
Աֆղանստանն ավերիչ երկրաշարժից հետո ստացած աջակցության և ցավակցությունների համար շնորհակալություն է հայտնել մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանին

Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, միջազգային կազմակերպություններին և մարդասիրական գործակալություններին՝ երկրի արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության, ցավակցությունների և կարեկցանքի և համերաշխության համար։
Աֆղանստանի ԱԳՆ-ն այդ մասին գրել է X-ի միկրոբլոգում՝ հրապարակելով նաև այն երկրների դրոշները, որոնց կողմից եղել է ցավակցության և կարեկցանքի հայտարարություններ, ինչպես նաև աջակցություն։ Այդ երկրների թվում նշված է նաև Հայաստանը։
«Աֆղանստանի Իսլամական Էմիրության Արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն և գնահատանք է հայտնում երկրներին, միջազգային կազմակերպություններին և մարդասիրական օգնության գործակալություններին՝ երկրի արևելքում վերջերս տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մարդկային և նյութական կորուստներից հետո ցուցաբերած աջակցության, ինչպես նաև ցավակցությունների, կարեկցանքի և համերաշխության համար»,- ասված է հայտարարության մեջ։
Աֆղանստանի արևելքում օգոստոսի 31-ի ուշ երեկոյան 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 2205-ի, վիրավորների թիվը՝ 3640-ի։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում ցավակցություն էր հայտնել Աֆղանստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Աֆղանստանի ժողովրդին, որը տուժել է վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից, որոնք խլեցին հարյուրավոր կյանքեր»,- նշել էր ԱԳՆ-ն։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն ուժ և արագ ապաքինում էր մաղթել երկրաշարժից տուժածներին։