Դիվանագիտական աշխատանքներում ակտիվորեն ներգրավված էր ՀՀ ԱԺ-ն՝ խորհրդարանական դիվանագիտության պլատֆորմներով. Կոնջորյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր ԱԺ պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Տաթև Հայրապետյանը և Սոս Ավետիսյանն ամփոփեցին հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների համատեքստում հայաստանյան խորհրդարանական դիվանագիտության ներկայացուցիչների կատարած աշխատանքները:

«Օրեր առաջ Ադրբեջանի կողմից ՀՀ պետական սահմանների նկատմամբ ռազմական ագրեսիայից հետո ՀՀ Զինված ուժերը պատշաճ կերպով պատասխանեցին և կատարեցին իրենց առջև դրված խնդիրները, և բացի ռազմական ճակատում ընթացող գործընթացներից՝ դիվանագիտական աշխատանքներում ակտիվորեն ներգրավված էր նաև ՀՀ ԱԺ-ն՝ խորհրդարանական դիվանագիտության պլատֆորմներով»,- նշեց Հայկ Կոնջորյանը:

Տաթև Հայրապետյանն էլ նկատեց, որ ադրբեջանական ագրեսիայի սանձազերծման առաջին պահից խորհրդարանը սկսել է իր դիվանագիտական աշխատանքները. «Մենք մեր խողովակներով սկսեցինք գործի անցնել՝ տարբեր երկրների խորհրդարանական գործընկերներին արագորեն ներկայացնելով, թե ինչ է կատարվում տարածաշրջանում»:

Պատգամավորը հավելեց, որ աշխատանքներին խոչընդոտել է գլոբալ համավարակային վիճակը. «Համավարակային նյուզֆիդի շրջանակներում շատ դժվար էր տեղեկացնել, որ Հարավային Կովկասում ՀՀ պետական սահմանի նկատմամբ ագրեսիա է սկսվել»:

Այդուհանդերձ, Տ. Հայրապետյանը նշեց, որ պետական տարբեր մակարդակներով աշխատանքներ են տարվել միջազգային տարբեր ուղղություններով՝ ԱՄՆ, ՌԴ, Եվրոպա.

«Ըստ էության, տարբեր ուղղություններով աշխատանքներ տարվեցին՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ՌԴ և եվրոպական գործընկերների հետ: Եվ դա կարելի է մի քանի շերտերի բաժանել՝ այն, ինչ գործադիրի, նախարարի մակարդակով էր արվում, և միևնույն ժամանակ՝ անհատական և համակարգային մակարդակով արվեց հենց ԱԺ-ի ներսում, և ոչ միայն «Իմ քայլը» խմբակցությունը, այլ նաև ընդդիմադիր խմբակցություններն էին շատ ակտիվ այդ գործում. շատ կարևոր էր այդ բարդ իրավիճակում միասնական ճակատով հանդես գալը»:

Սոս Ավետիսյանը կարևորեց խորհրդարանական բարեկամական խմբերի մոբիլիզացիան. «Այստեղ նաև խորհրդարանի դերը, որպես ավելի անկաշկանդ մարմնի, շատ կարևոր է, որովհետև Ուկրաինայի պարագայում մենք տեսանք, փոխնախարարն էր կարծեմ, հայտարարություն արեց և արդեն բարեկամական խմբի երկու պատգամավորներ իրենց հայտարարությամբ հակառակվեցին:

Ու շատ կարևոր է հենց խորհրդարանի այս դերը, որովհետև խորհրդարանականները, որպես կանոն, կաշկանդված չեն օրվա իշխանությունների այսօրեական լուծումներով, ու կարևոր է ցույց տալ, որ միատարր չեն այն երկրները, ովքեր դատապարտում են, և միատարր չեն այն երկրները, ովքեր սատարում են: Այստեղ աշխատանք անելը կարևոր է»:

Անդրադառնալով հետագա քայլերին՝ պատգամավորը հավելեց. «Դա նաև այս ամբողջ եղած փաթեթը՝ նույն Մեծամորի նկատմամբ սպառնալիքը, ծիրանը (օրինակ՝ հետաքրքիր բրենդավորում էր գնում՝ արդեն ծիրանը՝ որպես «ծիրանային դիվանագիտություն»)… այդ ամեն ինչը տանել առաջ, որովհետև դա չպետք է սառի թեկուզ պանդեմիայի պարագայում, ու ունենալ դրա փաստաթղթավորումը և բոլոր հնարավոր խորհրդարանական հարթակներով այս հարցերը բարձրացնել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս