«Գյանջայի օդանավակայանում էին գտնվում թուրքական F-16-երը, այնտեղ կային  նաև Ադրբեջանի զինուժին պատկանող ինքնաթիռներ». ռազմագետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին»:

Ավելի ուշ ԱՀ նախագահի հրամանով ՊԲ-ն դադարեցրել է Գյանջայի քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հրթիռային հարվածները:

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը նշեց, որ իր ունեցած տեղեկություններով, Գյանջայի օդանավակայանում էին գտնվում թուրքական F-16-երը, բնականաբար, այնտեղ կային  նաև Ադրբեջանի զինուժին պատկանող ինքնաթիռներ:

«Սա մեզ ամենամոտ օդանավակայանն էր, որից միշտ վտանգ էր սպառնում, և հենց այդտեղից էին բարձրանում նրանց օդանավերը, մանավանդ՝ ՀՀ-ի ուղղությամբ, որ գործողություններ էին կատարում: Ճիշտ է՝ այսօրվա դրությամբ իրենք դեռ չեն հրապարակել և կարծում եմ չեն հրապարակի օդանավակայանին հարվածի հետևանքները, բայց ասեմ, որ ցավոտ է եղել»,- նշեց նա՝  հավելելով, որ ադրբեջանական կողմում դեռ շատ «գեղեցիկ» թիրախներ կան՝ Եվլախ, Բարդա, Շամխոր, Նաֆթալան և այլն:

Անդրադառնալով արդեն մոտ մեկ շաբաթ ընթացող մարտական գործողություններին, Արկադի Գրիգորյանը շեշտեց՝ հոկտեմբերի 3–ը վճռորոշ օր էր մեզ համար, և նաև ամենաբարձր ինտենսիվությունն էր հարձակման տեմպի:

«Եթե մենք չկարողանայինք անդրադարձնել իրենց հարձակումը, ապա լավ հետևանքների չէր բերի, բայց փառք և պատիվ մեր բանակին, մեր զինվորներին, կամավորներին, որ կարողացան դիմակայել և կոտրել թափը: Իմ կարծիքով, իրենք օգտագործել են իրենց ռեզերվների մեծ մասը: Տեսանք, որ օդային միջոցներից շատ օգտագործում են ԱԹՍ-ներ, որոնց մեջ առյուծի բաժինը հարվածայիններն էին,  կամիկաձե հարվածայիններն էլ շատ էին, որոնք ինքնաոչնչանում են հարվածելուց: Բնական է՝ ունեն նաև հետախուզահարվածայիններ, օրինակ, թուրքական «Բայրաքթար»-ների տեսքով: Բայց հրթիռներն անսպառ չեն, ինտենսիվությունը մի տեսակ ընկել է, դա զգացվում է»,- ասաց ռազմագետը՝ նշելով, որ ադրբեջանական կողմն իր արսենալում մոտ  230 ԱԹՍ ունի, որից 120-ն արդեն խոցվել է:

Տեսանյութեր

Լրահոս