«Արդյունավետ չի, բայց բողոքարկելու ենք». Սեդրակ Առուստամյանը կմնա կալանավորված

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին կալանավորելու  մասին առաջին ատյանի դատարանի ընդունած որոշման դեմ նրա շահերի պաշտպան Հովիկ Սուքիասյանի ներկայացրած բողոքը:

168.am-ի հետ զրույցում Հ. Սուքիասյանն ասաց, որ դատարանը գտել է, որ Սեդրակ Առուստամյանը պետք է մնա կալանքի տակ:

«Արդյունավետ չի, բայց բողոքարկելու ենք»,- ասաց Հովիկ Սուքիասյանը՝ ի պատասխան մեր հարցին, թե պատրաստվո՞ւմ են արդյոք որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում:

Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել էր 2020 թվականի ապրիլի 23-ին՝ հարցաքննության վայրից: Երկու օր անց՝ ապրիլի 25-ին, դատարանը բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը, և Ս. Առուստամյանը երկու ամսով կալանավորվել էր:

Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում փաստաբան Հովիկ Սուքիասյանն ասել էր, որ Սեդրակ Առուստամյանը մեղադրվում  է մոտ 20 մլն դոլար կաշառք տալու համար:

«Մեղադրանքը հանգում է հետևյալին, որ սրանից 9-10 տարի առաջ՝ 2009-2011 թվականների ընթացքում, տոկոսով փոխառությամբ գումար է տվել երկու անձանց, տարեկան 4%-ով,  բավականին խոշոր գումար է, ու ասում են՝ «քեզ մեղադրում ենք, որ դու այդ տոկոսով գումարները չես ստացել և այդ գումարը դու կաշառք ես տվել»: Բայց այդ պայմանագրերի ժամկետները երկարացված են երկու անգամ, գործող պայմանագրեր են, իրավական արժեք ունեն, իրավական հետևանք ունեն սրանք»,- ասել էր փաստաբանը:

Նշենք նաև, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ այս գործն առնչություն ունի ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ, իսկ գումարն Առուստամյանից Խաչատրյանին փոխանցվել է վերջինի որդիների միջոցով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել ևս երկու քրեական գործով:

ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 8-ին տեղեկացրել էր, որ մեղադրանք է առաջադրվել «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրենին՝ Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու ընթացքում օրենսդրության պահանջները չպահպանելու դեպքով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին։

ՀՔԾ-ում քննվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությանն առնչվող քրեական գործի շրջանակում 2019-ի սեպտեմբերի 19-ին մեղադրանք էր առաջադրվել Սեդրակ Առուստամյանին և նրան կալանավորելու որոշում էր կայացվել։ Սակայն սեպտեմբերի 22-ին Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: «Մուլտի Գրուպ»-ի տնօրենին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափով փողերի լվացման, ֆինանսական բուրգ ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաև՝ հարկային պարտավորություններից խուսափելու համար։

Տեսանյութեր

Լրահոս