«Չեմ կարծում, որ եվրոպական այս կառույցները միանշանակ իրենց «դաբրոն» կտան». Քաղտեխնոլոգ

Մայիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանի և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողով դիմելու հարցին:

«Հիմա տեսեք, կորոնավիրուսի հետ կապված ես մոտավորապես 10 օր առաջ հայտարարեցի, որ մեր կանխատեսումն այն է, որ առնվազն մեկ տարի այդ համաճարակը ներկա է լինելու մեր իրականության մեջ, ինչը նշանակում է, որ առնվազն մեկ տարի մենք հանրաքվե չենք կարողանալու անել: Մյուս կողմից՝ մենք չենք կարող սպասել ՍԴ-ի իրավիճակի լուծմանը՝ մինչև կորոնավիրուսի համաճարակն ավարտվի: Եթե պետք է սպասենք, էհ, հեն ա, մենք Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորել, էդ համատեքստում կլուծենք, որը մյուս տարի հունիսին կարող է դրվել հանրաքվեի: Այսինքն՝ մի տեսակ էդ պրոցեսն անիմաստ է դառնում, մենք մտածում էինք՝ այս տարի էս հանրաքվեն անենք, հետո 2023 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ կանենք էն մյուսը: Սակայն համաճարակի բերած փոփոխություններով էդ ժամանակացույցը չի ստացվում: Հետևաբար՝ դիմել ենք Վենետիկի հանձնաժողով, և այո, քննարկվում է առնվազն ՍԴ-ի հարցը որևէ բանաձևով մասնակի կամ ամբողջական խորհրդարանում լուծելու հարցը»,- ասել էր վարչապետը:

168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադառնալով վարչապետի այս հայտարարությանը՝ նշեց, որ առանց այդ ասուլիսի էլ իր համար ակնհայտ էր, որ իշխանություններն արդեն սթափ գնահատելով իրավիճակը, նաև գնահատելով երկրում հնարավոր զարգացումները, այդ թվում՝ իրենց վարկանիշի անկումը, չեն կարողանալու հանրաքվեով հաջողության հասնել:

«Այս ամենը հաշվի առնելով, իշխանություններն ամեն կերպ ձգտում են հանրաքվեի անցկացման հետաձգման: Այս պահին բնական է, որ չեն կարող հանրաքվե անել, քանի որ երկրում արտակարգ դրություն է, սակայն հասկանում են, որ մի օր արտակարգ դրությունը վերացվելու է և պետք է որոշում կայացեն: Կարծում եմ՝ հանրաքվեն հաջողությամբ անցկացնելու համար նույնիսկ վարչական ռեսուրսը չի կարող օգնել և, ըստ իս, սա նաև իշխանություններն են լավ հասկանում»,- ասաց Վիգեն Հակոբյանը:

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ հավանաբար իշխանությունները հանրաքվե անցկացնելու գաղափարից հրաժարվելու վերաբերյալ արդեն քաղաքական որոշում կայացրել են, չնայած ամեն կերպ ձգտում են ազատվել ՍԴ նախագահից, ուստի եվրոպացիների հետ փորձում են լեզու գտնել և հույս ունեն, որ կգան կոմպրոմիսային լուծման:

«Չեմ կարծում, որ եվրոպական այս կառույցները միանշանակ իրենց «դաբրոն» կտան, որպեսզի ՍԴ-ի հարցը լուծեն խորհրդարանի միջոցով: Հնարավոր է՝ փորձեն ինչ-որ հիբրիդային, կոմպրոմիսային տարբերակներ, և այլն, բայց միայն այն փորձը, որ այսօր իշխանությունը դիմում է Վենետիկի հանձնաժողովին, ցույց է տալիս, որ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ հանրաքվեի եղանակով իրենց համար դրական արդյունքի տեսանելի ապագայում անհնարին է հասնել: Նույնիսկ մինչ այս, մարտ ամիսն էլ շատ կասկածելի էր, որ դրական արդյունքի կհասնեն, բայց այսօր հասարակության մոտ տրամադրություններն այնպես են փոխվել, որ իրենց դարդ ու ցավը ՍԴ-ն ու Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու խնդիրը չէ: Այսօր այնքան խնդիրներ կան, որ այդ թեման մարդկանց առանձնապես չի հետաքրքրում»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս