Արմեն Գրիգորյանը Ի.Մելիհերի խնդրանքով ներկայացրել է Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունների մանրամասները, ընձեռվելիք տնտեսական հնարավորություններն ու տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Սլովակիա երկկողմ հարաբերությունները, ընդգծվել է երկու երկրների միջև համագործակցության զարգացման հարցում առկա զգալի ներուժն արդյունավետորեն օգտագործելու պատրաստամակությունը: Իգոր Մելիհերը հայտնել է Սլովակիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման օրակարգին: