ԱՄՆ Սենատը չի ընդունել կառավարության ֆինանսավորման հանրապետականների ​​օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հոկտեմբերի 22-ին վերջին շաբաթների ընթացքում արդեն 12-րդ անգամ մերժեց հանրապետականների կողմից ներկայացված օրինագիծը, որն ուղղված էր դաշնային կառավարության ֆինանսավորման ապահովմանը, որն այժմ մասնակիորեն դադարեցված է։

Հանրապետականների կողմից մշակված և ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի կողմից հավանության արժանացած փաստաթղթին կողմ է քվեարկել Կոնգրեսի վերին պալատի 54 անդամ, դեմ է արտահայտվել 46-ը: Օրինագծի հաստատման համար անհրաժեշտ է սենատորների 60 ձայն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ վստահություն էր հայտնել, որ Կոնգրեսում դեմոկրատները շուտով հավանություն կտան օրինագծին։ Կառավարության ֆինանսավորումը շարունակելու մասին դեմոկրատների ներկայացրած օրինագիծը Սենատն ավելի վաղ նույնպես առնվազն յոթ անգամ մերժել է։

ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումն սկսվել է հոկտեմբերի 1-ից։ Կառավարող Հանրապետական ​​և ընդդիմադիր Դեմոկրատական ​​կուսակցությունների ներկայացուցիչները Կոնգրեսում չեն կարողացել համաձայնության գալ ծախսերի մի շարք հոդվածների, այդ թվում՝ առողջապահության ոլորտի ծախսերի վերաբերյալ։

Դեմոկրատներն ու հանրապետականները միմյանց մեղադրում են շաթդաունի հրահրման և քաղաքական նպատակներով դրա ձգձգման մեջ։

1977 թվականից ի վեր դաշնային կառավարության ֆինանսավորումն ընդհատվել է ավելի քան 20 անգամ՝ վարչակազմի և Կոնգրեսի միջև տարաձայնությունների պատճառով։ Ամենաերկարատև շրջանը կազմել է 35 օր՝ 2018 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2019 թվականի հունվարի 25-ը:

Տեսանյութեր

Լրահոս