«Հայաստանը և Արցախն անվտանգային ընդհանուր տարածք են, և այս առումով մեր անելիքները, մարտահրավերներն ակնհայտ են և բացահայտ». Նիկոլ Փաշինյան
Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը:
«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, շատ ուրախ եմ Ձեզ ողջունել: Սա Ձեր պաշտոնամուտից և ընտրվելուց հետո առաջին պաշտոնական հանդիպումն է Երևանում: Այսօր մենք նշում ենք մեր ժողովրդի տարած ամենափառապանծ հաղթանակներից մեկը՝ Սարդարապատի հերոսամարտի օրը, Հանրապետության օրը, որն իր մեջ ունի շատ մեծ խորհրդանիշ՝ ցույց է տալիս, թե առաջնորդներն ինչպես կարող են փոխել երկրի և ժողովրդի ճակատագիրը:
Այս օրը շատ մեծ ուղերձ ունի և խորհրդանշական է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում, Երևանում մեր պաշտոնական առաջին հանդիպումը հենց այս օրն ենք անցկացնում: Կարծում եմ, որ իսկապես ընտրություններից հետո ստեղծվել են բոլոր նախադրյալները, որպեսզի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունները, իշխանությունները ռազմավարական, երկարաժամկետ ծրագրերի իրագործման փուլ անցնեն: Եվ, իհարկե, այստեղ մեր ռազմավարությունները և ծրագրերը պետք է հնարավորինս համադրվեն, որպեսզի սիներգիայի էֆեկտն ավելի մեծ լինի:
Մենք այս ընթացքում քննարկել ենք, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում, արտադրության ոլորտում, տեխնոլոգիաների ոլորտում մեր ընդհանուր գործերը կազմակերպելու հետ կապված բազմաթիվ հարցեր: Ինչ վերաբերում է անվտանգությանը՝ Հայաստանը և Արցախն անվտանգային ընդհանուր տարածք են, և այս առումով մեր անելիքները, մարտահրավերներն ակնհայտ են և բացահայտ: Համոզված եմ, որ մենք կկարողանանք համագործակցված դիմակայել մարտահրավերներին, կառավարել այդ մարտահրավերները և մեր հայրենիքը դուրս բերել ռազմավարական, երկարատև և կայուն զարգացման ուղի»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Իր հերթին, նախագահ Հարությունյանը նշել է. «Շնորհակալություն պարոն վարչապետ, օգտվելով առիթից, միանում եմ այն բոլոր շնորհավորանքներին, որոնք այսօր հնչել են: Պատահական օր չէ, պատմական օր է այսօր, պարտավորեցնող օր է, և այո, ինչպես Դուք նշեցիք, կարևորն է այն գիտակցությունը, որ առաջնորդներից շատ բան է կախված: Մանավանդ այսօր, ներդաշնակ աշխատանքն ավելի էֆեկտիվություն է տալու մեր հարենիքի, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զարգացմանը: Ուզում եմ հայտնել պատրաստակամությունս՝ այս կարևոր, վճռական, պատմական փուլում Ձեզ հետ միասին կիսելու մեր երկրի առաջ ստանձնած կարևոր պարտավորությունները:
Ինտեգրման խորացումն ինձ համար՝ որպես երկրի ընտրված նախագահի, լինելու է գլխավոր թեմաներից մեկը և պատահական չէ, որ մտածում ենք առանձին՝ ինտեգրման կոմիտեի տեսքով ստորաբաժանում ունենալու մասին: Արդեն իմ հրամանագրով նախանշվել է, որ այն ստեղծվի:
Անվտանգության առումով, ինչպես Դուք նշեցիք, ունենք ավելի կարևոր համագործակցություն պաշտպանության բանակում, բայց մենք ունենք խնդիրներ անվտանգային մնացած ուղղություններով, որտեղ համատեղ աշխատանքը ևս կարևոր է:
Իսկ տնտեսությունն այլընտրանք չունի: Մենք նույն տնտեսական դաշտում նույն տնտեսական քաղաքականությունն իրականացնելով, հաշվի առնելով նաև Արցախի առանձնահատկությունները, Արցախի նկատմամբ հատուկ ուշադրությունը, գտնում ենք, որ ավելի մեծ տեմպեր մենք կարող ենք ունենալ: Նաև, անկեղծ ասած, պարոն վարչապետ, ակնկալում եմ անմիջապես Ձեր աջակցությունը պահպանելու նույն տեմպը, ինչպես վերջին տարիներին եղել է Ձեր ղեկավարման ընթացքում, որպեսզի առաջիկայում տեսնենք Արցախի շենացման, զարգացման ավելի ցայտուն օրինակներ: Տեսնում եմ Արցախն օր առաջ փոխելու, զարգացնելու և որպես հայության համար կարևոր բնօրրան ներկայանալու հնարավորությունը: Ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել այս պատմական օրը Ձեր ընդունելության համար»:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արցախի կառավարությունների միջև հետագա համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: