Բաժիններ՝

Ունենք խաղային ծրագիր, կաշխատի, թե ոչ՝ պարզ կդառնա վաղը․ Մելիքյան

Աշխարհի 2026 թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիայի ընտրանուն։

Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

«Շատ դժվար է վերականգնվել թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն՝ 0:5 հաշվով պարտվելուց հետո։ Ուզում ենք արագ մոռանալ կատարվածը, բայց միևնույն է՝ իր հետքը թողնում է։ Մենք Հայաստանի հավաքականն ենք, ու ամեն պարտություն, առավել ևս խոշորը, մեր վրա ազդում է։

Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականները տարբեր են՝ և՛ իրենց ոճով, և՛ խաղամակարդակով։ Իռլանդիան ևս բարձրակարգ հավաքական է, սակայն նրանց դեմ խաղում հաղթանակի հասնելու հնարավորությունը ավելի իրատեսական է։ Դժվարություններ կունենանք վաղը, քանի որ լուրջ մրցակից է, բայց Պորտուգալիան չէ։

Չեմ ուզում համեմատություններ անել, բայց կարող եմ ասել, որ Իռլանդիան ունի իր խաղաոճը, որին մենք արդեն ծանոթացել ենք։ Պետք է պատրաստվել ու հասկանալ, թե ում հետ գործ ունենք։ Ունենք խաղային ծրագիր, թե ինչպես պետք է գործենք նրանց դեմ, և դա այսօր ներկայացրել ենք թիմին։ Կաշխատի մեր ծրագիրը, թե ոչ՝ պարզ կդառնա վաղը»,- ասել է Մելիքյանը։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս