Ռուսաստանի «մերժումը» Հայաստանին տրամաբանակա՞ն էր

Օրերս տեսակապի միջոցով անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անուղղակիորեն մերժեց Հայաստանի և Բելառուսի՝ գազի սակագներն իջեցնելու վերաբերյալ պահանջները։ ՌԴ նախագահը կարծիք հայտնեց, որ ԵԱՏՄ-ում գազի գնի միասնական բանաձևի կիրառման համար անհրաժեշտ է ինտեգրման մակարդակ, որն այսօր դեռ չկա:

Նրա խոսքով` Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում գազի գնի ձևավորման ԵԱՏՄ երկրների ընդհանուր բանաձևը։

«Նախագիծը հիմնականում համաձայնեցված է՝ բացառությամբ մեկ կետի, որը վերաբերում է գազի փոխադրման սակագներին, կա բանաձև, որին աջակցում են երեք երկրներ` Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը: Դրա էությունն այն է, որ գազի գնագոյացման մոտեցումները կարելի է որոշել ավելի ուշ` «ԵվրԱզԵս»-ի գազի ընդհանուր շուկայի ձևավորման շուրջ բանակցություններում: Այդ բանաձևը դեռևս չեն ընդունում մեր հայ և բելառուս գործընկերները»,- նշել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահը հավելել է, որ, եթե Մինսկն ու Երևանը կարողանային համաձայնել այս բանաձևին, ապա ռազմավարության հաստատման ճանապարհին այլ խոչընդոտներ չէին մնա: Միևնույն ժամանակ՝ Պուտինն ընդգծեց. «Եթե Հայաստանն ու Բելառուսը չփոխեն գազի սակագների ձևավորման վերաբերյալ դիրքորոշումը, ապա տրամաբանական կլինի բացառել այդ կետը ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագծից»։

168am-ի հետ զրույցում ռուս տնտեսագետ Անդրեյ Սուզդալցևի գնահատմամբ՝ առանձին-առանձին վերցրած և օբյեկտիվորեն կարելի է հասկանալ այս թեմայում միախառնված բոլոր կողմերի դրդապատճառները։ Ըստ նրա՝ բոլոր կողմերն էլ ցանկանում են վնասներ չկրել։

«Սա առավել սուր է արտահայտվում այս անկանխատեսելի ժամանակաշրջանում, երբ կա տնտեսական և էներգետիկ շուկայի ճգնաժամ, էներգակիրների գնանկում, որը գայթակղիչ է նաև ԵԱՏՄ անդամ երկրների համար։ Բնականաբար, Ռուսաստանը, որը մատակարար է, ակնկալում է շուկայի կայունացում, և սա որակում է, ընդհանուր առմամբ, որպես ժամանակավոր կամ անցողիկ երևույթ՝ փորձելով հարմարվել նոր իրողություններին, հետևել հնարավոր զարգացումներին այդ շուկայում։ Սա հարաբերությունների մի համակարգ է, Ռուսաստանի համար հիմնական շուկան է։ Մյուս համակարգն էլ ԵԱՏՄ-ն է, այդ շուկայում ՌԴ քաղաքականությունը, որը Ռուսաստանը տեղավորել է որոշակի պլանի շրջանակում, և ցանկացած շեղում այդ պլանից հավելյալ ծանրաբեռնվածություն է ներկայումս Ռուսաստանի համար: Այսինքն՝ գնի վերանայում ոչ պլանային՝ այն դեպքում, երբ այդ հարցը ծրագրված էր լուծել այլ շրջանակներում։ Ռուսաստանի այս պահվածքն ունի տնտեսական և քաղաքական պատճառներ՝ տնտեսական առումով ՌԴ-ն նպատակահարմար չի համարում վերանայել գներն անկայուն ժամանակահատվածում, քանի որ ակնկալում է, որ շուկան կայունանալու է, և այս պահին վերանայումը նպատակահարմար չէ, կապ ունի նաև այն հանգամանքը, որ այս երկրները ԵԱՏՄ անդամներ են, որոնց հետ կան քաղաքական և տնտեսական երկարաժամկետ այլ նախագծեր։ Քաղաքական պատճառների հիմքում էլ այս հարցում անհամաձայնություններն են, տարաձայնությունները»,- ասաց տնտեսական վերլուծաբանը։

Նրա խոսքով՝ ավելի տրամաբանական է նման հարցերի անդրադառնալ ճգնաժամերից հետո՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, թե ինչպիսին է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակը նաև ԵԱՏՄ տարածքում, այդ թվում՝ Ռուսաստանում։

Ըստ նրա՝ ԵԱՏՄ անդամ երկրները հասկանում են, որ ընդհանուր շուկայի ձևավորումը կարող է երկարաձգվել և կապված լինել շատ խնդրահարույց հարցերի հետ, հենց այդ պատճառով թեման բարձրացվում է այս փուլում, երբ աշխարհում կա էներգակիրների գնանկում։ «Կարծում եմ՝ նմանատիպ խնդիրները նաև անխուսափելի են, քանի որ հասկանալի է՝ յուրաքանչյուր երկիր հետապնդում է իր շահը, բայց Ռուսաստանի արձագանքը ևս անակնկալ չի եղել որևէ մեկի համար։ Ուստի, եթե այս պատասխանը չի գոհացնում, պետք է բանակցել և շուտ հասնել ընդհանուր շուկայի ձևավորման ու խորն ինտեգրացիայի»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս