
Լոնդոնի մետրոյի աշխատանքը կաթվածահար է եղել գործադուլի պատճառով

Լոնդոնի մետրոյի աշխատանքը կաթվածահար է եղել գործադուլի պատճառովԼոնդոնի մետրոյի աշխատակիցների լայնածավալ գործադուլը լրջորեն ազդել է դրա աշխատանքի վրա՝ խափանելով տասնյակ հազարավոր մարդկանց ծրագրերը:
Գործադուլը, որը կազմակերպվել է Երկաթուղային, ծովային և տրանսպորտային արհմիության (RMT) կողմից, պաշտոնապես մեկնարկել է սեպտեմբերի 5-ին, սակայն սեպտեմբերի 8-ից սկսվել է դրա հիմնական փուլը: Այս մասին հաղորդում է BBC-ն։
Մինչև սեպտեմբերի 11-ը մետրոյի կայարանները բաց կլինեն միայն տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև 18:00-ը: Թեև գործադուլի մասին նախապես հայտարարվել էր, սակայն շատերի համար այն անակնկալ է եղել: Այդ իրավիճակում կտրուկ աճել է ավտոբուսների ծանրաբեռնվածությունը, կանգառներում մեծ հերթեր են գոյացել:
Գործադուլի հիմնական փուլը կտևի մինչև սեպտեմբերի 12-ը՝ անվտանգության ծառայությունների տեսուչների, կարգավարների և կայարանների հերթապահների մասնակցությամբ:
Գնացքները չեն երթևեկի գրեթե բոլոր ճյուղերով, բացառությամբ 2022 թվականին բացված Եղիսաբեթի գծի և Վերգետնյա գծի:
Transport for London (TfL) կազմակերպության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Լոնդոնի մետրոյի 11 ճյուղերից 9-ում երթևեկությունը դադարեցվել է, իսկ ևս երկուսում գնացքներն ընթանում են մեծ ընդհատումներով։
Լոնդոնի մետրոն աշխատանքի սովորական ռեժիմի կվերադառնա սեպտեմբերի 12-ի ցերեկը։
Մետրոյի աշխատակիցների գործադուլն սկսվել է այն բանից հետո, երբ RMT-ի և TfL-ի միջև բանակցությունները, որոնք տևել են ինը ամիս, ավարտվել են առանց արդյունքի:
Մետրոպոլիտենի աշխատողները պահանջում են աշխատանքային շաբաթվա կրճատում 35 ժամից մինչև 32 ժամ: TfL-ը, որը կառավարում է Լոնդոնի ամբողջ տրանսպորտային համակարգը, ավելի վաղ հայտարարել է, որ պատրաստ է 3,4%-ով բարձրացնելու մետրոյի աշխատակիցների աշխատավարձերը, բայց հրաժարվել է փոխզիջման գնալ աշխատանքային շաբաթվա տևողության հարցում: