Համաշխարհային տնտեսությունը ճգնաժամից կապաքինվի 10 տարի անց
Զարգացած երկրները դեռևս չեն մտել «կորսված տասնամյակ»՝ Ճապոնիայի օրինակով, սակայն ճգնաժամը վերջնականապես հաղթահարելու համար նրանցից կպահանջվի 6 տարի։ Իսկ համաշխարհային տնտեսությունից՝ ավելի շատ՝ 10 տարի։
Նման տեսակետ է հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի ավագ տնտեսագետ Օլիվյե Բլանշերը։
Նշենք, որ ճապոնական տնտեսությունը երկարատև ռեցեսիայի փուլ մտավ 1991թ., երբ ֆոնդային բորսայում պայթեց «օճառային պղպջակը»։ Տնտեսագետների շրջանում տարածված է «կորսված տասնամյակ» արտահայտությունը, որը վերաբերում է Ճապոնիայի տնտեսությանը 1991-2000թթ.։ Սակայն այժմ այդ արտահայտությանը սկսել է փոխարինել «կորսված 20-ամյակը», քանի որ նոր հազարամյակը որակական փոփոխություններ չբերեց Ճապոնիայի տնտեսությանը։ Այն շարունակում էր նվազել կամ աճել՝ շատ ցածր տեմպերով։
Բլանշերը նաև նշել է, որ եվրոյի գոտու հզորագույն տնտեսությունները (առաջին հերթին՝ Գերմանիան) ստիպված կլինեն հարմարվել գնաճի տեմպի արագացման հետ, որպեսզի բարելավեն տնտեսության վիճակը։ Միևնույն ժամանակ, տնտեսագետը հավաստիացրել է, որ դա սկիզբ չի դնի հիպերինֆլյացիայի, քանի որ Եվրոպական Կենտրոնական բանկը կապահովի գների կայունությունը։