
Թրամփը հրաժարվել է Tomahawk հրթիռներ տրամադրել Ուկրաինային

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Ուկրաինային Tomahawk հրթիռներ մատակարարելու հնարավորության վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ ինքն արձակել այդ հրթիռները Ռուսաստանի ուղղությամբ, իսկ ուկրաինացի զինվորականներին սովորեցնելու համար շատ ժամանակ կպահանջվի։
«Tomahawk-ի հետ կապված խնդիրն այն է, իսկ դրա մասին շատերը չգիտեն, որ առնվազն կես, իսկ սովորաբար՝ մեկ տարի կպահանջվի սովորելու համար, թե ինչպես դրանք օգտագործել, քանի որ դրանք շատ բարդ են», – Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Թրամփը։
«Ուստի միակ տարբերակը, որ Tomahawk հրթիռ կարձակվի, այն դեպքում կլինի, եթե մենք դա անենք, բայց մենք չենք պատրաստվում դա անել»,- ընդգծել է ԱՄՆ-ի նախագահը՝ հավելելով, որ չեն պատրաստվում սովորեցնել ուրիշներին ամերիկյան այդ հրթիռների արձակման ձևերը։
Տարբեր փորձագետներ հայտնում են, որ Միացյալ Նահանգներն ունի ավելի քան 1,000 Tomahawks հրթիռ, որոնք ավելի քան 2000 կիլոմետր հեռահարություն ունեն։