«Ձեռնարկվում են որոշակի քայլեր, քննարկում ենք հնարավոր խողովակները, որով կարող ենք այս հարցը բարձրաձայնել». Տաթևիկ Հայրապետյանը՝ Ադրբեջանում հայտնված հայ սպայի մասին
168.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը
– Տիկին Հայրապետյան, Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին հայրենիք վերադարձնելու հետ կապված՝ խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից ի՞նչ կարող եք անել, կամ որևէ բան արե՞լ եք: Եվ արդյո՞ք Ձեզ համար զարմանալի չէ, որ մինչև այժմ Կարմիր խաչից հայ սպային չեն այցելել:
– Ինչ վերաբերում է Կարմիր խաչի այցելությանը, ապա դա ցավալիորեն Ադրբեջանի քաղաքականությունն է՝ միշտ ձգձգել գործընթացը: Մասնավորապես, երկար ժամանակ նույնիսկ չեն հաստատում, որ տվյալ անձն իրենց մոտ է, որովհետև դրանից հետո տվյալ անձն անցնում է Կարմիր խաչի վերահսկողության տակ: Այդ ընթացքը հավանաբար օգտագործում են իրենց առջև դրված քարոզչական և այլ խնդիրներ լուծելու համար, ևս մեկ անգամ ցույց տալով, որ մարդու իրավունքների, միջազգային կոնվենցիաների խախտումը սովորական երևույթ է:
Ինչ վերաբերում է խորհրդարանական դիվանագիտության անելիքներին, ապա ձեռնարկվում են որոշակի քայլեր, մասնավորապես՝ քննարկում ենք հնարավոր խողովակները, որով կարող ենք այս հարցը բարձրաձայնել, սակայն հարցը պետք է բաժանենք մի քանի շերտերի: Հարցն ունի իրավական կողմ, որով զբաղվում է Մարդու իրավունքների պաշտպանը և միջազգային այլ կառույցներ, կարևոր է ապահովել այն հենքը, որի հիման վրա կլինեն նաև քաղաքական խոսակցություններ: Հիշում եք, նախկինում ունեցել ենք գերիների փոխանակում, որը քաղաքական պայմանավորվածությունների արդյունք էր: Այս պարագայում ի՞նչն է բարդացնում իրավիճակը՝ Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել վերադարձնել Արցախում դատված դիվերսանտ մարդասպաններին, իսկ հայկական կողմը նշել է, որ մարդասպանների վերադարձը համարժեք չի համարում: Ադրբեջանի դրույթը՝ բոլորը՝ բոլորի դիմաց, հայկական կողմը մերժել է:
– Դեռևս նախորդ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուղիղ կապ ունի Ադրբեջանի նախագահի հետ: Հայ սպայի վերադարձի հետ կապված ուղիղ կապն օգտագործվե՞լ է, կամ հայկական կողմն այս պահին կարո՞ղ է այդ կապն օգտագործել և վերադարձնել հայ սպային:
– Կարծում եմ, քանի որ ունեցանք տավուշյան էսկալացիան, իրավիճակը լարվեց, ըստ էության չգիտեմ, թե այս պահին որքանով է… նախ՝ վարչապետը չի խոսել Ադրբեջանի նախագահի հետ ուղիղ կապ ունենալու մասին, խոսել է, որ հրամանատարությունների միջև կա կապ՝ տեղում ինչ-ինչ միջադեպեր արագորեն քննարկելու և կասեցնելու առումով: Այս պահին մենք դա չունենք, շարունակաբար խոսվում է մոնիտորինգային մեխանիզմների ներդրման կարևորության մասին:
– Հայ սպայի աչքերն ադրբեջանական կողմը կապել, նկարահանել և տարածել էր համացանցում, իրավապաշտպանները բարձրաձայնեցին, որ այդ ամենը մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Այս առումով խորհրդարանական դիվանագիտությունն ի՞նչ անելիքներ ունի այդ խախտված իրավունքների վերականգնման համար, և գործընթացն ինչպե՞ս պետք է տեղի ունենա:
– Բնականաբար, այդ ամենը մենք բարձրաձայնելու ենք, քննարկում ենք մեր մի շարք գործընկերների հետ, մասնավորապես՝ Պետաիրավական հանձնաժողովի իմ գործընկերների հետ, իրավական ձևակերպումները հնարավորինս ճիշտ տալու համար: Այստեղ պետք է շեշտեմ Մարդու իրավունքների պաշտպանի՝ Արման Թաթոյանի կարևոր դերը ու շարունակական ներգրավվածությունը: Այդ բոլոր նյութերի հետ կապված համապատասխան զեկույցներ են կազմվում անմիջապես և ուղարկվում միջազգային կառույցների: Բնականաբար, սա ապահովում է խնդրի իրավական կողմը, բայց նաև կարևոր հիմք է քաղաքական քննարկումներ ծավալելու համար:
-Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ասուլիսի ժամանակ նշեց, որ պետք է պատրաստվել պատերազմի, ոչ թե քննարկել բանակցությունների թեման: Սա ի՞նչ է ենթադրում, բանակցությունները փակուղո՞ւմ են:
– Ադրբեջանական կողմն է միշտ փորձում ներկայացնել, որ բանակցությունները փակուղում են: Բանակցությունները փակուղում չեն, առնվազն դրանք փակուղում չեն ձևաչափի և գործընթացների առումով: Այո, Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշումը, ժամանակ առ ժամանակ սադրանքները ստեղծում են նման իրավիճակ: Սակայն հայկական կողմերը միշտ հավատարիմ են խաղաղ բանակցային գործընթացին, դրա հետ մեկտեղ՝ չբացառելով Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական էսկալացիային համաչափ տրվող արձագանքի անհրաժեշտությունը: Սովորաբար ասում են՝ խաղաղության գինն ամենաշատը գիտակցում են պատերազմը տեսածները, և հայ ժողովուրդը հենց նման փորձառությունից ելնելով է միշտ պատրաստ հակառակորդի հնարավոր սադրանքին: Իհարկե, մենք հավատարիմ ենք մնում խաղաղ գործընթացին, ավելին՝ միշտ կարևոր քննարկումների համար համապատասխան առաջարկներ ենք ներկայացնում, և սա ևս մեկ անգամ հաստատում է մեր շահագրգռվածությունը: