Բաժիններ՝

ԵՄ-ն կարող է առաջին անգամ պատժամիջոցներ կիրառել Ղազախստանի նկատմամբ՝ արգելված ապրանքները ՌԴ վերաարտահանելու համար

Եվրամիության երկրները դիտարկում են Ղազախստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու համար առաջին անգամ միջոցներ կիրառելու հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով սահմանափակող միջոցների նոր փաթեթի նախապատրաստմանը ծանոթ մարդկանց։ Սև ցուցակում կարող են ներառվել նաև այլ երկրների, մասնավորապես, Չինաստանի ընկերություններ, ինչպես նաև արտադրանքի նոր տեսակներ, որոնք կարող են մատակարարվել Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին։

Երկրորդական պատժամիջոցները և մաքսատուրքերը այն գործիքներից են, որոնք ԵՄ-ն քննարկում է ԱՄՆ-ի հետ, ասում են Bloomberg-ի աղբյուրները։ Նրանց խոսքով՝ դաշինքում հույս ունեն համակարգել իրենց նոր միջոցներից մի քանիսը Վաշինգտոնի հետ։ Այս շաբաթ ԵՄ պաշտոնյաների պատվիրակությունը կմեկնի այնտեղ՝ Սպիտակ տան իրենց գործընկերների հետ համատեղ գործողությունները քննարկելու համար։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նույնպես հանդես է եկել համակարգման օգտին։ «Մենք պատրաստ ենք ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումը, բայց անհրաժեշտ է, որ մեր գործընկերները Եվրոպայում հետևեն մեզ»,- հայտարարել է նա կիրակի օրը NBC-ի եթերում։

Ղազախստանը կարող է ենթարկվել նման երկրորդական պատժամիջոցների: Այս դեպքում ԵՄ-ն կարգելի որոշակի տեսակի սարքավորումների մատակարարումը երկիր, որոնք, ըստ դաշինքի առևտրային տվյալների, դեռևս մեծ քանակությամբ վերահասցեագրվում են Ռուսաստան, որտեղ դրանք օգտագործվում են զենք պատրաստելու համար: Արևմտյան պատժամիջոցների սահմանումից ի վեր ԱՊՀ երկրները դարձել են արգելված արտադրանքը Ռուսաստան վերաարտահանելու հիմնական կենտրոններից մեկը:

ԵՄ պատժամիջոցների փաթեթում ներառելու համար քննարկվող այլ միջոցներից են բանկերի և նավթային ընկերությունների դեմ սահմանափակող միջոցառումները, այդ թվում՝ որոշ բացառությունների վերացումը, որոնք դեռ գործում են դրանցից մի քանիսի համար, օրինակ՝ «Ռոսնեֆտի»։ Դրա դեմ ԵՄ-ն արդեն հուլիսին լրացուցիչ հարված է հասցրել, երբ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շրջանակում արգելել է ռուսական նավթից արտադրված նավթամթերքների ներմուծումը և սև ցուցակում է ներառել դրանով զբաղվող «Nayara Energy» ընկերությանը։ Այն պատկանում է Հնդկաստանի ամենախոշոր նավթավերամշակող գործարաններից մեկին, որը վերահսկվում է «Ռոսնեֆտի» և ռուսական «United Capital Partners» ներդրումային հիմնադրամի կողմից։

Քննարկվում է նաև ապրանքների և քիմիական նյութերի արտահանման արգելքի ընդլայնումը, որոնք կարող են օգտագործվել ռուսական ռազմական արդյունաբերության մեջ, ինչպես նաև առևտրային սահմանափակումներ օտարերկրյա, այդ թվում՝ չինական ընկերությունների նկատմամբ, որոնք մատակարարում են այդ ապրանքները։

Ըստ Bloomberg-ի զրուցակիցների՝ նոր փաթեթը կլրացնի Ռուսաստանի ստվերային նավատորմի նավերի, երրորդ երկրների նավթային թրեյդերների դեմ ուղղված պատժամիջոցները և կարող է արգելք սահմանել այն լցանավերի վերաապահովագրման վրա, որոնք նկատվել են Ռուսաստանին օգնելու մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս