
ՆԱՏՕ-ն, անհրաժեշտության դեպքում, կարող է խոցել իր տարածքը հատած ռուսական ինքնաթիռները. Մարկ Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Fox News-ի հետ զրույցում հայտարարել է, որ դաշինքը կկասեցնի անդամ պետությունների օդային տարածքը խախտող ռուսական ինքնաթիռների թռիչքը, սակայն կխոցի դրանք միայն այն դեպքում, եթե դրանք ուղղակի սպառնալիք ներկայացնեն։
«Անհրաժեշտության դեպքում՝ ՆԱՏՕ-ն կարող է խոցել այդ ինքնաթիռները, եթե դրանք սպառնալիք են ներկայացնում։ Եթե դրանք սպառնալիք չեն ներկայացնում, դրանց թռիչքը կկասեցվի: Ինքնաթիռները զգուշորեն կուղեկցվեն ՆԱՏՕ-ի օդային տարածքից դուրս»,- նշել է նա։
Ռյուտեն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Օվալաձև սենյակում իր հանդիպման ընթացքում վերահաստատել է, որ, իր կարծիքով, Թրամփի վարչակազմը ճիշտ մոտեցում է ցուցաբերում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու իր փորձերում:
«Մենք կարող ենք համատեղ ուժերով փոխել Վլադիմիր Պուտինի հաշվարկները»,- նշել է Ռյուտեն՝ հավելելով, որ հավատում է, որ Թրամփը կպահպանի իր խոստումը՝ վերջ դնելու սպանություններին։
«Նա իսկապես խաղաղարար է: Նա ուզում է վերջ դնել այս պատերազմին»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: