
Հնդկաստանը և Իրանը ԱԳՆ-ի մակարդակով բանակցություններ կանցկացնեն Թեհրանում․ շուտով եռակողմ հանդիպում կլինի Հայաստանի հետ

Հնդկաստանն ու Իրանն այս շաբաթ Թեհրանում արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ կանցկացնեն՝ «կապերը բարելավելու» նպատակով։ Դրանք տեղի կունենան շաբաթ օրը երկու երկրների ազգային անվտանգության խորհրդականների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո, գրում է «The Economic Times»-ը։
Պարբերականի տվյալներով՝ բանակցությունները կկենտրոնանան Չաբահար նավահանգստի գործունեության խթանման, «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման, ինչպես նաև այլ հարցերի շուրջ։ Լրատվամիջոցը նշում է, որ սա կլինի առաջին կառուցվածքային երկխոսությունը կողմերի միջև՝ Իրանի և ԱՄՆ-Իսրայելի միջև հունիսին տեղի ունեցած ռազմական բախումից հետո։
Հնդկաստանի և Իրանի երկկողմ հանդիպումից հետո տեղի կունենա Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հանդիպում, որը ձևավորվում է վերջին մի քանի տարիների ընթացքում՝ Իրանի միջոցով Հնդկաստանի և Հայաստանի միջև կապեր հաստատելու համար։ Պարբերականն ընդգծում է, որ այս հանդիպումը կարող է հնարավորություն տալ ծանոթանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված խաղաղության համաձայնագրին։
Շաբաթ օրը Հնդկաստանի ազգային անվտանգության խորհրդական Աջիտ Դովալը և Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հեռախոսազրույց են ունեցել։ Իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնումը, անվտանգության և պաշտպանության ոլորտում կապերի զարգացումը, ինչպես նաև Չաբահար նավահանգստի զարգացման ծրագիրը։