
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 393-ի

Վերջին 24 ժամվա ընթացքում, ըստ Գազայի առողջապահական իշխանությունների, սովից և թերսնումից ևս 6 մարդ է մահացել։ Այսպիսով, սովի և թերսնման զոհերի թիվն անկլավում հասել է 393-ի, որոնցից 140-ը երեխաներ են։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։
Բժշկական աղբյուրների տեղեկացմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում ևս 67 մարդ է զոհվոլ, 320-ը՝ վիրավորվել։ Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալը նախազգուշացրել է, որ սովը շատ շուտով կտարածվի Գազայի հատվածի կենտրոնական և հարավային շրջաններում:
Թոմ Ֆլեթչերն Իսրայելին կոչ է արել թույլ տալ օգնության անարգել մատակարարումները պաղեստինյան անկլավ: Ըստ միջազգային կազմակերպությունների՝ հարյուր հազարավոր պաղեստինցիներ կա՛մ արդեն սովի են մատնված, կա՛մ դրա վտանգի տակ են: Իսրայելը հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Գազա է մուտք գործել 1900 բեռնատար, սակայն ըստ հումանիտար կազմակերպությունների՝ դա բավարար չէ:
Իսրայելական բանակը հայտարարել է, որ նոր տարհանման հրամաններ է տվել Գազա քաղաքի շենքերից մեկի և հարակից վրանների բնակիչների համար։
Գազայի հատվածի քաղաքացիական պաշտպանության խոսնակի փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը սեպտեմբերի 7-ի լուսաբացից ի վեր անկլավում ամբողջությամբ ոչնչացրել են ավելի քան 50 շենք, իսկ ևս 100 շենք մասամբ վնասվել է։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 64 522-ի, վիրավորվել է 163 096 մարդ։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ գտնվում է 48 պատանդ։ Նրանցից միայն 20-ն է, ամենայն հավանականությամբ, դեռ ողջ։